«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#98, 2003-05-23 | #99, 2003-05-27 | #100, 2003-05-28


ՀՀԿ-Ն ԵՎ ՀՅԴ-Ն ՔԱՂՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԻՍԿ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ «ՊՏՈՒՂՆԵՐԸ»

Ինչ խորհրդարան ենք ունենալու

Խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները վկայում են, որ այնուամենայնիվ անակնկալներ չեղան, գրանցվեց այն պատկերը, որը մոտավորապես գծագրվում էր անգամ ընտրարշավի նախօրյակին։ Միակ անակնկալը ՀՌԱԿ¬ի չընդգըրկվելն էր խորհրդարանում, ինչպես նաեւ ՄԱԿ¬ի սպրդվելը։ Ըստ էության քաղաքական ուժերը հենց այդպես էլ պատկերացնում էին ապագա խորհրդարանի կազմը։ Հենց ընտրությունների օրը հանրապետության նախագահը հստակ հայտարարեց, որ ապագա կառավարությունը կկազմվի կոալիցիոն եղանակով, այսինքն ընտրությունների արդյունքներով խորհրդարանական բացարձակ մեծամասնություն չի կազմվի։ Այդպես էլ եղավ։ Վարչական ռեսուրսներով եւ ուժային գերատեսչությունների ռեսուրսների հաշվին գլխավորապես Հանրապետական կուսակցությանը «հաջողվեց» մյուսների համեմատությամբ առավել քվեներ ապահովել։ Բնականաբար կառավարություն կազմելու ժամանակ առյուծի բաժինը դարձյալ բաժին կհասնի ՀՀԿ-ին։

Միակ տարբերությունը, որն ըստ ամենայնի կստիպի նախագահին որոշակիորեն փոխել կառավարության պորտֆելների բաշխման տրամաբանությունը, կապված է «Օրինաց երկիր» կուսակցությանՙ խորհրդարանում ներկայացվածության մակարդակի հետ։ Ոչ ՀՀԿ-ն եւ ոչ էլ ՀՅԴ-ն, որոնք հավակնում էին բաժանել խորհրդարանական մեծամասնության տեղերը, չէին սպասում, որ «Օրինաց երկիրը» նման հաջողություն կունենա։ Մինչդեռ վերջինիս նպատակային քարոզչական քաղաքականությունը եւ հանձնաժողովների անդամներգնելու գործելակերպը հատկապես մարզերում, գյուղական շրջաններում էապես անդրադարձավ քվեարկության արդյունքների վրա։ Խնդիրն այն է, որ ի տարբերություն մայրաքաղաքի, որտեղ ընտրության մասնակիցների թիվը բավականին փոքր էր սպասվածից, մարզերում գրեթե մեկուկես անգամ ավելի մասնակցության ցուցանիշ գրանցվեց, որի շնորհիվ «Օրինաց երկրին» հաջողվեց մայրաքաղաքում իր համեմատաբար ցածր վարկանիշը փոխհատուցել մարզերում։ Ըստ էության կարելի է ասել, որ այս ընտրությունները միայն «Օրինաց երկրի» համար էին, որը թերեւս իր նախանշած քվեների չափով ձայներ ստացավ։

