«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#98, 2003-05-23 | #99, 2003-05-27 | #100, 2003-05-28


ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱԴԻՐ Է

ԼՂՀ կառավարությունն իր հերթական նիստում հաստատել է առողջապահության նախարարության ներկայացրածՙ առողջական վիճակի պարտադիր նախնական եւ պարբերական բժշկական զննության կարգը, գործունեության ոլորտների, որոնցում զբաղված անձինք ենթակա են առողջական վիճակի պարտադիր բժշկական զննության, եւ բժշկական զննության ծավալի ու հաճախականությունների ցանկը, ինչպես նաեւ անձնական սանիտարական (բժշկական) գրքույկի ու բժշկական զննության ենթակա անձանց անվանացուցակը։

Ըստ հիշյալ որոշման, այսուհետեւ պարտադիր բժշկական զննության են ենթակա կառավարության կողմից հաստատվածՙ համապատասխան ցանկում թվարկված կազմակերպություններում աշխատանքի ընդունվող եւ աշխատող անձինք, այդ թվում նաեւՙ անհատ ձեռնարկատերերը։ Նրանք պետք է զննություն անցնեն թերապեւտի, մաշկավեներաբանի, առանձին դեպքերում էլՙ ատամնաբույժի, քիթ-կոկորդ-ականջի մասնագետների մոտ։ Համապատասխան բուժկանխարգելիչ կազմակերպություններում պետք է կատարվեն նաեւ թոքախտի աղիքային վարակիչ հիվանդությունների հարուցիչների, որդերի, վեներական ու վարակիչ մաշկային հիվանդությունների հետազոտություններ։ Որոշման մեջ մանրակրկիտ նշված են կոնկրետ հիվանդությունների հետազոտման հիմնարկները, ինչպես նաեւ դրանց իրականացման պայմանները։

Միաժամանակ նշված են այն կազմակերպություններն ու մասնագիտությունները, որտեղ աշխատելու համար բուժզննությունը պարտադիր է։ Դրանք հիմնականում հանրային սննդի եւ պարենային արտադրության, ուսումնակրթական հաստատությունների, դեղատների, սանիտարահիգիենիկ սպասարկման կազմակերպությունների, մանկական հիմնարկների եւ այլ ոլորտներն են։ Ընդունված ցանկի մեջ ներառված են ինչպես հետազոտության տեսակները, այնպես էլՙ ժամկետները։

Կառավարության այս որոշումն ըստ էության նպատակ ունի կանոնակարգել հանրապետության համապատասխան հիմնարկներում եւ կազմակերպություններում աշխատանքի ընդունվող եւ աշխատող անձանց իրավասու գործունեությունը։ Ինչքանո՞վ են կազմակերպությունները պատրաստ լիարժեքորեն կիրարկելու որոշումը, միանշանակ գնահատական դժվար է տալ։ Փաստենք մի բանՙ բուժկանխարգելիչ հիմնարկները իրենց առջեւ դրված խնդիրները հետեւողականորեն իրականացնելու համար քիչ անելիքներ չունեն, որովհետեւ նրանց ծառայությունները հիմնականում վճարովի են, ինչը հազիվ թե ցանկալի է դրան պարտադրված անձանց համար։

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4