Երեկ Եվրախորհրդարանում քվեարկության դրվեց Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության վերաբերյալ զեկուցագիրը, որը պատրաստել է զեկուցող Արի Օստլանդերը։ Զեկուցագիրն անդրադառնում է Թուրքիայում մարդու իրավունքների ոտնահարման դեպքերին, երկրի քաղաքական կյանքին բանակի անհարկի միջամտությանը, քաղբանտարկյալներին, ինչպես նաեւ քուրդ քաղաքացիների իրավազուրկ վիճակին։
Թուրքիայի պարագայում սրանք սովորական, բայց մշտական մեղադրանքներ են, քանի որ հակասում են կոպենհագենյան կրիտերիաներին, ուստի պարտավորեցնող են դառնում նրա համար։ Հարցը, սակայն, սոսկ մեղադրանքները չեն, այլ զեկուցագրի նախնական տեքստում տեղ գտած այն դրույթը, ըստ որի «Եվրախորհրդարանը կոչ է անում անդամ երկրներին, թուրքական պետությանը եւ Թուրքիայի Ազգային մեծ ժողովին ճանաչել 1915թ. Հայոց ցեղասպանությունը»։
Թուրքական հանրային հեռուստատեսությունը հունիսի 5-ի առավոտյան, մինչ զեկուցագրի քվեարկությունը, ուղիղ եթերում մեկնաբանության խնդրանքով դիմեց ԵՄ-Թուրքիա միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, իշխող «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության պատգամավոր Այդըն Դումանօղլուին։ Նա ասաց, որ զեկուցագիրը, Թուրքիայի թերությունները մատնանշելուց զատ, քեմալիզմը դատապարտող արտահայտություններ էր պարունակում, որոնք հանձնաժողովի ջանքերով դուրս են բերվել տեքստից։ Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչին, ապա Դումանօղլուն այն համարեց զգացմունքային մոտեցում եւ ավելացրեց, որ կոչը Թուրքիային որեւէ պարտավորություն չի ենթադրում։
Այսուհանդերձ, վերջին պահին թուրքական դիվանագիտության ակտիվ միջամտության հետեւանքով Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչը հանվեց զեկուցագրից, որից հետո 216 կողմ ձայներով զեկուցագիրն ընդունվեց։ Դեմ քվեարկեց 75 պատգամավոր, իսկ ձեռնպահՙ 38։
Միայն թե, դարձյալ վերջին պահին, Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջի փոխարեն զեկուցագրում դատապարտվում է Թուրքիայի լուսավորության նախարարության վերջին նախաձեռնությունը Թուրքիայի դպրոցներում Հայոց ցեղասպանության փաստը ժխտող շարադրություններ գրելու վերաբերյալ, ինչպես նաեւ պահանջվում է Թուրքիայի ազգային փոքրամասնությունների, այդ թվում հայ համայնքի նկատմամբ լավ վերաբերմունք ցույց տալ։
«Ազգն» առաջիկայում կանդրադառնա այս հարցին։
Հ. Չ.