«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#103, 2003-06-03 | #104, 2003-06-04 | #105, 2003-06-05


«ԵՎՐՈՊԱ» ՀՅՈՒՐԱՆՈՑԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Վարդագույն տուֆի մեր ընկալումների քաղաքն օրըստօրե կերպարանափոխվում է, ինչ-որ տեղ նահանջում, ստվերվում։ Երեւանի երբեմնի միատարր, բայց ներդաշնակ ճարտարապետական ոճը, որ միօրինակություն էր հաճախ ստեղծում, այժմ տարաբնույթ դրսեւորումներով փոխել է քաղաքի ընդհանուր համայնապատկերը։ Նոր շինություններիցՙ հյուրանոցներից, զվարճատեղիներից, բնակելի կառույցներից մի քանիսը հարազատացել, ձուլվել են մեր պատկերացումներին կամ մնացել օտար, անհաղորդ։

Կառուցման եւ վերակառուցման այս ընդհանուր ֆոնին, դատելով հյուրանոցաշինության աշխուժությունից, կարելի է ենթադրել, թե քաղաքը զբոսաշրջության համար հետաքրքրական վայր է նկատվում։ Երեւանի կենտրոնումՙ Հանրապետության փողոցում, արդեն քանի օր փակցրած պաստառը հուշում է, որ շուտով իր դռները կբացի «Եվրոպա» հյուրանոցային համալիրը։ Անունն արդեն հետաքրքրություն է առաջացնում, արտաքին տեսքըՙ նույնպես։ Հյուրանոցային կառույցներին բնորոշ արտաքին շքեղ էֆեկտներն այստեղ բացակայում են։ Եռահարկ շենքի գունային կոմպոզիցիանՙ վերին հարկի մոխրագույն ֆոնը, ապա թույլ վարդագույնըՙ ճերմակի համադրումով եւ կրկին մոխրագույնըՙ պարզ, զուսպ ճարտարապետական լուծումներով, ինքնատիպություն են հաղորդում կառույցինՙ առաջացնելով մի քիչ անսովոր, բայց էսթետիկորեն հաճելի զգացում։

Հաշվի առնելով հյուրերի բազմաքանակությունը, ներքին հարդարմանը զուգահեռ սկսվել է նաեւ հյուրընկալումը։ «Եվրոպա» հյուրանոցի գլխավոր կառավարչի տեղակալ Մարի Զենջիրջյանը հյուրանոցի նկատմամբ առաջացած մեծ հետաքրքրությունը (նույնիսկ դրսի անցորդների) պայմանավորում է հյուրանոցի առանձնահատկություններով, ինչպես եւ կառույցի արտաքին էսթետիկայով, որի ընդհանուր բնութագրումը կարելի է հենց կարգախոսի մեջ գտնելՙ Hotel de charme, այսինքնՙ հմայք ունեցող հյուրանոց։ Իսկապես, Երեւանի համար թերեւս եզակի այս կառույցի հմայքըՙ արտաքին եւ ներքին հարդարանքի (սկսած ծաղկամաններից) ինքնատիպության մեջ է։ Ճարտարապետական ոճով տիպիկ եվրոպական հյուրանոցներին բնորոշ «Եվրոպան» ցանկալի կդառնա նաեւ իր սպասարկման բարձր մակարդակով, մատչելիությամբ եւ աշխատաոճովՙ շահեկանորեն տարբերվելով մյուսներից։

