«Նոր սերունդ»-ի համարձակ խոսքը
«Չի կարելի հերքել տեղի ունեցած ողբերգության փաստը։ Պատմությունը չպետք է մոռանա դա. մեկ կամ երկու մարդ չի մահացել, ոչնչացվել է ավելի քան 1,5 մլն ժողովուրդ, իսկ մեղավորները Օսմանյան եւ Ռուսական կայսրություններն էին», ասում է վրաց-ադրբեջանական «Նոր մտածելակերպ» թերթի խմբագիր Նիյազ Հուսեյնովը։ «Ես շփվել եմ շարքային հայերի եւ թուրքերի հետ, նրանք ձգտում են խաղաղության։ Արդեն ինը տարի շարունակ ապրիլի 24-ին այցելում եմ Ծիծեռնակաբերդ, որտեղ զրուցում եմ ծերունիների հետ, ովքեր տարել են այդ ողբերգությունը, եւ իրենց կյանքի ահավոր օրերին, հույս ունեն վերադառնալ այնտեղ, որտեղ ապրել են իրենց նախնիները։ Նրանք նաեւ ասում էին, որ եթե Թուրքիան ճանաչի Ցեղասպանության փաստը, ապա իրենց հոգիներն անհամեմատ կխաղաղվեն», ասում է Հուսեյնովը։
Թբիլիսիում լույս տեսնող վրաց-ադրբեջանական «Նոր մտածելակերպ» թերթի խմբագրի վերը հիշատակած մեջբերումները վերցրել ենք Թբիլիսիում լույս տեսնող մեկ այլ թերթիցՙ «Նոր սերունդ»-ից, որի 5-րդ համարը լույս է տեսել մայիսին եւ գրեթե ամբողջությամբ նվիրված է Հայոց ցեղասպանությանը։
«Նոր սերունդ»-ի հրատարակիչը Վրաստանի հայկական երիտասարդական միությունն է, խմբագիրըՙ Թամարա Հովասափյանը։ Ամսաթերթը լույս է տեսնում ռուսերենով։ Թերթի երրորդ էջումՙ «Հայկական հարց» խորագրի տակ, հիշատակվում են այն երկրները, խորհրդարանները եւ միջազգային կազմակերպությունները, որոնք ճանաչել են 1915 թ. Ցեղասպանությունը։ Մեջբերումներ են արված Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդից, 1912-1915 թթ. Թուրքիայում Գերմանիայի դեսպան Հանս Վանհենհեյմից, 1913-16 թթ. Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուից, Դեյվիդ Լլոյդ Ջորջից, Ուինսթոն Չերչիլից, Ալեքսանդր Կվաշնեւսկուց, Բորիս Ելցինից։
10-րդ էջում տպագրվել է Յու. Բարսեղովի «Հինգ դար ցեղասպան պետության իշխանության տակ» հոդվածը, 11-րդ էջումՙ վրացական մամուլի արձագանքներն ենՙ նվիրված ապրիլի 24-ի տարելիցին։ Այսպես, «Մթավարի գազեթին» (թարգմանաբարՙ «Գլխավոր թերթ») ապրիլի 25-ի համարում գրում է. «1915 թ. Ցեղասպանության փաստը պաշտոնապես ճանաչել են 14 պետություններ, ԱՄՆ 31 նահանգներ։ Ուշագրավ է, որ Ջորջ Բուշ կրտսերի նախընտրական խոստումներից մեկը հենց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու խոստումն էր։ Չնայած ԱՄՆ Սենատում հայկական լոբբիի ակտիվությանը, Բուշը չի շտապում կատարել իր խոստումը»։
«Նոր սերունդ»-ի 4-րդ եւ 5-րդ էջերում զետեղված են Ցեղասպանության 88-րդ տարելիցի մասին պատմող հրապարակումներ, որոնք ապրիլի 24-ին կազմակերպվել էին Թբիլիսիում։ Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն վարդապետ Միրզախանյանն ասում է. «1915 թ. Հայոց ցեղասպանությունը մեծ ողբերգություն է մեր ժողովրդի կյանքում եւ ամեն մարդու համար, ով տեսնում է, թե ինչպես է մի ազգ ոչնչացնում մյուս ազգի պատմությունը, մշակույթը, ավանդույթները»։
Թերթի մյուս էջերում արտատպումներ են, գլխավորապես «Ազգ» օրաթերթից, ինչպես նաեւ «Արմինֆո» գործակալությունից եւ «Պանարմենիան նյուս» էլեկտրոնային թերթից։
«Նոր սերունդ»-ի առաջին էջում տպագրվել են ՀՀ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի եւ Թբիլիսիի հայերի միության ղեկավար Առնոլդ Ստեփանյանի հարցազրույցները։
«Ցավոք, վերջին 150 տարիներին առաջին անգամ Թբիլիսիի սակրեբուլոյում (քաղխորհուրդ) չի ներկայացված մայրաքաղաքի հայ համայնքից եւ ոչ մի անդամ», ասում է Ստեփանյանը։
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Թբիլիսի