«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#103, 2003-06-03 | #104, 2003-06-04 | #105, 2003-06-05


ՍԱՐԳԻՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՐԱԶԱՏ ՕՋԱԽՈՒՄ ՆՇԵՑ ԾՆՆԴՅԱՆ 30-ԱՄՅԱԿԸ

Կարճ ժամանակով Երեւանում էր Հայաստանի թենիսիստների առաջատար Սարգիս Սարգսյանը, որը հայրենի օջախ էր վերադարձել հարազատների հետ նշելու ծննդյան 30-ամյակը։ Օգտվելով առիթից, Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան թենիսի մասնագիտացված մարզադպրոցում հանդիպում էր կազմակերպել անվանի թենիսիստի հետ։ Սարգսի ճակատագրում շրջադարձային եղավ 1993 թ. հունվարը, երբ ՀՀ հավաքականի կազմում մեկնեց ԱՄՆՙ մասնակցելու տեղի համալսարանական թիմերի հետ ընկերական մրցախաղերին։ Ստացվեց այնպես, որ նա էլ իր թիմակիցների հետ մնաց ԱՄՆ-ում, սովորեց համալսարանում եւ աստիճանաբար մասնակցելով մրցումների, դարձավ պրոֆեսիոնալ թենիսիստ։

Սարգիսը գտնում է, որ թենիսում մեծ հաջողությունների հասնելու համար քրտնաջան, ամենօրյա մարզումներ են անհրաժեշտ, նաեւ պահանջվում է վճռականություն, սեփական ուժերի նկատմամբ վստահություն։ Սարգսին շատ է դուր գալիս Անդրե Աղասու խաղաոճը, նա թենիսում իր կուռքն է։ Աղասու հետ Սարգիսն առաջին անգամ ծանոթացել է 6 տարի առաջ, միասին երկու շաբաթ համատեղ մարզվել են, հետագայում 3 անգամ նրա հետ հանդես է եկել զուգախաղում։ Սարգսի կարծիքով, ամենահիշարժան հաղթանակներն ինքը տոնել է Մեդվեդեւի, Կաֆելնիկովի եւ Ֆիլիպուսիսի նկատմամբ, իսկ ամենամեծ հաջողությանը հասել է Նյուփորթումՙ շահելով մրցաշարը։ Մրցումներում Սարգիսը հանդես է գալիս «Նայք» ֆիրմայի մարզահագուստով, թեեւ գովազդային պայմանագիր չունի կնքած։ Ընդհանրապես, պրոֆեսիոնալ թենիսում միայն շատ բարձր վարկանիշ ունեցող թենիսիստներին է հաջողվում գովազդային շահավետ պայմանագրեր կնքել։ Չնայած Սարգիսը բնակվում է ԱՄՆ-ում, սակայն ազատ ժամանակն անց է կացնում Ավստրիայում։ Մարզիչն էլՙ Գյունտեր Բրեսլիկն ավստրիացի է, որը Սարգսին մարզում է շուրջ 2 տարի։

Մինչեւ ուիմբլդոնյան մրցաշարը, Սարգսյանը մասնակցելու է Գերմանիայում եւ Անգլիայում կայանալիք երկու մրցաշարի։ Ազատ ժամանակ սիրում է գոլֆ խաղալ, ճամփորդել։ Ինչ վերաբերում է անձնական կյանքին, ապա Սարգիսը խոստովանեց, որ առայժմ ընկերուհի չունի եւ մոտակա 2¬3 տարիներին ամուսնանալու մասին խոսք լինել չի կարող։ Իսկ մեծ թենիսում հույս ունի դեռեւս 4¬5 տարի էլ հանդես գալ։ Սարգիսն այսուհետ էլ ներկայացնելու է Հայաստանը, թեեւ հաջորդ տարի արդեն կարող է ամերիկյան անձնագիր ստանալ։ Ինչ վերաբերում է Հայաստան վերադառնալուն, ապա Սարգիսը դժվարացավ այդ հարցին պատասխանել։ Ժամանակը ցույց կտա։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4