Եռահարկ հյուրանոցը (դրսից վերին հարկը պատուհանների յուրատեսակ կտրվածքի պատճառով թողնում է ձեղնահարկի տպավորություն, սակայն դրանք հյուրանոցային սովորական համարներ են) ունի 47 սենյակ. համապատասխանաբարՙ 16, 15, 16, որոնք տեղաբաշխված են մեկտեղանոց (single) եւ երկտեղանոց (double) մահճակալ սկզբունքովՙ հյուրանոցային ավելի բարձր պայմաններով, double-large համարները ունեն ավելի մեծ եւ հարմարավետ մահճակալ։ Կան 2 ավելի շքեղ կահավորումով լյուքս (junior suite) համարներ, նաեւ պրեզիդենտական (executive)ՙ ճոխ եւ ընդարձակ։ Սենյակների ներքին հարդարանքը համապատասխանում է ընդհանուր արտաքին ոճին։ Ամենուրեք իշխողը մեղմ, բաց, աչքը չհոգնեցնող երանգներն են, գրեթե ճերմակ (պատեր, վարագույրներ), համարներում կան հեռուստացույց, հեռախոս, մինի-բար, գործում են շուրջօրյա տաք եւ սառը ջրամատակարարում եւ օդափոխության կենտրոնական համակարգՙ ըստ տարվա եղանակների։ Գեղահարդարումը կապահովեն նկարները եւ խիստ ինքնատիպ ծաղկամաններում աճող բույսերը։

Հետաքրքրական է նաեւ հյուրանոցի ներքին ճարտարապետական ոճը, այստեղ նախասրահ (lobby bar) հասկացությունը շատ ավելի հարմարավետ է, բացի սպասասրահ լինելուց, այստեղ գործում է նաեւ բարը։ Նախասրահի հարեւանությամբ տեղավորված է նախաճաշի սենյակը։ Առավոտյան տրվող նախաճաշի գումարը (5 դոլար) մտնում է համարի արժեքի մեջ։ Բնականաբար, գործում են կենցաղային տարբեր ծառայություններ, ինչպես նաեւ բիզնես-կենտրոն կոչվող ծառայությունը համակարգիչով (այդ թվում նաեւՙ ձեռքի, շարժականՙ lap-top) աշխատելու հնարավորություն է ստեղծումՙ ինտերնետային կապի միջոցով նաեւ։

Ավտոմեքենաների կայանատեղիի (parking) համար հյուրանոցը ժամանակավորապես «զբաղեցրել է» դիմացի մայթինՙ RIA նախկին բանկի շենքին հարող տարածքը։

Իսկ դեռեւս չգործող մյուս ծառայությունները ժամանակի ընթացքում կհամալրվեն։ Ներքին հարկում նախատեսված է ստեղծել զվարճանքի կենտրոն, որ կարող է լինել գիշերային բար, ջազ-ակումբ։ Իհարկե, այս ամենըՙ ոչ առաջիկա ամիսներին։ Պահանջվում է ժամանակ ռեստորանային ճոխ համակարգ ստեղծելու համար նույնպես։

Շուտով հյուրանոց կտեղափոխվի «Սաբերատուր-Սեւան» գործակալությունը, որի սեփականատերերի սեփականությունն է նաեւ նորակառույց «Եվրոպան»։ Այդպիսով ենթադրելի է, որ Երեւան-Փարիզ-Երեւան չվերթի ուղեւորներն արդեն մեկ ծառայությամբ հոգան նաեւ իրենց կացարանի հարցերը եւ ամենայն հավանականությամբ տեղավորվեն նորաբաց «Եվրոպա» հյուրանոցում։ Ըստ հյուրանոցի գլխավոր կառավարչի տեղակալ Մարի Զենջիրջյանի, հյուրերի մեջ բիզնեսմենների թիվն ավելի շատ է, այսպես ասած բիզնեսմենների հյուրանոց է, որին որոշակիորեն նպաստում են նաեւ քաղաքի կենտրոնում ունեցած դիրքը, իսկ հիմնականումՙ պայմանները։

Արտաքին ճարտարապետության, ներքին հարդարման պարզ, ավելորդ պաճուճանքներից զերծ, նրբաճաշակ դիզայներական լուծումների, եվրոպական մոտեցումների, հարմարավետ եւ հանգստաբեր պայմանների շնորհիվ հյուրանոցի ղեկավարությունն առաջիկա ամիսներին ակնկալում է այցելուների առատ հոսք։

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4