«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#100, 2003-05-28 | #101, 2003-05-30 | #102, 2003-05-31


ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎՆ ԱՎԱՐՏՎԵՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՄԲ

ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ, 30 ՄԱՅԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այսօր այստեղ կայացել է ԱՊՀ-ի երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը, որի ընթացքում 11 պետությունների նախագահներն ընդունել են մի շարք հայտարարություններ, այդ թվումՙ Իրաքի նկատմամբ սահմանված պատժամիջոցները չեղյալ հայտարարելուՙ ՄԱԿ-ի որոշումը պաշտպանելու եւ այդ երկրի ետպատերազմյան վերականգնման գործում ՄԱԿ-ի դերն ակտիվացնելու մասին, ՄԱԿ-ի դիտորդներին Ադրբեջանի նախագահական ընտրություններին եւ Վրաստանի խորհրդարանական ընտրություններին ուղարկելու մասին, միասնական տնտեսական գոտու ստեղծման մասին համաձայնագրի ստորագրման համար սեպտեմբերին Յալթայում կայանալիք ԱՊՀ-ի գագաթաժողովը հանրագումարային սահմանելու մասին, տեղահանված անձանց, ազգային փոքրամասնությունների ու ժողովուրդների իրավունքների վերականգնման վերաբերյալ համաձայնագրի գործողության ժամկետը տասը տարով երկարաձգելու մասին։

Գագաթաժողովի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսն անցկացրել է այժմ ԱՊՀ-ում նախագահող Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կուչման։ Մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպումը կարճատեւ է եղել. այն տեւել է մոտավորապես չորս րոպե։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գոհ է ԱՊՀ-ի գագաթաժողովի արդյունքներից։ Նա «միանգամայն բավարարված է», հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Ալեքսեյ Գրոմովը։

Ելույթ ունենալով համաժողովում, Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ գագաթաժողովը կամրապնդի Համագործակցությունը, քանի որ ոչ պաշտոնական հանդիպումների ձեւաչափը հնարավորություն է տալիս քննարկելու ինչպես ԱՊՀ-ի, այնպես էլ միջազգային հրատապ խնդիրները։

ԱՊՀ-ի հերթական գագաթաժողովը սեպտեմբերի 19-ին տեղի կունենա Յալթայում։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4