Երեկ «Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպությունը լրագրողներին ներկայացրեց 2003թ. մայիսի 25-ինՙ ՀՀ ԱԺ ընտրությունների օրը 700 ընտրատեղամասերում իրականացրած դիտորդական առաքելության նախնական արդյունքները։ Կազմակերպությունն արձանագրում է, որ ընտրությունների օրը քվեարկությունը եւ ձայների հաշվարկը ՏԸՀ-ների մեծ մասում, ի տարբերություն նախագահական ընտրությունների, ընթացել են համեմատաբար խաղաղ եւ հավասարակշռված մթնոլորտում։ Դիտորդների մեծ մասն արձանագրել է նաեւ ոստիկանության չեզոք վարքագիծը եւ ընտրությունների գործընթացին չմիջամտելն օրենքի սահմաններում։ Ցավոք, դրական միտումներն ուղեկցվել են մի շարք լուրջ իրավախախտումներով եւ բացթողումներով, որոնք հնարավորություն չեն ընձեռում կազմակերպությանը եզրակացնելու, որ ընտրություններն ընթացել են ժողովրդավարության չափանիշներին համապատասխան։ Մասնակիորեն, մի շարք տեղամասերում արձանագրվել են բաց քվեարկության, հանձնաժողովի կողմնակալ վերաբերմունքի, տեղամասերի դրսում բացահայտ քարոզչության, ընտրակաշառքների բաժանման, «կարուսել» քվեարկության եւ այլ դեպքեր։ «Վերոհիշյալ փաստերը ստվերում են, ասված է «Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպության նախնական հայտարարության մեջ, որ մեր արձանագրած դրական միտումները խաթարում են ընտրական գործընթացների անաղարտությունը եւ հարիր չեն ժողովրդավարական ընտրությունների ոգուն։ Ձայների հաշվարկման ժամանակ արձանագրվել են բազմաթիվ խախտումներՙ հանձնաժողովի պարտականությունները հստակ չեն բաշխվել, վիճակահանությունը չի ընթացել սահմանված կարգով, եղել են բազմաթիվ բաց քվեարկության դեպքեր, քվեարկությունը կատարվել է ՏԸՀ տեղակայման վայրին հարող սենյակում, կամ էլ մեկ սրահում միաժամանակ տեղակայված են եղել երեք ընտրական տեղամաս։ Եղել են դեպքեր, երբ հանձնաժողովի նախագահը, անդամները 40 րոպեից 1 ժամ ուշացումով են ներկայացել տեղամասեր։ Գրանցվել են բազմաթիվ դեպքեր, երբ ստորագրել են ուրիշների փոխարեն, անգամ առանց անձնագրի։ Իսկ թիվ 8 ընտրատարածքի 0177, 0178 տեղամասերում, ժ.13։00-ի սահմաններում, քվեարկելու պատրվակով ներկայացած մի անհայտ կին գողացել եւ տեղամասից անօրինաբար դուրս է տարել 10 մեծամասնական ընտրակարգի քվեաթերթիկներ։ Բազմաթիվ են եղել կրկնակի քվեարկության փորձերը, քվեատուփերը լցնելու դեպքերը։ Իսկ Աջափնյակի թիվ 0186/9-ում ՏԸՀ նախագահը ձայների հաշվարկի ժամանակ մատների արանքում գաղտնի պահած գրիչով նշումներ է կատարել վավեր քվեաթերթիկների վրա եւ համատարած անվավեր դարձրել մի թեկնածուի օգտին քվեարկված թերթիկները։ Աշտարակի թիվ 0492/20-ի մերձակայքում մրցակցող թեկնածուներից մեկը դրամով ընտրակաշառք է բաժանել քվեարկողներին, հենց դիտորդների քթի տակ։ Բազմաթիվ ու բազմաբնույթ խախտումները եւ կասկածելի ընտրությունների արդյունքները լուրջ խորհելու առիթ են։
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