«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#98, 2003-05-23 | #99, 2003-05-27 | #100, 2003-05-28


23. ՄԿՆԵՐԸ ԿԵՐԱՆ ԴԱՐՈՒՓՈՍԸ

Դարուփոսի ժողովի ընտրություններն ավարտվեցին։ Ինչպես արդեն երեկ հաղորդել էինքՙ «հավերժական ծաղիկներն ընտրված են»։ Ընտրված են եւ մեծամասնականով, եւ համամասնականով։ Եթե բանաստեղծություն գրեինք, ապա պիտի ասվեր. «Գարունն այնքան ծաղիկ է վառել»։ Բայց, դե, հիմա ո՞վ է բանաստեղծություն կարդում։ Ուստի համբերատար տանենք պատմագրի ծանր բեռը։

Եվ այսպես, 131 ծաղիկն էլ ընտրված է։ Որպես մի-մի ծաղիկ, Դարուփոսի 56 ընտրատարածքներից ամեն մեկում մեկ առանձին ծաղիկ բուսնեց եւ եւս 75 ծաղիկՙ ծաղկեփնջերով։

Նախ խոսենք ծաղկեփնջերի մասին։

Դեռեւս ոչ վերջնական արդյունքներով 6 ծաղկեփունջ է մտել ԴԱԺՈՙ բազմամիապետականները, արդարները, «Կարգին Դարուփոսը», դաշնակահարները, միաբանները եւ որքան էլ տարօրինակ ու անսպասելի էՙ ՄԱԿ-ը։ Այս առիթով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանը ջերմորեն շնորհավորեց Դարուփոսի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Արսեն Գուգունցին եւ հայտնեց իր աջակցությունը։ Դարուփոսում անչափ մեծ շփոթություն է հատկապես այս առիթով, եւ բերմուդյան եռանկյունու գաղտնիքներն ուսումնասիրող գիտնականներն այժմ փորձում են լուծել այս հանելուկը։ Սակայն պետք չէ հայտնագործություններ անել այս ուղղությամբ, որովհետեւ մեր խորին համոզմամբ Գուգունցի հաղթանակը պայմանավորված է նրա բարեգործական գործունեությամբ։ Հիմա Դարուփոսի բոլոր նկարիչները, գրողները, երաժիշտները եւ թատրոնի տնօրենը հերթի են կանգնել ՄԱԿ մտնելու համար, որպեսզի խնդրեն. «Քեռի, ինձ 5 լումա կտա՞ս...»։

Այս վեցի ճակատագիրն արդեն պարզ է։ Բայց Դարուփոսի որոշ կուսակցություններ իրենց հույսը չեն կորցրել։ Օրինակՙ ԴՐՈՊԵՆ, որը, էն ա, քիչ է մնացել ԴԱԺՈ մտնի։ Գուցե եւ մտնիՙ ի՞նչ կա որ։ «Ինչով ասես սատանան կարող է կատակ անել», ասում են Մոզամբիկում։ Հետեւաբար կարելի է քվեաթերթիկների մի փոքր հատկացում էլ անել նրա պարագայում։

Առավել հետաքրքիր ծաղկեփունջ է կազմվել հատ-հատ ծաղիկներից։ Ճիշտ է, այս անգամ հավերժական ծաղիկներից մեկիՙ Հովտաշուշան Ռուբոյի ճանապարհը փակեց Բամբուկ Հարութը, բայց ինչ պակաս գեղեցիկ բույս է բամբուկը։

Որոշ ծաղիկներ իրենց հարցը լուծել էին էն գլխից։ Այս անգամ ԴԱԺՈ-ի պատգամավորի աթոռին նստելու են Ջրաղացպան Լեւոնը, շաքարատեր, հացահատիկատեր եւ էթիլային սպիրտատեր Սամվել Լիմինդրիչը, ստաժավոր պատգամավոր Կարեն Սարգիսիչը, որը զբաղվում է ժողովրդական պատգամավորների գեղագիտական դաստիարակությամբ։

ԴԱԺՈ-ի փափուկ աթոռներին նստելու եւ ամենատարբեր կոճակներ սեղմելու իրավունք են ձեռք բերել Գերմանացի Ռուբոն, Պեխավոր Մանուկը (որը ջախջախիչ պարտության մատնեց ինչպես դաշնակահարներին, այնպես էլ վայրենավարներին), երեք Հակոբյանները (որոնցից երկուսը Դարուփոսին հայտնի են որպես Ճոյտ եւ Լեդի)։

Մեր ապագա ԴԱԺՈ-ն անկասկած օրինաստեղծ լայն գործունեություն կծավալի շուկաների ուղղությամբ, որովհետեւ Դարուփոսի երկու խոշոր շուկայատերերըՙ Գռզո Խաչատուրը եւ ատաման Բուռնաշն այնտեղ ենՙ ԴԱԺՈ-ում։

