Ամերիկահայ հայտնի հասարակական գործիչ, Ռամկավար Ազատական կուսակցության Կենտրոնական վարչության փոխատենապետ Երվանդ Ազատյանը ժամանել էր Երեւանՙ հետեւելու մայիսի 25-ի ՀՀ Ազգային ժողովի պատգամավորական ընտրությունների ընթացքին։ Նա չմերժեց հարցազրույցի խնդրանքըՙ սիրահոժար հայտնելով ինչպես ընտրությունների, այնպես էլ հակաիրաքյան պատերազմի ավարտին Մերձավոր եւ Միջին Արեւելքում տեղի ունեցող քաղաքական զարգացումների մասին իր տպավորությունները։
¬ Դժբախտաբար, ՀՌԱԿ-ն այս անգամ եւս չկարողացավ հաղթահարել 5 տոկոսանոց արգելապատնեշը եւ դուրս մնաց խորհրդարանից։ Ինչպե՞ս եք դա գնահատում։
¬ Ես պարզապես չգիտեմՙ կուսակցությո՞ւնը չհաղթահարեց, թե՞ նրան թույլ չտրվեց հաղթահարել։ ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների մասին ճշմարտությունը ե՛ւ ընտրողները գիտեն, ե՛ւ ընտրվողները, ե՛ւ թե ընտրությունները դասավորողները։ Ես անձամբ չափազանց հուսախաբ եմ, որ այսպիսի արդյունքի հանգեցինք։ Իմ տպավորությամբ, մեր իշխանությունները դրսում բարեկամի պետք շատ չունեն։ Երեւի դրա կարիքը բնավ չեն զգում։ Դա թեեւ իրենց խնդիրն է, բայց չեմ կարծում, որ առողջ վերաբերմունք լինի Հայաստանը կառավարելու տեսանկյունից։ ՌԱԿ-ը միայն Հայաստանում չի գործում, այլ աշխարհով մեկ տարածված է։ Նրան այստեղ ցուցաբերվող վերաբերմունքը չի կարող չանդրադառնալ արտերկրի վրա։ Անշուշտ, մակերեսային մոտեցմամբ կարելի է ասել, որ դուք ձայների անհրաժեշտ քանակությունը չեք հավաքել։ Բայց ես չգիտեմ, թե ո՞վ է հավաքել կամ ո՞ւմ թույլատրվեց, որ հավաքի։ Կարծում եմ, կարելի էր մեզ, մեր կուսակցությանը, իբրեւ իշխանությունների բարեկամի եւ պաշտպանի, ընթացքից կողմնորոշել, նույնիսկ չքաջալերել, եթե, իհարկե, չքաջալերելու համար պատճառ կար։ Բայց անակնկալի բերելը ակամա խոսում է բարեկամության պակասի մասին։
¬ Իհարկե, ընտրություններում ընտրակեղծիքներն ամենեւին չեն բացառվում։ Դա ցավալի երեւույթ է, ուստի անդրադառնանք միջազգային խնդիրներին։ Վերջին շրջանում թուրք-ամերիկյան հարաբերությունները բավականին սրվել են։ Դրա վկայությունը Մարկ Գրոսմանի, Պոլ Վոլֆովիցի եւ Ռիչարդ Փեռլիՙ Թուրքիային հասցեագրած քննադատություններն են։ Ինչո՞վ է դա բացատրվում։
