4-օրյա այցով Հայաստան է ժամանել ֆրանսիացի Բուշ-դյու-Ռոնի մարզային խորհրդի պատգամավորական 37 հոգանոց խումբը, խորհրդի նախագահ, սենատոր Ժան Նոել Գերինի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում են պետական պաշտոնյաներ, տարբեր բնագավառների պատասխանատուներ, լրագրողներ։
Պատվիրակությունն արդեն հասցրել է այցելել Մեծ եղեռնի հուշահամալիր եւ ծաղկեպսակ դնել, հանդիպել առողջապահության նախարար Արարատ Մկրտչյանի հետ եւ քննարկել առաջիկա ծրագրերը։ Հանդիպել են նաեւ ֆրանսիական համալսարանի ուսանողներին ու հենց տեղում լուծել համալսարանի շրջանավարտներից 10-ին Ֆրանսիա վերապատրաստման ուղարկելու հարցը։ Սենատորը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ հիացած է Հայաստանով ու մեծ սիրով կցանկանար ապրել այստեղ, իսկ հայ երիտասարդության հետ հանդիպումից հետո նշեց, որ «երիտասարդությունը թոքերն են երկրի»։ Սենատոր Ժան Նոել Գերին նշեց, որ ամիսը երկու-երեք անգամ հանդիպում է հայկական համայնքի ներկայացուցիչներին եւ նրանց ակտիվ մասնակցության շնորհիվ է, որ արդեն 15 ամիս առաջ կնքված մի շարք համաձայնագրեր եւ տնտեսական երկարաժամկետ փոխհարաբերություններ են հաստատվել։ Մարզային խորհրդի համագործակցության ծրագրում տեղ են գտել նաեւ մշակութային, սպորտային եւ բժշկական բնագավառները։ Պատվիրակությունը երեկ եղավ նաեւ Նորք-Մարաշ բժշկական կենտրոնում եւ նվիրեց նոր բուժսարքավորումներ, որոնց միջոցով առանց վիրահատության հնարավոր է կանխել ինֆարկտը եւ բուժել։ Կենտրոնի տնօրենուհի Լիդա Մուրադյանին եւ գլխավոր բժիշկ Հրայր Հովակիմյանին սենատոր Գերինը պարգեւատրեց Բուշ-դյու-Ռոն նահանգի պատվո մեդալով ու հուշանվերներով։
Պատվիրակությունը շրջեց բժշկական կենտրոնում եւ հիացավ կատարված աշխատանքով։ Սենատորը հրաժեշտ տալուց առաջ խոստացավ հոկտեմբերին Հայաստան ուղարկել այն անհրաժեշտ սարքավորումները, որոնց կարիքն ունի կենտրոնը։
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