«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#100, 2003-05-28 | #101, 2003-05-30 | #102, 2003-05-31


ՄԵԿՆԱՐԿԵՑ ՇԱԽՄԱՏԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

Գագիկ Հովհաննիսյանը հաղորդում է Ստամբուլից, Ռեպորտաժ «Արմավիա» ընկերության աջակցությամբ

Ստամբուլում, իսկ ավելի ճիշտՙ նրա արվարձան-քաղաքներից մեկումՙ Կումբուրգազում, մեկնարկեց Եվրոպայի տղամարդկանց 4-րդ անհատական առաջնությունը։ 3 օր անց պայքարը կսկսեն նաեւ կանայք։ Ծովափին գտնվող «Մարին Պրինցես» շքեղ հյուրանոցում 206 շախմատիստներ, որոնցից 151-ը գրոսմայստերներ են, սկսեցին վիճարկել ոչ միայն աշխարհամասի չեմպիոնի տիտղոսը, այլեւ աշխարհի առաջնության 39 ուղեգրեր։ Կխաղարկվի 13 տուր։

Հայաստանից, բացի Վլադիմիր Հակոբյանից, որը շնորհիվ բարձր վարկանիշի աշխարհի առաջնությունում խաղալու իրավունք ունի, հանդես են գալիս Սմբատ Լպուտյանը, Լեւոն Արոնյանը, Կարեն Ասրյանը, Գաբրիել Սարգսյանը, Աշոտ Անաստասյանը, Արտաշես Մինասյանը, Ռաֆայել Վահանյանը, որը ժամանել էր ավելի վաղՙ Ֆրանկֆուրտից։ Տողերիս հեղինակին շախմատի եվրոպական միությունը նշանակել է առաջնության վճռաբեկ հանձնաժողովի անդամ։ Չնայած աշխարհի պատանիների չեմպիոն Արոնյանը եւ Եվրոպայի անցյալ տարվա առաջնության մրցանակակիր Սարգսյանը նույնպես ունեն աշխարհի առաջնության ուղեգրեր, բայց որոշել են մասնակցել հեղինակավոր մրցաշարին։

Անդրանիկ տուրում, Մինասյանը կատարելով ընդամենը 7 քայլ, ոչ-ոքի խաղաց Ազմայփարաշվիլու հետ։ Երբ հաղորդվում են այս տողերը, մեր մյուս շախմատիստների պարտիաները դեռ շարունակվում են։ Բացի հայաստանցի 7 գրոսմայստերներից, այստեղ խաղում են մեր եւս 2 հայրենակիցներՙ Սերգեյ Մովսիսյանը (Սլովակիա) եւ պատանի Սերգեյ Գրիգորյանցը (Ռուսաստան)։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4