Ռիչարդ Հովհաննիսյանի 70-ամյակի առիթով...
«Գիտեմ, որ հայաստանցիները շռայլ են իրենց խոսքերում։ Իմ անձի հանդեպ սկզբում վերապահում կար Հայաստանում, կային բարդություններ մարդկային հարաբերությունների մեջ։ Ես պատրաստ եմ ընդունել ամեն մի շինիչ քննադատություն, սակայն փոխադարձ հարգանքը պահպանելու սկզբունքով։ Մենք միասնաբար պիտի աշխատենք մեր ժողովրդի եւ հայագիտության զարգացման համար»։
Երեք ու կես տարվա ընդմիջումից հետո հայրենիքում է ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Կալիֆոռնիայի համալսարանի «Արդի հայոց պատմության» ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանը։ Նրա ծննդյան 70 եւ գիտամանկավարժական-հասարակական գործունեության 50-ամյա հոբելյաններին էր նվիրված ակադեմիայի դահլիճում երեկ կայացած միջոցառումը, որին ներկա էին անվանի գիտնականներ, հոգեւոր հայրեր, հյուրեր։ Բացման խոսքով հանդես եկավ ակադեմիայի նախագահ Ֆադեյ Սարգսյանըՙ հոբելյարին հղելով նախագահության ջերմ շնորհավորանքները։ Բարձր գնահատելով անվանի պատմաբանի գիտական վաստակն ու հայ պատմագրության մեջ նրա ունեցած դերըՙ ակադեմիայի նախագահը նրան մաղթեց հետագա բեղուն գործունեություն։
Ռիչարդ Հովհաննիսյանի կյանքն ու գիտամանկավարժական գործունեությունը հանգամանալից ներկայացրեց ակադեմիայի փոխնախագահ Վլադիմիր Բարխուդարյանը։ Ուսումնասիրությունների ոլորտում պատմաբանի կրած դժվարությունները նա բացատրեց ընտրած թեմատիկայի բարդությամբ։ Հայոց ցեղասպանության, Հայաստանի առաջին հանրապետության պատմության, Արեւմտյան Հայաստանի պատմամշակութային եւ այլ հարցերի հետազոտումը բնական է, որ հակադրություն պիտի ստեղծեին պատմաբանի եւ քաղաքականության միջեւ։ Լինելով իր գաղափարների համար պայքարող անհատականությունՙ նա չերկնչեց խորհրդային տարիների արգելակող պատնեշներից եւ արխիվային նյութերի հիման վրա գրեց «Հայաստանի Հանրապետություն» 5-հատորյա ուսումնասիրությունը, ասաց Բարխուդարյանը։
Միջազգային բազմաթիվ գիտաժողովների մասնակցած պատմաբանը, հավատարիմ իր սկզբունքներին, հրաժարվել է միայն Հայոց ցեղասպանության հարցը քննարկող գիտաժողովներին մասնակցելուց։ Նրա համոզմամբ, ցեղասպանությունը կարիք ունի ոչ թե քննարկման, այլ միմիայն միջազգային ճանաչման։
Նրա քաղաքական գործունեության մասին խոսելիս պրն Բարխուդարյանը չշրջանցեց հայաստանյան պատմաբանների հետ նրա հայացքների որոշակի հակասությունների առկայությունը. «Միշտ չենք կարողացել գուրգուրել ձեզ, երբեմն եղել են նաեւ հարվածներ, որի համար ափսոսում ենք։ Սակայն մեր պատմության ընթացքում հաճախ է այդպես եղել»։
Այնուհետեւ Շահե արք. Աճեմյանը Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությունն ու շնորհավորանքը հայտնեց հոբելյարին, որից հետո իրենց խոսքն ուղղեցին ԵՊՀ ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը, գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Լավրենտի Բարսեղյանը, արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Հովհաննիսյանը, պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, գրականության ինստիտուտի տնօրեն Ազատ Եղիազարյանը, ամերիկահայ գրականագետ Երվանդ Ազատյանը, ամերիկյան համալսարանի ռեկտոր Հարություն Արմենյանը։
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