«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#103, 2003-06-03 | #104, 2003-06-04 | #105, 2003-06-05


ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ ԿԸՀ-Ն ԹՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԹՈՒՅԼԻԿ Է

2003 թ. մայիսի 25-ի ՀՀ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի պաշտոնական ՀՀ ԿԸՀ-ի ամփոփիչ արձանագրության մեջ նշված թվերըՙ

¬ տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրված եւ ստորագրված քվեաթերթիկների թիվըՙ 2.433.657 է,

¬ գրանցված եւ քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը, ըստ ստորագրություններիՙ 1.215.908,

¬ մարած (չօգտագործված ընտրողների ոչ ճիշտ լրացրած եւ հետ վերադարձված) քվեաթերթիկների թիվըՙ 1.216.984,

¬ քվեատուփում առկա վավեր քվեաթերթիկների թիվը (վավեր են համարվում կողմՙ գումարած դեմ քվեաթերթիկները)ՙ 1.120.254,

¬ քվեատուփում առկա անվավեր քվեաթերթիկների թիվըՙ 98046,

¬ քվեատուփում առկա սահմանված նմուշի քվեաթերթիկների ընդհանուր թիվըՙ 1.195.504,

¬ կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվըՙ 559.687,

¬ դեմ քվեարկած քվեաթերթիկների թիվըՙ 552.257։

Երբ գումարում ենք դեմ, կողմ եւ անվավեր քվեաթերթիկները, ստանում ենքՙ 1.209.990, որը 5918-ով պակաս է գրանցված եւ քվեաթերթիկ ստացած մասնակիցների թվից։ Երբ տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրված եւ ստորագրված քվեաթերթիկների թվիցՙ 2.433657-ից հանում ենք գրանցված եւ քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների եւ մարած քվեաթերթիկների թիվը, տարբերությունը 765 քվեաթերթիկ է լինում եւ այսպես շարունակ...

Այս անճշտությունները եւ թվաբանական սխալ հաշվարկները պարզելու համար դիմեցինք ԿԸՀ անդամ Պավել Եդիգարյանին։ Ահա թե ինչ ասաց նա. «Սահմանադրության հանրաքվեն, միեւնույն է, չանցած բան է եւ դրա վրա կենտրոնանալ միտք չունի։ Մենք այդ թվերը տալիս ենք նույնությամբ, ինչպես ստանում ենք ընտրատարածքներից»։ Իսկ այն հարցին, թե փորձե՞լ են գոնե գումարել այդ թվերը, որ մի քանի հազարի տարբերություն չտա, պրն Եդիգարյանը նշեց, որ մի քանի հարյուրը կամ հազարը 2433657 թվի մեջ էական չէ, մանավանդ որ սահմանադրության փոփոխությունների հարցը չի անցել, ոչ մի էական նշանակություն չունի եւ դա է պատճառը, որ չեն ուզել որեւէ թիվ ուղղել, դրա իմաստը չկար, ժամանակ էլ չկար...

Մնում է, որ յուրաքանչյուր ընտրող հաշվիչը վերցնի ու ընտրություններից հետո օգնի ԿԸՀ-ինՙ պատկերները ճիշտ նկարելու համար։

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4