Այս պատկերը, պետք է նշել, ստացվեց հենց ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի պատճառով։ Վերջիններս նախընտրական շրջանում ընկան լուրջ հակասությունների մեջ, որի հիմքում ընկած էին մեծամասնություն ձեւավորելու նրանց հավակնությունները։ Եթե սրան էլ ավելացնենք «Օրինաց երկրի» խիստ ագրեսիվ տրամադրվածությունը այս երկու ուժերի նկատմամբ, ապա սպասելի էր այն հակակշռումը, որի շնորհիվ հաջողվեց լայնածավալ ընտրախախտումներից զերծ մնալ։ Այդ հակակշռման վրա էին հույս դրել նաեւ ընդդիմությունը ներկայացնող քաղաքական ուժերը, որոնցից «Արդարություն» դաշինքը նույնիսկ նախընտրական շրջանում հրաժարվել էր իր ագրեսիվ ավանդական պայքարի մեթոդներից։ Մի քանի անգամ դաշինքում ընդգրկված ուժերից ոմանք ամենատարբեր առիթներով հայտարարել են, թե այդ փոխադարձ վերահսկողությունը եւ ԵԱՀԿ ակնդետ ուշադրությունը ռեալ երաշխիքներ ենՙ ապահովելու համեմատաբար արդար ընտրություններ։ «Արդարությունը» խորհրդարանում պատկառելի ներկայություն կունենա։ Որպես ընդդիմություն, իհարկե, կառավարության մաս չի կազմի։ Սակայն հիանալի հնարավորություն կունենա բարձրացնելու արդեն իսկ ծրագրած հարցադրումները։ Սակայն որքանով դրանք նպատակային կլինեն, դժվար է ասել։ Բանն այն է, որ դաշինքում ընդգրկված մի շարք ուժեր ի սկզբանե դաշինքը դիտարկում էին որպես խորհրդարան տանող միակ իրատեսական հնարավորություն։ Չունենալով իմփիչմենթի մասին ընդհանուր կարծիք, առավել եւս չունենալով գաղափարական, սկզբունքային ընդհանուր ենթահող, շատ հավանական է, որ դաշինքը խորհրդարանում մասերի բաժանվի, ինչպես եղավ «Միասնություն» դաշինքի հետ։

Սակայն բոլոր դեպքերում «Արդարությունը» խորհրդարանում կլինի միակ մաքուր ընդդիմությունը, եւ երկրում ուժեղ ընդդիմություն ունենալ-չունենալու հարցը հիմնականում կախված է հենց «Արդարությունից»։ Մյուսՙ այսպես կոչված ընդդիմադիր ուժըՙ «Ազգային միաբանությունը», այլեւս այդպիսին չի ընկալվում։ Դա նկատելի էր դեռ քարոզարշավի ժամանակ, եւ այս տեսակետից միանգամայն բնական է նկատել Արտաշես Գեղամյան գործչի եւ նրա ղեկավարած «Ազգային միաբանություն» կուսակցության վարկանիշի հետեւողական անկումը։ Գեղամյանով հիացող ընտրողների ոչ սակավ հանրույթը հիասթափվեց իր առաջնորդից։ Գեղամյանը ստիպված կլինի որոշելՙ վերջապես որ ճամբարն է նախընտրում։ Եթե նկատի առնենք այս ուժի վաղեմի հավակնությունները գործադիր լծակներ ձեռք գցելու առումով, ապա կարելի է ենթադրել, թե իր ընտրողներին հիասթափեցրած Ա. Գեղամյանը ո՛ր ուղղությունը, թեկուզ թաքնված, կնախընտրի։ Իսկ մեծամասնության դերակատարման հավակնող ուժերի համար «Ազգային միաբանությունը», ինչ խոսք, համեղ պատառ է։

Խորհրդարան է գալիս նաեւ մի փողատեր մարդ կուսակցությունՙ «Միավորված աշխատանքային կուսակցություն» անվամբ, որի ռեսուրսները ԱԺ-ում այնքան քիչ են, որ հազիվ թե հետաքրքրի խոշորներին կառավարության կազմը որոշելիս։ Նրանց ըստ էության այս պահին դա այդքան էլ չի հետաքրքրում։ Նրանք մի խնդիր ունենՙ ակտիվ մասնակցություն ունենալ օրենսդիր գործունեության ընթացքումՙ առաջիկա չորս տարիները ցատկահարթակ դարձնելով իրենց համար։ Ի վերջո «Օրինաց երկրի» փորձը դա է ցույց տալիս։

Սակայն այս ամենի մեջ առավել հետաքրքրականը ընտրակեղծիքների շարունակման հանգամանքն է։ Դրանց առկայությունը, այն էլ ծայրահեղ դրսեւորումներով, վկայում է, որ այնուամենայնիվ հասարակության ինչ-որ հատված լրջորեն մասնագիտացած է դրանցում եւ անգամ նման քաղաքական փոխադարձ հսկողության պայմաններում կարողանում է կատարել իր սեւ գործը։ Սա նշանակում է, որ հասարակության առաջ այդ հատվածին հայտնաբերելու եւ քաղաքական գործընթացներից չեզոքացնելու խնդիրը պետք է կենտրոնական դառնա։

ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4