«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#103, 2003-06-03 | #104, 2003-06-04 | #105, 2003-06-05


ԿՊԱՀՊԱՆԵ՞ՆՔ ՄԵՐ ԱՆՏԱՌՆԵՐԸ

Առայժմ ծառ հատողները տնկողներից շատ են...

Շրջակա միջավայրի պահպանման կարեւորության իմաստով հսկայական է անտառների նշանակությունը, քանի որ դրանք ոչ միայն հրաշալի պայմաններ են ստեղծում բնակչության առողջության համար, այլեւ երկրի ընդերքի բնական հարստությունն ենՙ չափազանց օգտակար կենսաբանական, տնտեսական եւ այլ առումներով։ Թեպետ Հայաստանը համարվում է սակավանտառ տարածաշրջան, այդուհանդերձ, մեր երկիրն իր անտառային ծածկույթով չի զիջել նույնիսկ հարեւան անտառաշատ Վրաստանին։ Անտառահատման առանձնակի միտում նկատվել է վերջին 70 տարիների ընթացքում։ Բոլորիս է հայտնի, որ անտառահատումների ամենամեծ ծավալը գրանցվեց 1992¬1995 թթ. էներգետիկ ճգնաժամի տարիներին։ Սակայն, դժբախտաբար, այդ տարիների վնասակար սովորությունից այսօր դեռ ոչ բոլորն են ձերբազատվել։ Անտառահատումները շարունակվում ենՙ պատճառելով աղետալի վնասներ ու առաջացնելով դժվար լուծելի խնդիրներ։ Նշենք դրանցից մի քանիսը. հողերի էրոզիա եւ սողանքների առաջացում, տեղանքի կլիմայի փոփոխություն, որ հանգեցնում է ջրային պաշարների կորստի, անապատացման եւ էքստրեմալ եղանակի, հողերի բերրիության անկում, բերքատվության նվազում, կենսաբազմազանության կորուստ, անտառային պաշարների կորուստ եւ այլն։ Միայն որպես վառելիք Հայաստանում տարեկան օգտագործվում է 500 000 խմ փայտ, այսինքնՙ այդ նպատակով հատվում է 4000 հա անտառ։ Հատումները հիմնականում կատարվում են կամ օրինաբարՙ թույլտվությամբ, կամ անօրինաբարՙ բիզնեսի համար, կամ էլ առանձին անհատների կողմից։ Համաշխարհային բանկի հաշվարկներովՙ հատումները շարունակվելու դեպքում 20 տարի հետո Հայաստանում առհասարակ կվերանան անտառները։

Շրջակա միջավայրի պահպանման միջազգային օրվա նախօրեինՙ երեկ, հենց այս սպառնացող վտանգն էր համախմբել «Պահպանենք մեր անտառները» միության անդամներին, որի կազմում ընդգրկված են «Հայաստանի անտառներ» հասարակական կազմակերպությունը, «Հայաստանի ծառատունկ» ծրագիրը, ԵԱՀԿ-ն, հայ կամավորների միությունը, ամերիկյան համալսարանի անտառների հետազոտման ուսումնական կենտրոնը։ Հանդիպմանը հրավիրված էին նաեւ ՀՀ բնապահպանության, էներգետիկայի, տարածքային կառավարման, կրթության ու գիտության, գյուղատնտեսության նախարարները, «Հայանտառ» ՊՓԲԸ տնօրենը, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը չէր ներկայացելՙ շուտափույթ մարզ մեկնելու պատճառաբանությա՞մբ։

Եվ այսպես միության հիմնադիր կոմիտեի անդամները նախ խոսեցին արդեն կատարած աշխատանքներիՙ մասնավորապես սոճիներն իբրեւ տոնական ծառ օգտագործելու դեմ հանդես գալու, դպրոցներում այլընտրանքային տոնածառերի մրցույթ անցկացնելու, Ծիծեռնակաբերդում ծառատունկ եւ մաքրման աշխատանքներ կազմակերպելու մասին, ապա ուրվագծեցին հեռահար նպատակներն ու խնդիրները։ Դրանք ենՙ Հայաստանում ընդլայնել առողջ անտառածածկույթի տարածքըՙ հասցնելով ընդհանուր տարածքի 25 տոկոսի, օրենսդիր մարմինների եւ քաղաքացիների հետ զարգացնել համագործակցությունը, բարձրացնել հասարակության իրազեկությունըՙ շրջակա միջավայրի պահպանման էթիկայի ուղղությամբ, մշակել անտառային նոր քաղաքականություն եւ նվազագույնի հասցնել փայտն իբրեւ վառելանյութ օգտագործելըՙ զարգացնելով այլընտրանքային էներգիայի աղբյուրների օգտագործումը։

Վերոհիշյալ հարցերը մանրակրկիտ վերլուծելու համար որոշվեց ստեղծել 5 աշխատանքային խմբեր, որոնց առաջարկությունները կդրվեն միության հետագա գործունեության հիմքում։ Սակայն դեռեւս լուծում չի գտել մեզանում ամենաէական հարցերից մեկըՙ միության պետական գրանցումը, առանց որի ինքնըստինքյան հասկանալի է, թե ինչ քաշքշուկների մեջ կհայտնվեն կոմիտեի անդամները, մինչեւ անգամ հարցականի տակ կդրվի գործունեության արդյունավետությունը։

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4