¬ Այն գործիչները, որ նշեցիք, «նոր պահպանողականների» անունն են կրում։ Վերջերս Պետրի Քենընը, որ պահպանողականներից է, իր «Կոնսերվատիվ» թերթում խորը վերլուծություն էր արել։ Նա ասում էր. «Այն մարդիկ, որոնք երկրի կառավարումն իրենց ձեռքն են վերցրել, ԱՄՆ-ի շահերը չէ, որ հետապնդում են։ Մենք նախ ամերիկյան շահերը պետք է պաշտպանենք, ապա նորՙ Իսրայելի շահերը»։ Եթե նկատել եք, Թուրքիայի վրա ամենազայրացածը հենց Վոլֆովիցն էր։ Նա եւ մյուսները, փաստորեն, Արիել Շարոնի շոշափուկներն են ԱՄՆ-ում։ Հակաիրաքյան այս պատերազմը որ մղվեց, բացարձակապես չի բխում ԱՄՆ-ի շահերից։ Սակայն արհեստականորեն զուգադրեցին ԱՄՆ-ի շահերն Իսրայելի շահերի հետ։ Այսպիսով, ջախջախեցին այն միակ երկիրը, որը բուռն կերպով հակաիսրայելական էր։ Մինչդեռ Իրաքն ԱՄՆ-ին ոչ սպառնում էր, ոչ վտանգում, ոչ էլ որեւէ առնչություն ուներ «Ալ Ղաիդայի» հետ։ Նույնիսկ իրենք չկարողացան այս ամենը փաստել։ Սակայն ուժի քաղաքականության վրա հենվող մարդիկ արդարանալու, բացատրելու, ապացուցելու պարտավորություն, որպես այդպիսին, չունեն։
¬ Թուրք-ամերիկյան հարաբերությունների սրումը չի կարող չանդրադառնալ այն դերի վրա, որը Թուրքիան խաղում է ԱՄՆ-ի մերձավորարեւելյան քաղաքականության մեջ։ Ձեր կարծիքով լարվածությունը կպահպանվի՞, թե՞ թուրքերն ամերիկացիների հետ համաձայնության կգան։
¬ Իմ խորին համոզմամբ, տարաձայնությունները «համաձայնեցված անհամաձայնություն» են։ Թուրքիայում իշխանության են եկել իսլամամետները, որոնք չափավոր քաղաքականություն են վարում։ Սակայն Թուրքիան շարունակ վարկաբեկվում է ողջ իսլամական աշխարհում, որովհետեւ Իսրայելի միակ պաշտպանն ու զինվորական կռվանն է։ Այս ամենը ստիպեց թուրքական իշխանություններին ԱՄՆ-ի ղեկավարության հետ համաձայնության գալՙ ցույց տալու, թե իրենք այդքան էլ ամերիկացիներին կամ Իսրայելին ծախված չեն, առավել եւս իսլամական աշխարհին չեն հակադրվում։ Թերեւս դրանով է պայմանավորված վերոհիշյալ «համաձայնեցված անհամաձայնությունը»։ Ի դեպ, այդքան բուռն հակադրությունից հետո Թուրքիան եւ ԱՄՆ-ը համագործակցության նոր եզրեր են գտել։ Թուրքիայի վրա ամենաշատը Վոլֆովիցն էր զայրացել, որովհետեւ հակաիրաքյան պատերազմն իրականում Իսրայելի պատերազմն է։ Իսկ Թուրքիան հենց դրան է հակադրվում։ Ինքը լավ գիտի, որ ԱՄՆ-ը բոլոր միջոցներն ունիՙ Թուրքիային շրջանցելու, ինչպես եւ շրջանցեց։ «Համաձայնեցված անհամաձայնության» գլխավոր նպատակն իսլամական աշխարհում Թուրքիայի դիմագիծը վերականգնելն էր, ինչը համապատասխանում է ե՛ւ ԱՄՆ-ի, ե՛ւ Իսրայելի շահերին, մանավանդ որ հարձակման թիրախը իսլամական մի պետություն էր։ Եթե Թուրքիան այս դեպքում լիարժեք թիկունք կանգներ ԱՄՆ-ին, ապա իսլամական աշխարհի համար կորած էր լինելու։ Ի վերջո, Թուրքիայում ամերիկյան զորքերի տեղակայման հարցն արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը կամ խորհրդարանը չեն որոշում։ Դուք գիտեք, որ զինվորականներն են որոշում։ Եթե նրանք թույլ չեն տվել, ուրեմն դա կատարվել է ներքին համաձայնությամբ։ Չէ՞ որ զինվորականներն առավելապես ենթակա են ԱՄՆ-ին եւ հարակցաբար նաեւ Իսրայելին։
