ՀՀՇ գրասենյակում երեկ երկար խոսվեց մայիսի 25-ի ընտրություններում բաշխված ընտրակաշառքների մասին։ Բերվեցին բազմաթիվ օրինակներ տարբեր ընտրատեղամասերից, ընթերցվեցին հատվածներ զեկուցագիր-հաշվեցույցներից։ (Տեսՙ մեր նկարը)։ Բացի ընտրակաշառք ստացածների անուն-ազգանունից, դրանցում առանձին սյունակներով հաջորդաբար ներկայացված են ստացողների ստորագրությունը, հասցեն, ստացած գումարի չափը (4000 կամ 2500 դրամ), նշում քվեարկած լինելու մասին, իսկ վերջին սյունակումՙ կուսակցության անունը, հօգուտ որի քվեարկել են։
Այդ ցուցակից, որը ներկայացնում է միայն Չարենցավանում բաժանված ընտրակաշառքները, մի շարք հետեւություններ կարելի է անել։ Առաջինՙ ամենաշատ կաշառք տրվել է հօգուտ Հայաստանի Հանրապետական կուսակցության, երկրորդ տեղը գրավում է «Օրինաց երկիր» կուսակցությունը, իսկ երրորդՙ ՀՅԴաշնակցությունը։ Երկրորդՙ ընտրակաշառքների միջոցով քվեարկողների ձայներն ապահովվել են ըստ նախապես նշյալ կուսակցությունների համար սահմանված համամասնության, այլ խոսքովՙ գործընթացը ղեկավարվել է մեկ կենտրոնից։ Իսկ երրորդ եւ ամենակարեւոր հետեւությունն այն է, որ ընտրակաշառքների համար գոյություն ունեցած պետք է լինի երեք կուսակցությունների միջեւ միացյալ դրամարկղ։