«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#100, 2003-05-28 | #101, 2003-05-30 | #102, 2003-05-31


ԱՐՏԱՎԱԶԴ ՔԱՐԱՄՅԱՆ. «ՄԵՐ ԲԱԽՏՆ ԷԼ ԱՅՍՊԵՍ ԴԱՍԱՎՈՐՎԵՑ»

«Փյունիկ»¬«Բանանց» գավաթի կիսաեզրափակիչ հանդիպմանը հետեւող ֆուտբոլասերների թվում էին նաեւ հունական «Պանահաիկիում» հանդես եկող Արման եւ Արտավազդ Քարամյանները։ Խաղից հետո հարցազրույցի հրավիրեցի Արտավազդին։

¬ Ինչո՞վ է պայմանավորված ձեր վաղաժամ վերադարձը Երեւան։ Չէ՞ որ Հունաստանի առաջնության ավարտին դեռ մեկ տուր կա։

¬ Առաջնությունում «Պանահաիկիի» ճակատագիրը վաղուց արդեն որոշված է. թիմը ստիպված կլինի հրաժեշտ տալ բարձրագույն խմբին։ Ուստի, հաշվի առնելով ՀՀ հավաքականի առաջիկա հանդիպումը Ուկրաինայի ընտրանու հետ, մարզիչներին խնդրեցինք թույլ տալ ավելի վաղ մեկնել Երեւանՙ խաղին լավագույն ձեւով նախապատրաստվելու համար։ Մարզվում ենք «Փյունիկում», իսկ հունիսի 1-ից կսկսվի հավաքականի ուսումնամարզական հավաքը։

¬ Որքան գիտեմ, «Պանահաիկիի» հետ պայմանագիրը մեկ տարով է։ Ի՞նչ ճակատագիր է սպասում ձեզ։

¬ Այո, պայմանագրի ավարտին դեռ 6 ամիս կա, տեսնենք, թե ինչպես կդասավորվի մեր հետագա ֆուտբոլային գործունեությունը։ Աստված տա, ամեն ինչ բարեհաջող ավարտվի։ Հավաքականի խաղից հետո կվերադառնանք Հունաստան։ Գուցե այլ թիմ գտնենք։

¬ Իսկ եթե Հունաստանում չհաջողվի այլ ակումբ տեղափոխվել, հնարավո՞ր է, որ գոնե վարձավճարով հանդես գաք «Փյունիկում»։

¬ Չգիտեմ, այդ մասին խոսակցություն չի եղել։

¬ Իսկ «Փյունիկի» ղեկավարությունն ի՞նչ կարծիքի է։

¬ Ցանկանում են, որ թիմ վերադառնանք, սակայն պայմանագիր ունենք «Պանահաիկիի» հետ։ Հնարավոր է, որ հետագայում երկու ակումբները բանակցեն մեր հարցով։ Առայժմ ոչինչ հայտնի չէ։ Իսկ մենք ընդհանրապես ցանկանում ենք մեծ ֆուտբոլ խաղալ, որեւէ օտարերկրյա թիմում ընդգրկվել։

¬ «Փյունիկում» դուք առաջատար ֆուտբոլիստներից էիք, սովոր էիք հաղթանակների, հաղթողի հոգեբանություն էիք ձեռք բերել։ Դժվար չէ՞ հանդես գալ «Պանահաիկիում», որը մշտապես պարտվում է։

¬ Իհարկե, հոգեբանորեն դժվար էր «Պանահաիկիում» խաղալը, երբ սովոր ես հաղթանակների, միշտ վայելել ես հաջողության բերկրանքը։ Իսկ Հունաստանում հաճախակի խաղադաշտը ստիպված ես թողնել պարտված։ Թիմի անմխիթար վիճակն իր կնիքն էր թողել ֆուտբոլիստների գործողություններում, խաղացողները կարծես բարոյալքվել էին, առանձնապես ջանք չէին թափում։

¬ Այնուամենայնիվ, լինելով արդյունավետ ֆուտբոլիստներ, դու ընդամենը մեկ գոլ խփեցիր առաջնությունում, իսկ Արմանն ընդհանրապես չկարողացավ գրավել մրցակցի դարպասը։

