«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#100, 2003-05-28 | #101, 2003-05-30 | #102, 2003-05-31


ԱԺ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՏՆԱՀԱՐԵՑԻՆ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՆՈՐՄԵՐՆ ՈՒ ԱՐԺԵՔՆԵՐԸ

Խոսրով Հարությունյանը վիճարկում է ընտրությունների արդյունքները...

Հայաստանի քրիստոնեա¬դեմոկրատական միության քաղաքական խորհուրդը երեկ հանդես եկավ հայտարարությամբ, որով ԱԺ ընտրությունները գնահատեց որպես երկրում ժողովրդավարության ընթացքի վիժեցում, որը լրջորեն սպառնում է երկրի ու հասարակության հետագա զարգացմանըՙ միաժամանակ ոտնահարելով բարոյական նորմերն ու արժեքները։

Միության նախագահ Խոսրով Հարությունյանը երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել ընտրությունների արդյունքների վերաբերյալ անհամաձայնություն արտահայտելու եւ դիտարկումներ անելու նպատակով։ Նա հայտնեց, որ իրենց անհանգստացնում է ոչ այնքան 8000 ձայն ստանալու հանգամանքը, որն իրականում չի համապատասխանում իրենց արած հաշվարկներինՙ առնվազն 40000 ձայն, այլեւ մեր իրականության մեջ արդեն արմատացած բացասական երեւույթների առկայությունը։ Վերջին օրերին բոլորիս համար ակնհայտ դարձավ, որ ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանելը վերածվել է բնական երեւույթիՙ միանգամայն ընդունելի մեր հասարակության մեջ։ Նա համոզված է, որ ձախողված ընտրությունների հետեւանքները շոշափելի կդառնան առաջիկայումՙ անմիջականորեն արտացոլվելով հանրային կյանքում, իսկ դրանց հաղթահարումը լուրջ դժվարություններ կստեղծի իշխանությունների համար։

Նա այն միտքն արտահայտեց, որ 1995 թվականից հետո ձեւավորված քաղաքական խեղաթյուրված համակարգերը սպառել են իրենց, քանզի երկրի ու հասարակության համար զարգացման որեւէ պաշար չեն պարունակում։

Իբրեւ ձախողված ընտրությունների առաջին վտանգավոր հետեւանք նա արձանագրեց հացի գնի թանկացումը։ Ըստ պրն Հարությունյանի, անհրաժեշտ քայլեր չձեռնարկելու դեպքում երկիրը կհայտնվի վտանգավոր իրավիճակումՙ զրկվելով եվրոպական չափորոշիչներով առաջ գնալու հնարավորությունից։

Նա անդրադարձավ նաեւ ընտրական հանձնաժողովների թույլ տված ճչացող խախտումներինՙ հատկապես ընտրողների քվեները հաշվելու ժամանակ, ապա խոսեց ընտրական օրենսգրքում վճռորոշ փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին։

Չնայած ընտրություններից իրենց ունեցած մեծ հիասթափությանը, շարունակելու են պայքարել եւ գործուն մասնակցություն ունենալ մեր երկրում ժողովրդավարության վերակենդանացման համարՙ ընդունելով կառուցողական ընդդիմախոսի կեցվածք։

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4