Սբ. Հարության տոնից 40 օր հետո, հինգշաբթի օրը Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնն է։ Համբարձումՙ նշանակում է բարձրացում։ Համբարձումը Հիսուսիՙ հարություն առած ու փառավորված մարմնով երկինք բարձրանալու եւ Հայր աստծո աջ կողմում նստելու հիշատակն է։
Համբարձման պատմությունը շարադրված է Նոր կտակարանում, ըստ որի, իր հարությունից հետո Հիսուս Քրիստոսը 40 օրերի ընթացքում հայտնվում է աշակերտներին, վերստին հաստատում իր հարություն առած լինելը, խոսում երկնքի արքայության մասին եւ ուսուցանում, թե ինչպես պետք է քարոզեն Ավետարանը։
Քրիստոսը համբարձվեց, որպեսզի երկնավոր հոր առջեւ բարեխոսի իր սիրելիների համար։ Համբարձվեց, որպեսզի համարձակություն տա հուսալու, որ մենք եւս մարմնով մտնելու ենք հավիտենական կյանք։ Նրա խոսքերն են. «Եթե ես չգամ, Մխիթարիչը (այսինքնՙ Սբ. հոգին) չի գա ձեզ մոտ։ Իսկ եթե գնամ, նրան կառաքեմ ձեզ մոտ»։ Ուստի Տիրոջ համբարձումը մեզ համար նաեւ Հոգեգալստյան պարգեւ էր։ Տիրոջ համբարձումից հետո աշակերտները մեծ ուրախությամբ վերադառնում են Երուսաղեմ եւ միշտ տաճարում գովաբանում եւ օրինաբանում էին Աստծուն։ Հիսուսը մեկ անգամ եւս հավաստեց հավիտենական կյանքի գոյությունը։
Համբարձման տոնը ժողովրդին հայտնի է նաեւ «Վիճակ» կամ «Ջանգյուլում» անվանումներով։ «Վիճակը» կապված է Քրիստոսի համբարձումից հետո առաքյալների ու աշակերտների ժողովում Պետրոս առաքյալի առաջարկով մատնիչ Հուդայի փոխարեն վիճակահանությամբ 12-րդ առաքյալ ընտրելու հետ։ Հուդան ինքնասպան էր եղել, եւ նրա փոխարեն պետք էր մեկ ուրիշին ընտրեին։ Այդ իրադարձությունը տեղի է ունեցել Համբարձման եւ Հոգեգալստյան տոների միջեւ ընկած ժամանակահատվածում։
Համբարձման նախորդ օրը հարսներն ու աղջիկները յոթն աղբյուրից ջուր եւ դաշտերից ու այգիներից զանազան ծաղիկներ են տուն բերում։ Համբարձման օրը ժողովրդական խաղ-սովորությանՙ վիճակահանության օրն է։ Այդ օրը Հայ առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ պատարագ։
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