Իրավացի էին ՀՌԱԿ ներկայացուցիչները, երբ խորհրդարանական ընտրություններից ընդամենը մեկ շաբաթ առաջ Թեքեյան կենտրոնում ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Ռոբերտ Բարիի հետ հանդիպման ընթացքում որպես արդար ընտրության գլխավոր խոչընդոտ նշում էին ընտրական հանձնաժողովների կազմության այժմ գործող սկզբունքը։ Նրանք մատնանշում էին, որ խորհրդարանական եւ ոչ խորհրդարանական կուսակցություններն ի սկզբանե անհավասար դիրքում են գտնվում, քանի որ ոչ-խորհրդարանականները զրկված են հանձնաժողովներում ներկայացուցիչ ունենալու իրավունքից։ Իսկ դա Հայաստանի պայմաններում նշանակում է զրկված լինել սեփական ձայներին տեր կանգնելու հնարավորությունից կամ, մի քիչ ցինիկ ձեւով ասենք, ներքին գործարքներին մասնակից լինելուց։
Դիտորդական առաքելության ղեկավարը ՀՌԱԿ ներկայացուցիչների այդ դիտարկմանն ի պատասխան միամիտ կամ ձեւացյալ միամտությամբ հարց տվեց. «Բայց չէ՞ որ դուք էլ ունեք վստահված անձինք, չէ՞ որ նրանք էլ կարող են գրավոր բողոք ներկայացնել», որին ի պատասխան ստացավ ձեռքի արհամարհական շարժումՙ «վստահված անձինք կամ նրանց բողոքները նշանակություն չունեն» իմաստով։
Ընտրությունները եկան ցույց տալու, որ նախնական բոլոր խախտումների որջը հենց այդ հանձնախմբերն են։ Հենց այդտեղ են կազմակերպվում ընտրախախտումների մեծ մասը, սկսած քվեաթերթիկների «սխալ» ընթերցումներից եւ վերջացրած ընտրական տարբեր մեքենայություններով, որոնք մշակվել եւ հարստացվել են հայրենական ստեղծագործ մտքի շնորհիվ։
Վերլուծաբաններից ու քաղաքագետներից ոմանք ընտրություններից առաջ հայտարարում էին, որ այս անգամ ընտրախախտումների դիմելը շատ դժվար կլինի, քանի որ հանձնաժողովներում 6 կուսակցությունների ներկայացուցիչներ ենՙ միմյանց վերահսկող։ Դժբախտաբար կյանքը ցույց տվեց, որ նման կարծիքները միայն բարեմտությունն ունեին որպես կռվան։ Հանձնաժողովներում նստած տարբեր կուսակցությունների ներկայացուցիչները մեկ անգամ եւս ցույց տվեցին, որ ընտրախախտումների մեջ «ախպերական» համագործակցությունը հնարավոր է նաեւ այնտեղ։ Եվ նրանցից շատ-շատերը, անկախ իրենց պատկանելությունից, ընդդիմադիր թե իշխանամետ դիրքորոշումից, իրենց «լավագույն» հատկանիշները դրսեւորեցին այդ հանցակցության մեջ։
Նրանցից յուրաքանչյուրն աշխատեց վերահսկել իր կուսակցության կամ դաշինքի շահը, չմոռանալով նաեւ սեփական շահերը։ Եվ հենց առաջին շահով պայմանավորվեց նախկին խորհրդարանական 6 կուսակցություններից 5-ի վերահաստատումն Ազգային ժողովում, իսկ երկրորդՙ սեփական շահով պայմանավորվեց երկամսյա մի նոր «կազմակերպության» մուտքը խորհրդարան, չմոռանալով նաեւ ծախվել «խորհրդարանական կլուբի» անդամ այլ կուսակցությունների, պատճառ դառնալով Ազգային ժողովում նրանց «առաջխաղացմանը»։ Չեմ ուզում նրանց անունները տալ, սակայն չեմ կարող չնշել հանձնաժողովների ամենաշատ ծախվող անդամներին, որոնք Կոմկուսի ներկայացուցիչներն էին, որպես արդեն իսկ տապալված կուսակցության «առաքյալներ»։
Միամիտները կարող են առարկել, թե հանձնաժողովի անդամները միայն Վեցյակի ներկայացուցիչները չեն, այնտեղ կան նաեւ 3-ական իշխանական ներկայացուցիչներ, որոնց պարտքն է «արդարությամբ եւ թափանցիկությամբ» հակակշռել ու հավասարակշռել ամեն ինչ։ Սակայն, ինչպես եւ ենթադրելի էր, իշխանական ներկայացուցիչներն այս ընտրություններում էլ պաշտպանեցին իշխողների շահերը, ծրագրերը։
Առայժմ մի կողմ թողնելով այն հարցը, թե ո՛ր պահին, ո՛րքան, ի՛նչպես եւ որտեղ ավելացվեց քվեաթերթիկների թիվը, պետք է շեշտել, որ մեր ընտրական հանձնաժողովները դարձել են իրական խոչընդոտ Հայաստանի ժողովրդավարացման ճանապարհին։ Հանձնաժողովի անդամները, քիչ բացառությամբ, կազմել են ընտրական մի մեծ կաստա, պրոֆեսիոնալ հիմունքներով միմյանց կապակցված մի խավ, որն իր կյանքի պայմանների բարելավման, պաշտոնի ամրապնդման կամ բարձրացման համար սպասում է հերթական եւ արտահերթ ընտրություններին։ Այդ բազարում նրանք անպայման շահում են։ Շահում են նաեւ նրանց հովանավոր կազմակերպություններն ու պաշտոնյաները։
Կարո՞ղ ենք հետագայում վերացնել այդ չարիքը։ Շա՜տ դժվար։
Հ. Ա.