Վերջապես լույս է տեսել Վարդուհի Վարդերեսյանի «Իմ կյանքի հեքիաթը» գիրքը, որին շատ էինք սպասել։ Այո, սպասել էինք, որովհետեւ եթե նրա մասին գրել էին շատերը եւ շատ անգամ, ապա կրկին ու կրկին անբացատրելի, սպասելի բան մնացել էր։ Ու, ահա, այս գիրքը, որի տպագրությունն իրականացրել է «Մաշտոց» հրատարակչությունը, Վարդուհի Վարդերեսյանի եթե ոչ կատարյալ, ապա գոնե ամբողջական թարգմանությունն է։ Հազվագյուտ լավ գրքերից մեկն է սա, որ լույս է տեսնում մեր օրերում, գրված առանց սեթեւեթանքի ու գրագետ։
2001 թ. հունվարի 1-ին Վարդուհի Վարդերեսյանն այսպիսի մի գրառում է կատարել. «Տարեմուտի խնդությունս կամաց-կամաց փոխվում է տխրության։ Մի՞թե եկողներին ոչինչ չի մնալու իմ ապրած տարիներից, բացի ոչինչ չասող իմ անունից... ի՞նչ անել, ինչպե՞ս փոխանցել եկողներին ապրածս տարիների խորհուրդը, եթե ոչ կրակը, գեթ մոխիրը... Անպատասխան մի լռություն լցվում է սիրտս, մշուշում առանց այն էլ մառ ուղեղս... Ու գրիչը թուլացած մատներիցս սահում, ընկնում է գրասեղանին...»։ Ապա նաեւ 15 օր հետո մի ուրիշ գրառում է արել. «Իմաստուն մարդիկ ասում են, որ անհնարինը հնարավոր դարձնելը սխրանք է, հերոսություն։ Բեմում այդ ինձ երբեմն հաջողվել է։ Կկարողանա՞մ արդյոք գրչով անել նույնըՙ թղթին հանձնել իմ կյանքի հեքիաթը...»։
Երբ արդեն կարդացած-վերջացրած ես լինում «Իմ կյանքի հեքիաթը» գիրքըՙ զգում ես, որ, իսկապես, այս անգամ էլ Վարդուհի Վարդերեսյանը զարմացրել է։
Հյութեղ լեզու, գրողական ջիղ, հարուստ ապրած կյանք, հզոր զգացողություններ... Այս ամենն ի մի են բերված գրքում։ Գիրքն ավելի շատ խորհրդածություն է իր անցած ճանապարհի մասին, գեղագետի փիլիսոփայական խորհրդածություն, քան անձնական, անգամ թատրոնի հետ կապված դեպքերի նկարագրություն։ Հանդիպում ես այնպիսի կտորների, որոնք, թեեւՙ ծավալով փոքր, սակայն ավարտուն գեղարվեստական գործ են, փոքրիկ մի նովել։
Մեծ մոր մահվան նկարագրությունն այդպիսի կատարյալ նովելներից մեկն է, երբ փոքրիկ աղջնակն առաջին անգամ շփվում է մահվան շնչին։ Այդպես է 1946 թվականի նկարագրությունը, երբ Ռումինիայից ներգաղթեց Հայաստան։ Այդպես է... Բայց ի՞նչ կարիք կա թվարկելու, երբ արվեստասեր մարդը անպայման կկարդա այս գիրքը։
Սիրով գրված գիրք է, սիրովՙ բոլորիՙ իր ծանոթների, բարեկամների, խաղընկերների նկատմամբ։ Կարդացեք Վարդուհի Վարդերեսյանի խոսքը Հրաչյա Ներսիսյանի, Վարդան Աճեմյանի, Մհեր Մկրտչյանի, մյուսների մասին, եւ կհասկանաք, թե որքան խորն է զգում մարդուն։ Կարդացեք Վահրամ Փափազյանի վերջին բեմելի մասին պատմությունը, երբ մեծն Փափազը Մեք Գրեգոր էր, ինքըՙ Ջոնի...
Ի դեպ, Վարդուհի Վարդերեսյանի Ջոնին բեմում եղավ 17 տարի։ Առաջին անգամ արտիստուհին Ջոնիի հոգով (տեսքով չասենք) բեմ բարձրացավ, երբ... 33 տարեկան էր։ Մինչեւ օրս էլ բազում հիասքանչ խոսքեր են ասվել այս դերակատարման մասին։ Բայց արտիստուհին անչափ թանկ է գնահատում Պարույր Սեւակի տողերը, գրված 1961 թվականին. «Սունդուկյանցիների բեմադրության մեջ, իմ կարծիքով, ամենից ավելի սարոյանականը Ջոնին է։ Իսկ Ջոնին սովորական կերպար չէ, այլ մի տեսակ «բանալի»... Ուստի եւ բեմադրության թերին ու բացը լրացնելու համար, ըստ իս, հարկավոր է ողջ ներկայացումը սրբագրել Ջոնիով...»։
Ժամանակին մի քանի անգամ նայել եմ Դոստոեւսկու «Ապուշի» բեմադրությունը Սունդուկյանի թատրոնում, երբ Հովակ Գալոյանի Ռոգոժինը եւ Վարդուհի Վարդերեսյանի Նաստասյա Ֆիլիպովնան կրքերի հզոր հրավառություն էին անում բեմի վրա։ Ռուս մեծ արվեստագետ Միխայիլ Ուլյանովը, որի հետ զրուցելու բախտ եմ ունեցել, այս զույգի խաղն անչափ բարձր էր գնահատում։ «Իմ Ռոգոժինն ավելի հզոր կլիներ, եթե կողքիս Վարդուհի Վարդերեսյանի Նաստասյա Ֆիլիպովնան լիներ»,- ասաց Ուլյանովը։ Այս մասին ժամանակին գրել եմ։
Հիմա, երբ մեծ հափշտակությամբ կարդում էի Վարդուհի Վարդերեսյանի կյանքի հեքիաթը, թվում էր, թե այս ամենն ինձ ծանոթ է ու հարազատ, անչափ ծանոթ ու հարազատ։
Ս. ՄԵԼՔՈՆՅԱՆ