«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#98, 2003-05-23 | #99, 2003-05-27 | #100, 2003-05-28


«ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԷԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ»

Արձանագրեց եւս մեկ դիտորդական առաքելություն

ԱՄՆ Ազգային ժողովրդավարական ինստիտուտն, ի թիվս միջազգային այլ կազմակերպությունների, դիտորդական առաքելություն է իրականացրել մեր երկրում մայիսի 25-ի ԱԺ ընտրությունների ու սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ընթացքում։

Առաքելության ղեկավարներից Պատրիկ Մերլոն երեկ հրավիրած մամլո ասուլիսում հայտարարեց, թե իրենց նախնական գնահատականով խորհրդարանական ընտրությունները չեն համապատասխանում ժողովրդավարության միջազգային չափանիշներին եւ չեն հաղթահարել ազատ եւ արդար ընտրությունների սահմանագիծը։

Պրն Մերլոն նշեց, թե չնայած նախընտրական շրջանը համեմատաբար խաղաղ անցավ, ընտրությունների օրը գրանցվեցին բռնության դեպքեր, մասնավորապես Շահումյան գյուղում։ Ամերիկյան կազմակերպության դիտորդների գնահատմամբ, այս ընտրությունների հատկանշական երեւույթներից են եղել ընտրակաշառքը, թաղային հեղինակությունների մասնակցությունը, նաեւ մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների մեկ երրորդի հրաժարումն ընտրապայքարից, «սա առնվազն զարմանալի է»։

Պատրիկ Մերլոն եւ նրա գործընկերները մի քանի օրինակներ բերեցին, որոնց ականատես են եղել։ Այսպես, ըստ նրանց, այլ կուսակցությունների ձայներ տված քվեաթերթիկները քվեների հաշվման ժամանակ դրվել են ՀՀԿ-ի քվեաթերթիկների կույտի մեջ, թիվ 9 ընտրատարածքի թիվ 186 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը թանաքոտել է ձեռքերը եւ անվավեր դարձրել մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների օգտին եղած քվեաթերթիկները, թիվ 3 ընտրատարածքի թիվ 0054 ընտրատեղամասում 300 զինծառայողներ, սպայի ուղեկցությամբ գալով քվեարկության, քվեախցերից դուրս են եկել չծալված քվեաթերթիկներով եւ ցույց տվել դրանք սպային։ Բոլորն էլ քվեարկել են ՀՀԿ-ի օգտին եւ այլն։

«Սրանք բացառիկ դեպքեր չեն եւ կրկնվել են շատ տեղամասերում», վստահեցրեց Պ. Մերլոն։ Նշելով, որ այս ընտրություններն, այնուամենայնիվ, փոքրիկ առաջընթաց գրանցեցին նախագահականի համեմատությամբ, պրն Մերլոն ասաց, թե միեւնույն է, սպասելիքները շատ ավելին էին, քան այն, ինչի ականատեսը եղան։ «Հայաստանն ունի բավարար ներուժ ժողովրդավարական ընտրություններ կազմակերպելու համար։ Ու եթե չկա տեղաշարժ այս ուղղությամբ, սա նշանակում է միայն մեկ բան, որ չկա քաղաքական կամք»։ Այդ քաղաքական կամքը, այլ բարեփոխումների շարքում, ըստ դիտորդական այս առաքելության, պիտի լուծի նաեւ երկրում անպատժելիության մթնոլորտի վերացման խնդիրը։

Գալով սահմանադրական բարեփոխումների հանրաքվեինՙ Պատրիկ Մերլոն նշեց, թե վերջինս չի համապատասխանում «ժողովրդավարական ընտրությունների գաղափարին», քանի որ հասարակությունն ընտրության է գնացել չիրազեկված։

ԼԻԼԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4