«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#103, 2003-06-03 | #104, 2003-06-04 | #105, 2003-06-05


ՎԵՐՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ ԱՃԵԼ Է ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՀՈՍՔԸ ԴԵՊԻ ՉԵԽԻԱ

Մայիսի 20¬23-ը ՀՀ արտգործնախարարության եւ կառավարությանն առընթեր Միգրացիայի ու փախստականների վարչության պաշտոնյաները Չեխիայում հանդիպել են միգրացիայի ոլորտի պատասխանատուների հետ եւ քննարկել անօրինական միգրացիային առնչվող հարցեր։ Մի շարք խնդիրներ են համաձայնեցվելՙ հիմք դառնալով երկու երկրների ռեադմիսիայի պայմանագրի ստորագրման համար։ Կառավարությանն առընթեր միգրացիայի եւ փախստականների վարչության պետ Գագիկ Եգանյանն «Ազգի» հետ զրույցում նշեց, որ Չեխիայի հետ բանակցությունները բավականին բարդ էին, առանձին հարցերի շուրջ տարաձայնություններ կային։ Այդուհանդերձ, հաջողվել է ռեադմիսիայի պայմանագիրը նախապատրաստել մեր երկրին հարմար դրույթներով։

Չեխիայի հետ միգրացիոն քաղաքականության հստակեցումն առավել արդիական է դառնումՙ հաշվի առնելով դեպի այդ երկիր (նաեւ Ավստրիա) անօրինական միգրանտների վերջին տարիներին աճած հոսքը։ Մասնավորապես, եթե մինչեւ 90-ականների կեսերն ապաստանի հայցի համար դիմում էր 150¬200 Հայաստանի քաղաքացի, 2000 թ.-ից այդ թիվն աճել է 4¬5 անգամ։ Ըստ Գագիկ Եգանյանի, երեւույթի կազմակերպված լինելն առավել ցայտուն է Չեխիայի դեպքում. կան հանցավոր խմբեր, որոնք այս կամ այն կերպ գտել են ուղի Չեխիա մուտք գործելու եւ, օգտվելով սոցիալ-տնտեսական վատթար իրավիճակից ու միգրանտի անիրազեկությունից, պատրաստ են «օգնել» Հայաստանից մեկնել ցանկացողներին։ Թե ինչ է սպասում անօրինական միգրանտին տվյալ երկրի սահմանն անցնելուց հետո, արդեն կազմակերպիչների խնդիրը չէ։ Իսկ դյուրահավատ քաղաքացին բախվում է միգրացիոն խիստ օրենքների. 2004 թ. Եվրամիության անդամ դառնալ պատրաստվող Չեխիան կիրառում է միգրացիոն նույն խիստ քաղաքականությունը, ինչ Եվրամիության երկրները։

Ռեադմիսիայի պայմանագրերի կնքումը եւ վերադարձի կազմակերպումը մեկն է այն ուղղություններից, որոնցով իրականացվում է պայքարը ոչ լեգալ միգրացիայի դեմ։ Կառավարության քաղաքականության մեջ կարեւորվում են նաեւ հասարակության տեղեկացվածությունը եւ ռեինտեգրացիայի ծրագրերը։

Մ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4