¬ Նախ պետք է հաշվի առնել, որ, ելնելով թիմի շահերից, մենք հանդես էինք գալիս մեզ համար անսովոր դիրքերում։ Արմանը խաղում էր կիսապաշտպանությունում, ես պաշտպանի պարտականություն էի կատարում։ Բնական է, որ մեր խաղը նման անսովոր պայմաններում չէր կարող արդյունավետությամբ աչքի ընկնել։ Բացի այդ, թիմը հիմնականում պաշտպանական խաղաոճով էր խաղում, փոքր ուժերով հարձակվում եւ նման մարտավարությունը չէր կարող հաջողություն բերել։

¬ Իսկ Հունաստանում ձեր խաղն ինչպիսի՞ արձագանքներ է ունեցել։

¬ Երկուսս էլ մասնակցել ենք թիմի բոլոր հանդիպումներին, հիմնական կազմի խաղացողներ ենք եւ, դատելով հունական լրատվամիջոցների արձագանքներից, դրական գնահատականի ենք արժանացել։ Օրինակ, ԱԵԿ-ի հետ խաղում թեեւ 0¬2 հաշվով պարտվեցինք, սակայն Արմանն ու ես բարձր գնահատականի արժանացանք։

¬ Բացի ձեզանից, թիմում այլ լեգեոներներ կա՞ն։

¬ Թիմում 1 ֆրանսիացի, 2 իտալացի, 1 խորվաթ ֆուտբոլիստներ են հանդես գալիս։

¬ Իսկ այս անհաջողությունն ինչպե՞ս է անդրադարձել մարզչական կազմի վրա։

¬ Մինչ մեր թիմ ընդունվելը, մարզիչն արդեն մեկ անգամ փոխվել էր։ Մեր հանդես գալու ժամանակ էլ 2 անգամ մարզչի փոփոխություն տեղի ունեցավ։ Ներկայիս մարզչի ճակատագիրն էլ առայժմ անորոշ է։

¬ Խոսակցություններ կային, որ «Պանահաիկիին» այլ ակումբներին ֆուտբոլիստների տրանսֆերային գումարների չվճարման համար ցանկանում էին հանել առաջնությունից։ Ձեր նկատմամբ թիմն իր ֆինանսական պարտականությունները կատարո՞ւմ է։

¬ Ոչ լրիվությամբ։ Արդեն չորս ամիս աշխատավարձ չեն վճարել։

¬ Հույս կա՞ ստանալու։

¬ Խոստացել են, տեսնենք ե՞րբ կլինի։ Ակումբի ղեկավարությունը խոստանում է, որ հաջորդ մրցաշրջանում թիմի ֆինանսական դրությունը կբարելավվի։

¬ Արտավազդ, վաղուց չէիր դիտել նախկին թիմակիցներիդ խաղը։ Ինչպիսի՞ տպավորություն ստացար։

¬ Ճիշտն ասած, առաջին խաղակեսում «Փյունիկը» շատ լավ խաղաց, իսկ ահա ընդմիջումից հետո տղաները մի տեսակ կաշկանդված էին գործում, հետ քաշվեցին, երեւի ցանկանում էին պահպանել հաղթական հաշիվը։ «Բանանցը» երկրորդ խաղակեսում շատ լավ խաղաց, հարձակման գծում Հակոբյան եղբայրներն իրոք շատ լավ հանդես եկան։ Շնորհավորում եմ «Բանանցին»։ Հաղթեց ուժեղագույնը։

¬ Չե՞ս գտնում, որ ձեր բացակայությունը «Փյունիկում» զգացվում է։

¬ Թող անհամեստություն չլինի, սակայն բոլորն էլ այդ կարծիքին են։ Մեր բախտն էլ այսպես դասավորվեց։

¬ Ի՞նչ կասես Ուկրաինայի հավաքականի հետ առաջիկա հանդիպման մասին։

¬ Աչքով չտանք, լավ մարզավիճակում ենք, պիտի ամեն ջանք ու եռանդ չխնայենք հաղթելու կամ գոնե խաղը ոչ-ոքի ավարտելու համար։ Բոլորս էլ անհամբերությամբ ենք սպասում այդ կարեւորագույն հանդիպմանը։

¬ Իսկ «Փյունիկի» երկրպագուները, կարծում եմ, անհամբերությամբ սպասում են ձեր վերադարձին։

¬ Առայժմ նրանց ոչնչով չենք կարող ուրախացնել։ Գուցե Հունաստան վերադառնալուց որոշ ժամանակ անց ինչ-որ բան պարզ լինի։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4