¬ Ակնհայտ է «Ինջիռլիքի» ռազմաբազայի կարեւոր նշանակությունն ԱՄՆ-ի համար։ Ներկայումս նա Իրաքի տարածքում 4 ռազմաբազա է տեղակայում, որոնցից 1-ը երկրի հյուսիսում, որը լինելու է ամերիկյան կենտրոնական ռազմաբազան։ Դրանց տեղակայման դեպքում «Ինջիռլիքը», կամա թե ակամա, կկորցնի իր երբեմնի նշանակությունը։ Ի՞նչ եք կարծում, դա չի՞ հանգեցնի տարածաշրջանում ԱՄՆ-ի համար Թուրքիայի դերի նվազեցմանը։
¬ Ընդհակառակը։ Հյուսիսային Իրաքում կենտրոնական ռազմաբազայի տեղակայումը հաչս Թուրքիայի էՙ երաշխավորելու, որ ԱՄՆ-ն այնտեղ ներկա է, ուրեմն կզսպի քրդերին։ Արդեն նրանց զինաթափում են։ Եթե ռազմաբազան էլ տեղակայվի, քրդերն այդ դեպքում չեն կարող անկախություն հռչակել։ Սակայն ԱՄՆ-ի համար ամեն ինչ հարաբերական է։ Կարող է ամեն ինչից հրաժարվել, որովհետեւ ուժ ունի։ Ներկայումս դուրս է գալիս նաեւ Սաուդյան Արաբիայից։ Վերջին շրջանում ամերիկացիներն Իրաքում, Աֆղանստանում, նույնիսկ նախկին Խորհրդային Միությունում ռազմական ներկայություն են ապահովել, ըստ որում Ռուսաստանի համաձայնությամբ։ Այսինքնՙ բազաների թվի ավելացումը գուցե հանգեցնի «Ինջիռլիքի» նշանակության նվազեցմանը, բայց ոչՙ Թուրքիայի դերի։
¬ Ուրեմն ոչ թե Իրաքն է վերակառուցվում, այլ ամբողջ Միջին Արեւելքը։
¬ Դա գաղտնիք չէ։ Դրա մասին արդեն բազմիցս հայտարարել են։ 30 տարի առաջ «Մոնդ» թերթում կարդացել էի «Միջին Արեւելքի փոշիացման» քաղաքականության մասին։ Սա Իսրայելի նպատակն էր, եւ նա դրան կարող էր հասնել միայն շնորհիվ ԱՄՆ-ի։ Այս գործընթացն է շարունակվում, որպեսզի հնարավոր լինի Միջին Արեւելքում փոշու վերածել ամեն ինչ։
¬ Մերձավոր եւ Միջին Արեւելքի վերակառուցումն ինչպե՞ս կանդրադառնա Հայաստանի վրա։
¬ Ես այդ երեւույթին մտավախությամբ եմ նայում, որովհետեւ Իսրայելը, գործակցելով Թուրքիայի հետ, անշուշտ շահերի ուրույն համակարգ է ձեւավորել։ Դրա մեջ թերեւս ամենավերջինը հայերի տեղն է։ Ինչ խոսք, Իսրայելում հայոց ճակատագրով հետաքրքրվող մարդիկ էլ կան։ Բայց նա Թուրքիայի ամենափոքր ցանկությամբ կարողանում է զոհաբերել Հայոց ցեղասպանությունը, կզոհաբերի նաեւ Հայաստանի շահերը։ Այդ առումով ես Ռուսաստանի նկատմամբ շատ հավատ չունեմ։ Օրինակ, առանց լուրջ հակազդեցության թույլ տվեց ջախջախել Հարավսլավիային։ Այնուհետեւ ամերիկացիները մուտք գործեցին Միջին Ասիա, Վրաստան։ Ռուսաստանն ամբողջությամբ օղակի մեջ է առնված, նրա