«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#100, 2003-05-28 | #101, 2003-05-30 | #102, 2003-05-31


ՀԱՅ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸՙ ԲՈՍՖՈՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԽԱՂԱՂ ՕՎԿԻԱՆՈՍ

ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի եւ արտգործնախարարության նախաձեռնությամբ եւ համատեղ ջանքերով մեկ ամիս առաջ ինստիտուտի կազմում ստեղծվեց Արեւելյան Ասիայի երկրների բաժինը։

ԳԱԱ նախագահությունը նոր բաժնի ստեղծման հրամանագիրը տվել էր դեռեւս անցած տարվա սեպտեմբերին, սակայն բացումը գործնականորեն իրականանալի դարձավ այս տարվա ապրիլին։ Նորաստեղծ բաժնի գործունեության մասին զրուցեցինք արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Հովհաննիսյանի հետ։

«Կարծում եմ, որ սա կարեւոր իրադարձություն է առհասարակ հայ արեւելագիտության համար։ Նման բաժին ունենալու անհրաժեշտությունը վաղուց էինք զգում։ Մինչեւ հիմա ուսումնասիրել ենք Մերձավոր եւ Միջին Արեւելքի երկրները, ավելի կոնկրետՙ Իրանի, Թուրքիայի, արաբական երկրների, Հին Արեւելքի եւ միջնադարյան քրիստոնյա Արեւելքի պատմությունը, քաղաքականությունը, մշակույթը եւ այլն։ Դրանք, ինչ խոսք, չափազանց կարեւոր են, սակայն արեւելագիտության միայն մի մասն են կազմում։ Մինչդեռ Արեւելյան Ասիայի երկրների բաժնի ստեղծմամբ մեր ուսումնասիրությունների դաշտը մեծապես ընդլայնվում է, պատկերավոր ասածՙ Բոսֆորի ափերից մինչեւ Խաղաղ օվկիանոս։ Առաջին հերթին կուսումնասիրվեն Հնդկաստանի, Չինաստանի, Ճապոնիայի պատմությունը, արդի արտաքին եւ ներքին քաղաքականությունը, Հայաստանի հետ միջպետական հարաբերությունները եւ հայ ժողովրդի պատմական կապերն այդ երկրների հետ։ Չմոռանանք, որ Հնդկաստանում ժամանակին ունեցել ենք հզոր ու արժեքավոր գաղութ, որը մեծ դերակատարում է ունեցել հայ ժողովրդի պատմության մեջ»։

Պրն Հովհաննիսյանը առանձնակի շեշտեց, որ արեւելագիտությունը Հայաստանում ռազմավարական ուղղություն է, քանզի գիտությունը միաձուլում է արտաքին քաղաքականությանը։ Գիտական տվյալներն օգտակար կլինեն մեր երիտասարդ հանրապետության արտաքին քաղաքականության համար, իսկ վերջինս էլ կնպաստի գիտության տվյալ ճյուղի զարգացմանը։ Բարեբախտաբար, արդեն լուծվել է ամենագլխավորըՙ կադրերի խնդիրը, առանց որի անհնարին է որեւէ ծրագրի իրագործումը։ Արտգործնախարարության Արեւելյան Ասիայի բաժնի աշխատակիցները ընդգրկվել են ակադեմիայի նույնանուն բաժնում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանք կրթություն են ստացել Չինաստանում, Հնդկաստանում, Ճապոնիայում։ Մոտակա երկու տարիներին բաժինը կհամալրվի նոր կադրերով, քանզի այդ երկրներում այսօր սովորում են հայ ուսանողներ եւ ասպիրանտներ։

Առաջին հաջողությունը ձեռք բերվեց Հայաստանում Հնդկաստանի դեսպանի գործուն աջակցությամբՙ մայիսի 16¬ին ստորագրվեց հասկացողության հուշագիր, համաձայն որի համագործակցություն հաստատվեց Հնդկաստանի Չանդիգար քաղաքի հետազոտական կենտրոնի հետ։ Այնտեղ առաջիկայում կբացվի կովկասագիտության բաժին, որի ծրագրերի իրականացմանը կմասնակցեն ինստիտուտի գիտաշխատողները, որոնց անգլերեն մի շարք աշխատություններն արդեն ուղարկվել են հնդիկ գիտնականներին։ Բաժնի պաշտոնական բացումը տեղի կունենա հոկտեմբերինՙ նախագահ Քոչարյանի այցի ժամանակ։

Այսպիսով, Մոսկվայի արեւելագիտության ինստիտուտից հետո Հայաստանը դարձավ երկրորդ պետությունը ԱՊՀ երկրների մեջ, ուր արեւելագիտությունը կուսումնասիրվի այսչափ մեծ ընդգրկումով։

Սա, անշուշտ, իրադարձային երեւույթ է մեր գիտական, քաղաքական ու մշակութային կյանքում, որն էլ ավելի կընդլայնի հայ հասարակության մտահորիզոնըՙ միաժամանակ հաղորդակից դարձնելով արեւելաասիական իմաստուն կենսափիլիսոփայությանն ու ինքնատիպ հոգեւոր արժեքներին։

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4