Այժմ ԴԱԺՈ-ում էլ կարելի է ծննդյան օրեր նշել, կնունքներ եւ հարսանիքներ անել, որովհետեւ կրկին ընտրվել է Ալկո Մանվելը։ Օղին ու գինին անպակաս կլինի։ Անպակաս կլինի նաեւ կաթն ու կաթնասերը, որովհետեւ այլեւս ԴԱԺՈ-ի պատգամավոր է մեր Գագոն։

(Դարուփոսի ժողովուրդը շատ է սիրում իր 131 ընտրյալներին եւ նրանց մտերմաբար դիմում է նաեւ մականուններով։ Իրենք էլ չեն վիրավորվում, որովհետեւ սիրում են դարուփոսցիներին։ Ու ահա այսպես, իրար սիրելով, իրար ներելով ապրում ենք Դարուփոսում։ Հա, էսպես էլ ապրում ենք)։

Ավարտված ընտրությունների արդյունքները լայնորեն քննարկվում են ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան հեղինակավոր դիտորդների կողմից։

Բունդարինեկեի խորհրդարանական վեհաժողովի առաքելության ղեկավար լորդ Կաթնասեր Մոնսթոնը ասաց, որ ընտրակեղծիքներ են կատարվել Դարուփոսի ընտրական տեղամասերում։ «Դա վատ է, բավական վատ, ասաց լորդը։ Ձեր ընտրությունները չեն համապատասխանում միջազգային չափանիշներին»։ Լորդը «միջազգային չափանիշ» ասելով հավանաբար նկատի ուներ ընտրությունները Թուրքմենփոսում, ուր իրենց բաշուն թուրքմենփոսցիներն ընտրում են ձայների 99,999 տոկոսով կամ նախկին Չարուփոսում, երբ ամեն ինչ ընտրվում էր ուղիղ 100 տոկոսով։

¬ Ուշադրություն մի դարձրեք լորդի ասածներին,¬ դարուփոսցիներին հանգստացրին ֆրանսերենի ուսուցչուհի Լիլիթը եւ Մարտիկ Արան,¬ որովհետեւ դրանք էֆեորային կամ էզոթերիկ մտածողության արդյունք են։

Մենք, իհարկե, ուշադրություն չենք դարձնում, որովհետեւ մերն ուրիշ է։ Այսպես ընտրել ենք, այսպես էլ կընտրենք։ Լորդ չէ, դոցենտ էլ գա, ոչինչ չենք փոխելու։ Գոմեշ մի կիդանք, մեղա Աստծո չենք ասի։

Ընտրությունների վերջնական գնահատականը, իհարկե, տվեց Հայրապետիչը, որն ասաց.

¬ Ես կարծում եմ, որ սրանք վերջին ընտրություններն են, որոնք այսպես անցան, որովհետեւ իշխանությունն ինքնին պետք է առողջանա եւ ձերբազատվի հեղինակություններից, այս փոքր օղակներից, որոնք այսօր մեկ-մեկ ինքնուրույն են, շատ ինքնուրույն եւ համարձակ։ Եկեք մտածենք, որ, այո, ինչու չէ, յուրաքանչյուր զարգացած պետության հետ պետք է մրցակցենք։

Աստված վկա, անչափ իմաստուն խոսք է։

Իհարկե, այս ընտրությունների արդյունքները դեռ երկար կքննարկվեն Դարուփոսում։ Սակայն բոլորի համար էլ պարզ է, որ եղավ այն, ինչ պիտի լիներ։ Մուկն արեց իր գործը։ Մուկը, դե գիտեք, ով է։ Ոչ թե Դարուփոսին, այլՙ աշխարհին է հայտնի։ Նկարիչների հրամանատարն է։ Հրամայում է, եւ վերջիններս, ինչքան հրամայված է, այնքան քվեաթերթիկ են լցնում բաց եւ թափանցիկ տուփերը։ Ո՞վ պիտի խոսի։ Եթե անգամ մեկն էլ համարձակվի հակառակվել կամ բողոքելՙ անհետ, անհասցե կկորչի։ Մի տկլոր Տարզան միշտ էլ կգտնվի։ Այսպես եղել է, այսպես կլինի։

¬ Չարությունը մտել է մեր մեջ, չարությունն ուտում է մեզ,¬ ասաց վարժապետ Սերգոն։¬ Ու էս բոլոր խոսքերն ավելորդ են, որովհետեւ եթե պիտի մկները մնան Դարուփոսում, եթե շարունակեն այսպես բացահայտ ուտել Դարուփոսի ցորենը, ապա Դարուփոսը կավերվի։

Գուցե այս անգա՞մ լսենք այս խոսքերը, գուցե ուշքի գանք ու մտածենք մեր վաղվա մասին։

ԴԱԺՈ-ի ընտրությունների նախնական արդյունքները մեկնաբանեց

ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4