Անդրադառնալով պատերազմական ոճրագործություններ կատարած եւ մարդու իրավունքների խախտումներ թույլ տված իրաքցիների արդարացի հետապնդմանը Մ. Նահանգների կառավարության կողմից, Վաշինգտոնում տեղակայված առաջավոր քաղաքական մտավոր բանկերից Կատո ինստիտուտի խմբագրական կազմի տնօրեն Մայքլ Չապմանը «Երբեք մի մոռացեք Հայոց ցեղասպանությունը» վերնագրով մայիսի 5-ին ինտերնետային էջում տեղադրված հոդվածում ցավ է հայտնում, որ Մ. Նահանգների այդ նույն կառավարությունն ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 88-րդ ամյակի առթիվ նույն հետեւողականությամբ չդատապարտեց Օսմանյան Թուրքիայի ազգայնամոլների կատարած ոճրագործությունները, որոնք ամերիկացի, գերմանացի եւ այլ ազգությունների ականատեսների վկայություններով փաստագրված են։ «Ժամանակն է վերջ տալու զանգվածային սպանությունների դեպքերում քաղաքականություն խաղալուն», գրում է նա։
Հիշեցնելով Էնվեր փաշայի «Օսմանյան կայսրությունը պետք է մաքրազտել հայերից եւ լիբանանցիներից, առաջիններին մենք սրով ենք ոչնչացրել, իսկ երկրորդներին պետք է սովամահ անենք» խոսքերնՙ արտասանված 1916 թ. մայիսի 19-ին, այնուհետեւ մեջբերելով Թուրքիայում գերմանացի եւ ամերիկացի դեսպանների հաղորդագրություններն ու հեռագրերը, նա նշում է, որ այդ ժամանակվա թուրք ղեկավարները չեն թաքցրել այդ ազգերին ոչնչացնելու իրենց մտադրությունները։
Ապա, ներկա ժամանակներին վերադառնալով, Չապմանը Ռոնալդ Ռեյգանի 1981 թ. արտասանած խոսքերն է հիշատակել, որտեղ ցեղասպանություն բառն է նշված («Ինչպես հայերի ցեղասպանության, այնպես էլ նրան հաջորդած Կամբոջայի ցեղասպանության դեպքերում... Ողջակիզման դասերը երբեք չպետք է մոռացվեն»), եւ հավելել դրան 1994 թ. Իսրայելի փոխարտգործնախարար Յոսի Բեյլինի խոսքերը, որտեղ ասված է. «Դա պատերազմ չէր։ Դա անկասկած կոտորած էր եւ ցեղասպանություն։ Մի բան, որ աշխարհը պարտավոր է հիշել։ ...Մենք միշտ մերժելու ենք դրա հիշատակությունը ջնջելու ամեն մի փորձ»։
«Երեք տարի Ամերիկայի հայկական համագումարը եւ Հայ ազգային կոմիտեն փորձում են կատարվածը որպես ցեղասպանություն ճանաչել տալ նախագահ Բուշին, բայց վերջինս անընդհատ ամենատարբեր բառեր օգտագործելով խուսափում է կոնկրետ բառով բնութագրել կատարվածըՙ պարզապես թուրքական կառավարությանը չնեղացնելու համար։ Հասկանալի է, որ ոչ մի երկիր չի ցանկանում իր պատմությունը կապել ցեղասպանության հետ։ Բայց փաստերը մնում են փաստեր, դրանք քննարկման առարկա դարձնելը կօգնի կարգավորելու խնդիրները եւ հետագայում զերծ մնալու դրանց կրկնությունից։
Մենք չենք կարող մարդկության դեմ գործված ոճրագործությունների միջեւ խտրականություն դնել։ Չենք կարող մի կողմից դատապարտել Սադդամ Հուսեյնին ու նրա վարչակարգին, մյուս կողմից ներել մյուս վարչակարգերին։ Ճիշտ է, կատարվածը կատարված է, եւ չենք կարող վերակենդանացնել մահացածներին, բայց կարող ենք ղեկավարին պատշաճ դիրք ընդունել, ճանաչել Հայոց ցեղասպանությունը, անկեղծորեն խոսել դրա մասին եւ սովորեցնել մեր երեխաներին։ Վստահ եմ, զոհ գնացած հայ մանուկներին դա դուր կգար», այս պարբերությամբ եզրափակում է իր հոդվածը Մայքլ Չապմանը։