27 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ԱՄԵՐԻԿԱՅԻ ՁԱՅՆ։ Ավարայրի ճակատամարտի 1552-ամյակի առթիվ միջոցառում է կազմակերպվել ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի աֆրիկյան եւ մերձավորարեւելյան բաժանմունքի, Մերձավոր Արեւելքի բաժնի կողմից, որին ներկա են եղել հայկական համագումարի ղեկավար Ռոս Վարդյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ Լեմոնը եւ այլոք։
ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը «ԱՄՆ Կոնգրեսը եւ Հայաստանն այսօր» թեմայով իր դասախոսության մեջ նշել է, որ պարսկական բանակի դեմ տարած բարոյական հաղթանակի շնորհիվ հայ ժողովուրդըՙ մերժելով զրադաշտականությունը, պահպանել է իր ինքնությունը եւ խուսափել է ուծացումից։ Նշելով, որ Հայկական հարցերով կոնգրեսական հանձնախումբը ստեղծվել է 1995 թվականին եւ այժմ ունի ավելի քան 125 անդամ, Փալոնը մասնավորապես ասել է. «Ես միանգամայն համոզված եմ, որ Հայոց ցեղասպանության հարցը այժմ Ներկայացուցիչների պալատի ընդհանուր քվեարկությանը դնելու դեպքում այն կհաստատվեր քվեների ջախջախիչ մեծամասնությամբ. դրա հաստատման օգտին կքվեարկեին ավելի քան 300 կոնգրեսականներ։ Սակայն Թուրքիայի կառավարությունը մինչ օրս բավականին հաջողություն է ունեցել այդ հարցը հենց հանձնախմբում չհաստատվելու կամ Ներկայացուցիչների պալատի քննարկմանը չթողնելու գործում, որի պատճառը Թուրքիայի ռազմական ու տնտեսական դերի կարեւորությունն է ԱՄՆ-ի համար»։ Փալոնը նշել է նաեւ, թե Իրաքի պատերազմի կապակցությամբ Թուրքիայի դիրքորոշման հետեւանքով մեծ հիասթափություն է առկա ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում Անկարայի նկատմամբ, եւ այդ փաստը թերեւս կարող է իր դերն ունենալ Հայոց ցեղասպանության ճանաչման գործի հաղթանակի համար։