«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#100, 2003-05-28 | #101, 2003-05-30 | #102, 2003-05-31


ԻՆՉԻՑ ՎԱԽԵՑԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՌԻԿՆԵՐԸ

ՄԱԿ-ի հայտնությունը

Խորհրդարանական ընտրությունները, որոնք որեւէ նորություն քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխության տեսակետից չարձանագրեցին, այնուամենայնիվ ակնհայտ դարձրին մի էական հատկություն։ Փաստորեն կրկնվեց 1995-ի ընտրությունների մեխանիզմը, երբ բոլորովին անհայտ «Շամիրամ» անունով կանանց ինչ-որ միություն առաջ ընկնելով մի քանի ակտիվ եւ լուրջ քաղաքական ուժերից, այդ թվում եւ ՀՌԱԿ-ից, մտավ խորհրդարան։

Այն ժամանակ դա համարվեց կազմակերպված քաղաքական հնարքՙ այսպես կոչված արբանյակ արհեստական ստեղծված կազմակերպություններին խորհրդարան բերելու եւ փաստացի քաղաքական մեծամասնություն ապահովելու նպատակով։ Իսկ ինչ էր նշանակում «Միավորված աշխատանքային կուսակցության» հայտնությունը այս ընտրություններում, էլ չասենքՙ այս խորհրդարանում։

Ըստ էության երկու դեպքում էլ կրկնվեց նույն սցենարը։ Դրանում համոզվելու համար անհրաժեշտ է նկատի առնել մի քանի իրողություններ։ Նախ հիշենք, որ երկու կուսակցություններն էլ քաղաքական բեմահարթակում հայտնվեցին ամենավերջին պահինՙ նախընտրական շրջանի հենց նախօրյակին։ Նրանց չէր ճանաչում ողջ ընտրող հանրությունը։ «Շամիրամի» պարագայում ընդամենը մի փոքր հատված, որը գիտեր այդ կազմակերպության հհշածին բնույթը, «Միավորված աշխատանքային կուսակցության»ՙ ՄԱԿ-ի դեպքում ընդամենը կրթության ոլորտի որոշ ներկայացուցիչներ, այն էլ Գուրգեն Արսենյան անհատիՙ անվճար դասագրքեր բաժանելու ժամանակներից։ Ընդամենը։ Ովքեր են այս կուսակցության ներկայացուցիչները, ինչ քաղաքական կենսագրություն ունեն, ոչ ոք բացարձակապես չգիտեր։ Եվ չգիտեր մի շատ հասարակ պատճառով. որովհետեւ երեւակայել անգամ չէր կարող, որ այդ նորաստեղծ կազմակերպությունն ընդհանրապես որեւէ շանս ունի օրենսդիր մարմին մտնելու։ Եթե մի պահ ընդունենք, թե այդ կուսակցությանը նման անակնկալ վերելք հաջողվեց ապահովել նախընտրական քարոզարշավի ընթացքում, ապա, օրինակ, Քրիստոնեա-դեմոկրատական միությունը, որը ղեկավարում է Խոսրով Հարությունյանը, շատ ավելի լավ եւ կազմակերպված քարոզարշավ տարավ, քան ՄԱԿ-ը, էլ չենք խոսում, ասենք, ՀԺԱՄ-ի մասին։ Մինչդեռ այս երկու կուսակցություններից zգոնե առաջինը հաստատապես չհաղթահարեց 5 տոկոսի արգելանքը։ Այդ դեպքում որն էր ՄԱԿ-ի հաղթանակի գաղտնիքը։

Հազիվ թե այն պայմանավորված լինի ընտրակաշառքների բաժանմամբ, որովհետեւ այդ դեպքում նրանց ողջ ձայները պետք է ավելի խոշոր «շնագայլերը» տանեին, որոնք, ինչ խոսք, կային։ Այստեղ շատ ավելի կարեւորվում է իշխանությունների օժանդակության պարագան։ Իշխանություն ասելով թերեւս ներկայիս խորհրդարանական մեծամասնությանը պետք է նկատի առնել։ Որովհետեւ հանրապետության նախագահին շատ ավելի ձեռնտու կլիներ խորհրդարանում տեսնել այն ուժերին, որոնք պաշտպանել են իր նախընտրական ծրագրերը, ավելինՙ կողք-կողքի տարել իր նախընտրական քարոզարշավը։ Իսկ այս համատեքստում, եթե հիշում ենք, ՄԱԿ-ը եւ մի շարք մանր այդպիսի կազմակերպություններ այն ժամանակ սահմանափակվեցին միայն Ռ. Քոչարյանին սատարելու մասին հայտարարությամբ։ Այն դեպքում, երբ, օրինակ, ՀՌԱԿ-ը քաղաքական շրջանակների կողմից քննադատվում էր միայն այն բանի համար, թե ինչու դեռ նախագահական ընտրություններից ամիսներ առաջ պաշտոնապես իր զորակցությունը հայտնեց գործող նախագահին։ Իսկ դա վստահության առաջին երաշխիքն է։ Ստացվում է, որ այդ ուժերի խորհրդարան չմտնելու մեջ շահագրգիռ շրջանակները ավելի ներքին օղակներում են։ Իսկ վերջիններիս նման անհանդուրժողականությունը առավել քան բնական է։

Իրենց պոտենցիալով դրսի մի քանի ուժեր, ինչ խոսք, խորհրդարան մտնելով, հետագայում լուրջ հավակնություններ կարող էին դրսեւորել իշխանության գալու նպատակով։ Վերջիններիս սերտ համագործակցությունը հանրապետության նախագահի հետ իրենց կարող էր իսկապես անհանգստացնել, քանի որ այս խորհրդարանն էլ, ակնհայտորեն քաղաքական, սկզբունքային ամուր հիմքերից զուրկ է, ինչը նշանակում էՙ ամեն պահ հնարավոր է խորհրդարանում քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխություն։ Կարելի է այս տեսակետից բերել ընդամենը մի օրինակ ներկայիս խորհրդարանից. «Կայունություն» պատգամավորական խումբը հենց բացարձակ մեծամասնությանՙ «Միասնություն» դաշինքի պառակտման հետեւանքով կարողացավ իր պատասխանատվությունը առաջարկել եւ կառավարությունում պորտֆելներ ստացավ։ Իսկ քաղաքական ավելի մեծ շրջանակները, որոնք այսօր խորհրդարանում են, չեն կարող հաշվի չառնել, որ Ռ. Քոչարյանի պաշտոնավարության վերջին ժամկետն է մեկնարկել. հինգ տարի հետո նոր մարդկանց միջեւ պետք է ընտրություն կատարվի։ Խորհրդարանի ներկայիս մեծամասնությունը, որը այս ընտրությամբ փաստորեն պատճենեց իրեն ԱԺ-ում, չէր կարող արգելել ոչ խորհրդարանական անխտիր բոլոր ուժերին մտնել օրենսդիր իշխանություն, որովհետեւ վերջնականապես կասկածի տակ կառնվեր ընտրությունների արդյունքն ընդհանրապես։ Եվ ընտրվեց, ինչպես ասում են, չարյաց փոքրագույնի տարբերակը. խորհրդարան բերվեց մի կուսակցություն, որը քաղաքական կշիռ, հասարակական վստահություն չունի, բնականաբար որեւէ լուրջ հավակնություն ունենալ չի կարող։

ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4