«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#98, 2003-05-23 | #99, 2003-05-27 | #100, 2003-05-28


ՀՐԱՇԱԼԻ ԳՈԼ ԱՆՀՐԱՊՈՒՅՐ ԽԱՂՈՒՄ

«Միկան» ՀՀ եռակի գավաթակիր

«Միկա»¬«Բանանց»ՙ 1¬0 (0¬0)

Մրցավարՙ Կարեն Նալբանդյան։

«Միկա»-Ֆելիքս Հակոբյան, Վարդան Հովհաննիսյան, Արմեն Պետիկյան, Մարատ Մկրտչյան, Արկադի Դոխոյան, Անատոլի Յակուշեւ (Կարեն Եղիազարյան, 65), Վահրամ Լոբյան, Դավիթ Գրիգորյան, Արտյոմ Ադամյան, Արտաշես Ադամյան (Արթուր Ասոյան, 89), Արամ Ոսկանյան։

«Բանանց»-Դմիտրի Վորոբյով, Կարեն Սիմոնյան, Հովհաննես Դեմիրճյան, Արարատ Առաքելյան, Աշոտ Գրիգորյան, Սուրեն Սարգսյան (Հայկ Գեւորգյան, 83), Ռոմեո Ջենեբյան, Սերգեյ Առաքելյան, Արամ Հակոբյան (Արամ Սարգսյան, 87), Արա Հակոբյան, Վահե Դավթյան (Ֆելիքս Խոջոյան, 71)։

Գոլը խփեց Արմեն Պետիկյանը (87)։

Զգուշացվեցին Դեմիրճյանը, Արամ Հակոբյանը, Արտաշես Ադամյանը, Լոբյանը։

Անկեղծ ասած, գավաթի խաղարկության հերթական եզրափակիչն աչքի չընկավ դիտարժան խաղով։ Եվ դրանում մեղավոր էին երկու թիմերի խաղացողներն էլ, որոնք հատկապես առաջին խաղակեսում աչքի չընկան մտածված գործողություններով, գոլային սուր պահերով։ Խաղասկզբում ավելի ակտիվ էին «Բանանցի» ֆուտբոլիստները։ Առջեւի գծում հիմնականում գործում էին Հակոբյան եղբայրները, սակայն համապատասխան աջակցություն չստանալով կիսապաշտպաններից, նրանք չկարողացան լրջորեն սպառնալ մրցակցի դարպասին։ Ճիշտ է, Արամ Հակոբյանը երկու անգամ հայտնվեց հարվածային դիրքում, սակայն դարպասապահ Ֆելիքս Հակոբյանը նրա ոտքերի առջեւից վերցրեց գնդակը։

«Միկան» հիմնական շեշտը դրել էր հակագրոհների վրաՙ մեծ ուժեր կենտրոնացնելով սեփական կիսադաշտում։ Չնայած դրան, առաջին խաղակեսում «Միկան» գոլային երկու պահ ստեղծեց մրցակցի դարպասին եւ կարող էր բացել հաշիվը։ 21-րդ րոպեին Մարատ Մկրտչյանը ճշգրիտ փոխանցումով հարվածի դուրս բերեց Արտյոմ Ադամյանին, սակայն վերջինիս հարվածը թույլ էր եւ դարպասապահը հանգիստ որսաց գնդակը։ 44-րդ րոպեին կրկին հարվածային դիրքում էր հայտնվել Արտյոմ Ադամյանը, սակայն չգիտես ինչու, հարվածի փոխարեն նախընտրեց գնդակը փոխանցել Ոսկանյանինՙ կորցնելով գոլային հարմար պահը։

Ընդմիջումից հետո խաղի տեմպը մի փոքր արագացավ։ «Միկան» բավական ակտիվացրեց հարձակողական գործողությունները, իսկ ահա «Բանանցը» մեծ ուժերով նահանջեց սեփական կիսադաշտՙ առջեւի գծում թողնելով միայն Հակոբյան եղբայրներինՙ կրկին առանց անհրաժեշտ աջակցության։ 58-րդ րոպեին գնդակը հրաշքով չհայտնվեց «Բանանցի» դարպասում։ Արտաշես Ադամյան-Արամ Ոսկանյան-Արտյոմ Ադամյան եռաքայլ կոմբինացիայից հետո վերջինս դարպասապահի հետ պայքարում մոտ տարածությունից չկարողացավ գրավել դարպասը։ Իսկ 67-րդ րոպեին ստեղծվեց այս հանդիպման գոլային ամենառեալ պահը։ «Միկայի» հերթական գրոհն ավարտվեց տուգանային հրապարակ բարձրից կատարված փոխանցումով։ Վորոբյովը դարպասից դուրս գալով սխալվեց, հետեւեց սուր անկյան տակ Մարատ Մկրտչյանի հարվածը, բայց «Բանանցին» անխուսափելի գոլից փրկեց պաշտպան Աշոտ Գրիգորյանը, որը հասցրել էր տեղ զբաղեցնել դարպասում։ «Բանանցը» երկրորդ խաղակեսում այդպես էլ չկարողացավ գեթ մեկ վտանգավոր պահ ստեղծել մրցակցի դարպասինՙ հիմնականում մտահոգված լինելով թիկունքի պաշտպանությամբ։ Իսկ «Միկան» շարունակում էր դարպասը գրավելու ուղիներ փնտրել։ Հանդիպման նման ընթացքից կարելի էր ենթադրել, որ խաղի ելքը հնարավոր է որոշեր միակ գոլը։ Եվ այն կայացավ։ 87-րդ րոպեին «Միկայի» ավագ Արմեն Պետիկյանը տուգանային հրաշալի հարվածով հաղթական վերջակետ դրեց դիտարժանությամբ աչքի չընկած վճռորոշ այս հանդիպմանը։ Իրոք, այդ գնդակը դարձավ հանդիպման զարդը։

Եվ այսպես, Աշտարակի «Միկան» իր պատմության մեջ երրորդ անգամ նվաճեց հանրապետության գավաթը, որի առթիվ շնորհավորում ենք ակումբի ղեկավարությանը, թիմի մարզիչներին ու ֆուտբոլիստներին։ Հատկանշական է, որ «Միկան» պատվավոր մրցանակի բոլոր երեք եզրափակիչներում էլ հաջողության է հասելՙ հաստատելով գավաթային թիմ լինելու համբավը։ Խաղից հետո «Միկայի» ավագ Արմեն Պետիկյանին գավաթը հանձնեց ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը։ «Միկան», իրոք, արժանի էր հաղթանակի։ Եվ հասկանալ կարելի է թիմի մարզիչ Սուրեն Բարսեղյանի բերկրանքը հաղթանակի կապակցությամբ, քանի որ նա Հայաստանում իր մարզչական գործունեության ընթացքում առաջին լուրջ հաջողությանը հասավ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4