«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#103, 2003-06-03 | #104, 2003-06-04 | #105, 2003-06-05


«ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԹԻՎ 22 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՈՒՄ

Հայաստանում այս կամ այն քաղաքական կուսակցության անդամ լինելը խիստ հարաբերական է։ Իրականությունը վայրկենապես կարող է փոխվել, երբ անձնական շահեր են առաջ գալիս։ Նախընտրական եւ հետընտրական շրջանում այս ամենն այնքան ակնհայտ է դառնում, որ չես հասցնում զարմանալ։ Իսկ եթե սրան էլ ավելանում են ընտրակաշառքների զանգվածային բաժանումը, քվեներ «ապահոված» մարդկանց հետ ծագած անհամաձայնությունները փոխադարձաբար «գցելու» պատճառով եւ նախընտրական խոստումներին ու ձեռնարկներին հակադարձ համեմատական քայլերը, ապա ստացվում է մի յուրօրինակ կոկտեյլ, որը միայն Հայաստանում կարող է ստացվել։

Նմանատիպ մի կոկտեյլ էր ստացվել Արարատի մարզում, ավելի կոնկրետՙ թիվ 22 ընտրատարածքում։ Մայիսի 21-ին այս ընտրատարածքում ընդգրկված մի քանի գյուղեր (Արեւշատ, Մրգանուշ եւ այլն) էր եկել «Արդարություն» դաշինքի ղեկավար Ստեփան Դեմիրճյանը։ Նրան, բնականաբար, դիմավորել էին ՀԺԿ տեղի կառույցի անդամները եւ ղեկավարները։ Կարծես թե տարօրինակ որեւէ բան չկա։ Սակայն Ստեփան Դեմիրճյանից ընդամենը մի քանի ժամ հետո նույն երթուղով ընտրողների հետ հանդիպման եկավ այս ընտրատարածքում առաջադրված Հանրապետական կուսակցությունը ներկայացնող Հենրիկ (Ջոնիկ) Աբրահամյանը, նույն ինքըՙ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի եղբայրը։ Եվ ի՞նչ եք կարծում, ովքե՞ր էին նույն հանդիսավորությամբ նրան դիմավորում։ Դարձյալ ՀԺԿ-ի նույն ակտիվիստները։

Այնուհետեւ ՀՀԿ թեկնածուն Բարձրաշենում եւ մի շարք գյուղերում 100-ական դոլարներ նվիրեց ավարտական դասարաններին, 75¬100 հազարական դրամ օգնություններ տարբեր խնդրանքներով իրեն դիմած անձանց։ Մրգանուշ եւ Դվին գյուղերի բնակիչներին երկնագույն վառելիք հասցնելու խոստումներ տրվեցին եւ անգամ խողովակները բերվեցին։ Հանդիպումների ժամանակ թեկնածուն եւ նրա մարդիկ խիստ պերճախոս էին խոստումներ տալու գործում։ Սակայն, ավաղ, Դվինի եւ Մրգանուշի բնակիչներին վիճակված չէր տեսնելու բնական գազի մուտքն իրենց տներ, որովհետեւ խողովակներն ինչպես բերվել եւ թափվել էին, ընտրություններից հետո այնպես էլ հավաքվեցին եւ տարվեցին։ Սա, թերեւս, ընտրողների ձայները շահելու ամենաթարմ եւ յուրօրինակ տեխնոլոգիան է, որն, անշուշտ, նորանոր դրսեւորումներ կունենա առաջիկայում։

Ի դեպ, այս գյուղերի գյուղապետները դաշնակցականներ են...

Իսկ, օրինակ, Վարդաշեն եւ Գետաշեն գյուղերի գյուղապետները, չգիտես ինչու, գյուղացիներին կոչ էին անում համամասնական ցուցակում քվեարկել Միավորված աշխատանքային կուսակցության օգտին։ Երեւի շատ էին ոգեւորվել «Մենք արդեն կուսակցություն ենք» լոզունգից։

Սակայն վերադառնանք Հենրիկ Աբրահամյանին։ Ընտրություններից հետո նրա նյարդերի վրա սկսեցին ազդել Բարձրաշեն գյուղի քվեներ ապահովողները, որոնցից յուրաքանչյուրն իրեն է վերագրում նրան տված ձայների քանակը։ Խիստ դժվար է լինելու պարզել, թե նրանցից ովքեր են ստախոս կամ «գցող»։

Վերոնշյալ կոկտեյլի եւս մեկ նրբերանգ։ Երդվյալ ընդդիմադիր, նախորդ խորհրդարանում ակտիվ ՀԺԿ-ական Արամայիս Բարսեղյանը («Թալանտորգի Մայիս» մականունով), որը Հենրիկ Աբրահամյանի մրցակիցն էր, դարձյալ բոլորովին «անհասկանալի» պատճառներով նախընտրական քարոզչություն գրեթե չիրականացրեց։

Այս ամենից հետո կարելի է զարմանալ միայն մեկ բանից, թե այդպիսի կոկտեյլից Արտաշատի տարածաշրջանի այդ գյուղերի բնակիչները եւ մենք բոլորս ինչպես սրտխառնոց կամ ստամոքսի խանգարում չենք ունենում։

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4