«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#98, 2003-05-23 | #99, 2003-05-27 | #100, 2003-05-28


ՈՒՄ ՀԵՌԱԽՈՍԱԶԱՆԳԻՑ ՀԵՏՈ ԹԻՎ 3 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏՎԵՑ

Երեկ «Կոնգրես» հյուրանոցում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ միջազգային գործերի ազգային ժողովրդավարական ինստիտուտի դիտորդական պատվիրակությունը տվեց իր նախնական եզրակացությունը, ուր ասվում է. «Չնայած վերջին երկու ամիսների ընտրական գործընթացի որոշ բնագավառներում արձանագրված բարելավումներին, Հայաստանում մայիսի 25-ին կայացած ընտրությունները եւ հանրաքվեն չկարողացան հաղթահարել ժողովրդավարական ընտրությունների սահմանագիծը։

ՀՀ ընտրական գործընթացները պատված են ցինիզմի, թերահավատության, հիասթափության ու վհատվածության մթնոլորտով, որի ապացույցներն են ընտրողների ցածր մասնակցությունը, անվստահությունը, ընտրական հանձնաժողովների կողմնակալությունը եւ այլն»։

Բազմաթիվ եւ բազմաբնույթ խախտումներ են արձանագրել դիտորդները, որոնք ամփոփված են մեկ փաստաթղթում։ Սակայն անդրադառնանք մեկ դեպքին միայնՙ ՄԱԺ-ի քաղաքական կուսակցությունների ծրագրերի տնօրեն Ալեք Ֆրիկը ներկա է եղել թիվ 3 ընտրատարածքային հանձնաժողովի վերահաշվարկմանը։ «Թիվ 3-ի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Ֆրունզիկ Վարդանյանը (ՀՅԴ կուսակցությունից) ցանկացել է միայն վերահաշվարկել մեծամասնական ընտրակարգով քվեաթերթիկները, երբ «Օրինաց երկրի» ներկայացուցիչը պահանջել է, որ համամասնականն էլ վերահաշվարկվի։ Նախագահը զանգահարել է մի քանի անձանց։ Քիչ անց նրան է զանգահարել մեկը, որից հետո նա անմիջապես գունատվել է, սկսել են ձեռքերը դողալ։ Նախագահը բոլոր անդամներին հավաքել է սեղանի շուրջն ու հայտնել իր հրաժարականի մասին, որից հետո անմիջապես նստել է իր մեքենան ու հեռացել։ Նրա հետեւից ընթացել են մի ջիպ եւ մի ոստիկանական մեքենա», պատմում էր Ալեք Ֆրիկը։ Իսկ թե հետո առանց նախագահի կամ նոր որոշում կայացնելու ինչպես են կազմվել արձանագրություններըՙ պարզ չէ։

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4