Երեկ սկսված Հայաստան-Եվրամիություն համագործակցության կոմիտեի 4-րդ նիստի ավարտից հետո «Արմենիա» հյուրանոցում մամուլի ասուլիս էին հրավիրել առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը եւ ԵՄ արտաքին հարաբերությունների ընդհանուր վարչության տնօրեն Հյուգոս Մինգարելին։ Ինչպես նշեց Կարեն Ճշմարիտյանը, հայկական կողմը խնդրանք է ներկայացրել եվրոպական շուկան մեր գործարարների համար ավելի մատչելի դարձնելու հարցում։ Քննարկվել են նաեւ Հայաստանը տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն դարձնելու, Առեւտրի համաշխարհային կազմակերպության նորմերն ու պահանջներն իրականացնելու հարցերը։
Եվրամիության ներկայացուցիչը ողջունեց «այն տպավորիչ տնտեսական զարգացումը, որ Հայաստանն ունեցել է վերջին տարիներին»։ Նա կարեւորեց գործարար միջավայրի հետագա բարելավումը երկրի տնտեսական զարգացման համար, ավելացնելով, որ երկկողմ համագործակցության զարգացման համար նոր հնարավորություններ է բացում Եվրամիության հետագա ընդլայնումը։ Հյուգոս Մինգարելին վերահաստատեց Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցելու, ինչպես նաեւ ԱԷԿ-ի փակման դեպքում 100 մլն եվրո տրամադրելու Եվրամիության խոստումների իրական լինելը։ Նշվեց, որ 1992 թ.-ից մինչեւ այժմ Եվրամիության տրամադրած օգնությունը կազմում է 320 մլն եվրո։
Հայկական ԱԷԿ-ի փակման եւ դրան փոխարինող հզորություններ գտնելու թեման ավելի հանգամանորեն արծարծվեց։ Կարեն Ճշմարիտյանը տեղեկացրեց, որ Եվրամիությունը պահպանել է նշված գումարը տրամադրելու իր խոստումը։ Ավելին, այս կառույցը պատրաստվում է լրացուցիչ գումարների ներգրավման համար դոնոր երկրների համաժողով հրավիրել։
Հյուգոս Մինգարելին ավելացրեց, որ ատոմակայանի փակման դեպքում փոխարինող այլընտրանքային աղբյուրներ գտնելու նպատակով Եվրամիությունն անցկացրել է ուսումնասիրություն, որի արդյունքները հայտնի կլինեն արդեն այս ամռանը։
Հայաստանը տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն դարձնելու ծրագրին անդրադառնալով, Եվրամիության ներկայացուցիչը նշեց, որ այս ոլորտը չի զարգանա, եթե հեռահաղորդակցության վիճակը չբարելավվի։ Նա այն կարծիքը հայտնեց, թե Հայաստանի կառավարությունը եւ «Արմենտելը» պետք է կատարեն իրենց ստորագրած պայմանագրի պահանջները։
«Կարեն Ճշմարիտյանը պատգամավո՞ր է դառնալու, թե՞ նախարար է մնալու» հարցի առնչությամբ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարը հայտնեց, որ ինքն արդեն հրաժարվել է պատգամավորական մանդատից, իսկ նախարար նշանակվելու հարցը որոշվում է նախագահի հրամանագրով։
Եվրամիության ներկայացուցիչն անդրադարձավ նաեւ Հայաստանում տեղի ունեցած նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին, նշելով, որ բանակցությունների ժամանակ երկու կողմերն էլ համաձայնել են, որ տեղի են ունեցել թերություններ։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