ԲԱՔՈՒ, 27 ՄԱՅԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Երկուշաբթի իր հայտարարության մեջ պատգամավոր Իլհամ Ալիեւը եւս մի անգամ ընդգծել է, որ պետության ղեկավար Հեյդար Ալիեւը կմասնակցի առաջիկա նախագահական ընտրություններին։ «Նախագահի թեկնածությունն արդեն իսկ առաջադրվել է ինչպես «Նոր Ադրբեջան» կուսակցության, այնպես էլ այլ կազմակերպությունների կողմից։ Բնականաբար, պարոն նախագահը մասնակցելու է ընտրություններին», ասել է նա Ադրբեջանի հեռուստատեսությամբ։ Ինչպես գրում է Բաքվի «525» թերթը, բանախոսը վստահություն է արտահայտել Հ.Ալիեւի հաղթանակի հարցում, իսկ «Ինտերֆաքսի» այն հաղորդումը, որ անձամբ ինքն է մասնակցելու ընտրություններին Հ. Ալիեւի փոխարեն, համարել է «սուտ»։ Ի.Ալիեւը նշել է, որ տեղի ԶԼՄ-ները ի տարբերություն արտասահմանյանների պետք է ավելի պատասխանատու լինեն եւ չտարածեն չստուգված հաղորդումներ։ Պատգամավորը հայտարարել է նաեւ, որ ընդդիմության արմատականության աճը ընտրությունների շեմին ուղղված է երկրում իրադրության շիկացմանը. «Այն ուժերի նպատակը, որոնք շեշտը դնում են չարտոնված միջոցառումների վրա, Ադրբեջանում հասարակական-քաղաքական կայունության խախտելն է եւ դրա պատասխանատվությունը կառավարության վրա դնելը։ Սակայն կառավարությունը թույլ չի տա ընդդիմությանը իրականացնել այդ ծրագրերը»։