«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#98, 2003-05-23 | #99, 2003-05-27 | #100, 2003-05-28


ԻՍԿ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՄՈՌԱՑԵԼ ԵՆՔ

Աշխարհնՙ աշխարհով, մենքՙ մեր Ազգային ժողովի ընտրություններով։ Ամեն ինչ թողել, ամեն ինչ մոռացել ենք, մեկ ամսից ավելի նախընտրական ճառեր եւ խոստումներ էինք լսում։ Բոլորս։ Ազգովին։ Ու անչափ կարեւոր բաներ մոռացել էինք։ Ամենակարեւորներից մեկըՙ 20-րդ դարի մեծագույն երաժիշտներից մեկիՙ Արամ Խաչատրյանի 100-ամյակը, որը նշում է ողջ աշխարհըՙ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորությամբ։

Ի՞նչ է արվել մեզանում։ Երեւանում։ Հայաստանում։ Գրեթե ոչինչ։ Ի՞նչ է, հունիսի 6-ին, կոմպոզիտորի ծննդյան օրը պիտի ծաղիկներ տանենք նրա հուշարձանին եւ ներկա լինենք հոբելյանական համերգին։ Սոսկ սրանո՞վ պիտի սահմանափակվեինք։ Դառն է, բայց պետք է խոստովանել, որ Արամ Խաչատրյանի հզոր արվեստն այս օրերին չի ներկայացվում։ Մեր պաշտոնատար այրերը, հատկապեսՙ ՀՀ մշակույթի նախարարությունը, հասարակությանը չներկայացրին որեւէ ծրագիր (գուցե կա, բայց չի ներկայացվել)։ ՀՀ Ազգային ժողովի արդեն պատգամավոր դարձած որեւէ մեկի մտքով չանցա՞վ ինչ-որ կերպ այս հոբելյանը նշել։

Արվեստի, մշակույթի շատ ու շատ ճանաչված այրեր, կուսակցություններ ու դաշինքներ իրենց նախընտրական ծրագրերում այնպիսի գեղեցիկ խոսքեր են գրել մշակույթի հովանավորության մասին, այնպիսի հնչեղ բառեր, որ մարդ ակամա ուզում էր բոլորին էլ նախ ընտրել ԱԺ պատգամավոր, ապա առաջարկել մշակույթի նախարարի պաշտոնին։

Սակայն, որքան էլ ցավալի է, գիտենք, որ իրենց գրածը, իրենց ասածը սոսկ խոսքեր են։

Մի՞թե վաղը, մյուս օրը, մեկ տարի, տասը տարի հետո հիշելու ենք սոսկ ԱԺ ընտրությունները եւ չենք հիշելու, թե որչափ անփույթ եղանք նաեւ Արամ Խաչատրյանին, ինքներս մեզ պատվելու համար։

Սիրելի բարեկամներ, մշակույթի նախարար, նախարարության աշխատակիցներ, բոլորս, այս ի՞նչ ենք անում, ինչո՞ւ ենք ինքներս մեզ այսպես դատապարտում։

ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4