Հրատարակության խնդրանքով Քեմբրիջի (Անգլիա) «Միջազգային կենսագրական կենտրոնից» (ՄԿԿ) ստացված պաշտոնական հաղորդագրությունն ուրախությամբ տեղեկացնում է, որ երեսնամյա այդ հեղինակավոր կազմակերպությունը «Պատվո կավալերի» կոչում է շնորհել Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ տ. Նավասարդ եպիսկոպոս Կճոյանինՙ աստվածաբանության բնագավառում աչքի ընկնող ներդրումների համար։
Գերազանցությունը խրախուսելու համար նախատեսված «Պատվո կավալերի» կոչումը, ըստ հաղորդագրության, շնորհում է ՄԿԿ-ի խորհրդատվական հատուկ վարչությունը, եռափուլ մանրազնին ուսումնասիրություններից հետո, ականավոր անձնավորություններիՙ անկախ դավանանքից, գույնից կամ ազգությունից։ ՄԿԿ-ն իր գոյության երեք տասնամյակների ընթացքում լույս է ընծայել 29 «Ով ով է» հանրագիտարկան խոշոր հատորներ (ավելի քան հարյուր հրատարակություն ընդհանուր առմամբ), որոնցում տեղ են գտել մեկ միլիոն 200 հազար կենսագրականներ եւ 150 հազար լուսանկարներ։
Հ. Ծ.