ուժը նվազել է։ Եթե վաղը Թուրքիան որեւէ քայլի դիմի, վախենամ, որ ռուսները, Հայաստանում ունենալով ռազմաբազա, նրան փրկելու համար գործնական որեւէ միջոց չձեռնարկեն, զոհողություն չկատարեն։ Բայց եւ այնպես պետք է տեսնել, թե Հայաստանին վնաս հասցնելը որքանո՞վ կհամապատասխանի Թուրքիայի շահերին։ Արդեն Եվրամիությանն անդամակցելու համար թուրքերը Կիպրոսի հարցը լուծելու հարկադրանքի տակ են հայտնվել, դեռ չեն լուծել։ Թուրքերին չհաջողվեց Իրաք ներխուժելՙ ճնշելու համար քրդերին։ Ամերիկացիները դա նրանց թույլ չտվեցին։ Այսինքնՙ քրդերին ջարդելու հարցում ԱՄՆ-ի եւ Թուրքիայի շահերը չեն համընկել։
¬ Ձեր խոսքերից կարելի է ենթադրել, որ Ռուսաստանը ներկա պահին ԱՄՆ-ի քաղաքական ազդեցության տակ է։ Մինչդեռ Հայաստանը նրա ռազմական եւ ռազմավարական դաշնակիցն է։ Մենք տարածաշրջանում եւս երկու դաշնակից ունենք։ ԱՄՆ-ն անընդհատ սպառնում է նրանց։ Ի՞նչ կասեիք Սիրիայի եւ Իրանի մասին։
¬ Այդ պետությունները բավական խելացի են քաղաքականություն մշակելու եւ կիրառելու հարցում։ Օրինակ, Սիրիայի իշխանություններն այնքան ճկուն քաղաքականություն են որդեգրել, որ երկիրը փրկելու համար կարող են շատ բաներից հրաժարվել։ Իսկ Իրանը շատ ավելի ճկուն է։ Սակայն նրանց մտահոգությունն իրենց երկիրն է, ոչ թե մենք։ Պետք է տեսնել, թե Սիրիայի քաղաքական հաշվեկշռի մեջ Հայաստանն ի՞նչ դեր ունի։ Իրանի համար Հայաստանը բավականին կարեւոր կամուրջ է Ռուսաստան դուրս գալուՙ հյուսիս-հարավ առանցքի առումով։ Բայց երբ զգան, որ առանցքի պատճառով տուժելու են, կարող են դուրս գալ եւ Հայաստանը թողնել իր ճակատագրին դեմ-դիմաց։
¬ Վերջերս Անթալիայում Թուրքիայի արտգործնախարար Գյուլը հայտարարեց, որ եթե Հայաստանը պաշտոնապես հրաժարվի պահանջատիրությունից, ապա մենք պատրաստ ենք բարելավել նրա հետ մեր հարաբերությունները։ Ձեր գնահատականը։
¬ Թուրքիայի նախորդ իշխանությունները Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների համար մեկից ավելի պայմաններ էին առաջադրում։ Առաջինը Ղարաբաղի հարցի լուծումն էր, զորքերի դուրսբերումն ազատագրված տարածքներից, հայերը պետք է հրաժարվեին Ցեղասպանության «պնդումներից» եւ հողային պահանջներից։ Եթե թուրքերն առաջին երկու նախապայմաններից հրաժարվում են, ուրեմն դա որոշակի առաջընթաց է։ Սաՙ մեկ, երկրորդՙ նրանք գիտակցում են, որ հայերը հողային պահանջ ունեն եւ իրենց հանցավոր են զգում, իսկ հանցանքը փորձում են թոթափել ի հաշիվ հայերի։ Իմ կարծիքով, եւ սա հայ ժողովրդի համար շատ հաճելի չէ, պայմանագրերը կնքվում են, որպեսզի տկարները հարգեն։ Զորավորներն այդպիսի հարկադրանք չունեն։ Դրա վառ օրինակն ԱՄՆ-ի ներկա վարքագիծն է։ Օրինակ, եթե մենք Թուրքիայի հետ համաձայնության գայինք եւ ասեինք, որ խորհրդանշական զիջողություն արեք մեզՙ տալով Անին եւ Արարատը, ձեզանից այլեւս հողային պահանջ չենք ունենա։ Ի՞նչ կլիներ, կամ ունենալու դեպքում ինչպե՞ս ենք այդ պահանջն իրականացնելու։ Ես անձամբ երբեք չեմ ուզում, որ մեր պահանջներից մի թիզ հող զիջենք։ Սակայն քաղաքական իրապաշտությամբ, եթե դա մեզ որեւէ արդյունքի է հասցնելու, թուրքերը թող խորհրդանշական զոհողություն անեն, եւ մենք պահանջատիրությունը դուրս մղենք օրակարգից։ Արդեն ՀՀ նախագահին մեղադրում են այդպիսի բան ասելու մեջ։ Սակայն իմ մեկնաբանությունը հետեւյալն է։ Նա դրանով հորդորել է թուրքերինՙ ճանաչել Ցեղասպանությունը։ Այն առումով, որ ճանաչումը հողային պահանջը կատարելու օրինական պարտավորություն չի դնում թուրքերի վրա։ Հողային պահանջ որեւէ պետության համար կարող է լինել այն պահին, երբ նա պահանջը կատարելու հնարավորություն կունենա։ Ներկայումս մենք դա իրապաշտորեն չունենք։ Սակայն Գյուլի հայտարարությունը, որտեղ նա երկու կետերում զիջում եւ ընդունում է, որ հայերը հողային պահանջ ունեն, անուղղակիորեն ցույց է տալիս, որ թուրքերը կարող են զիջումը մինչեւ վերջ կատարել։ Որովհետեւ ԱՄՆ-ն իրենց վրա ճնշում է բանեցնում, ինչպես նաեւ Եվրոպան։
¬ Քանի որ պահանջատիրությունն անմիջականորեն կապված է Հայ դատի հետ, ուզում եմ իմանալ, թե ի՞նչ տպավորություն եք ստացել նախագահ Ջորջ Բուշի ապրիլի 24-ի ելույթից։
¬ Բուշը դեռեւս չընտրվածՙ պաշտոնապես խոստացել էր, որ ընտրվելու դեպքում կճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Նախագահն առաջին տարում բավականին զորավոր արտահայտություններ օգտագործեց, 2-րդ տարին թուլացրեց դրանք, իսկ այս անգամ ուղղակի անարգանք էր ե՛ւ Մեծ եղեռնի հիշատակին, ե՛ւ ԱՄՆ-ի մեջ գործող հայկական քաղաքական ուժերին եւ կազմակերպություններին։ Նրա վերջին ելույթը յուրատեսակ ապտակ էր։ Բնավ ցեղասպանին դատապարտելու խոսք չկար նրա ելույթում։ Պարզապես նա խրախուսում է այսպես կոչված այն հայ եւ թուրք մարդկանց, որոնք, անցյալը մի կողմ թողած, դեպի ապագան են նայում։ Բուշի ելույթը նյութից ամբողջովին շեղված էր, եւ դա ԱՄՆ-ի քաղաքականության արտացոլումն է։ Ներկայումս Մ. Նահանգներն այնպիսի դիրքի վրա է, որ ամեն տեսակ ամբարտավանություն թույլ տալու կարողություն ունի։ Նրա համար հայերը մի բուռ ժողովուրդ են, ուստի կարելի է անտեսել վերջիններիս պահանջները։
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