«Ավելի քան 20.000 ձայն է պակասեցվել մեզնից»
Երեկ ՀԺԱՄ-ը հայտարարեց, որ մայիսի 25-ի ԱԺ ընտրություններիՙ կուսակցության արդյունքները բողոքարկելու է Սահմանադրական դատարանում։
«42 ընտրատեղամասերում քվեաթերթիկներիՙ մեր կատարած վերահաշվարկը ցույց է տալիս, որ յուրաքանչյուրում միջին հաշվով 13 ձայն ՀԺԱՄ-ից վերցվել ու տրվել է այլ կուսակցությունների։
Եթե այս միտումը միջինացնենք 1885 ընտրատեղամասերի հաշվարկով, կստացվի, որ ՀԺԱՄ-ի ձայները նվազեցված են ավելի քան 28.000-ով», երեկ հրավիրած մամլո ասուլիսում ասաց կուսակցության ղեկավար Սեյրան Ավագյանը։
Այսուհանդերձ, Ս. Ավագյանի հավաստմամբ, ՀԺԱՄ-ը ձեռնպահ կմնա երեւույթի քաղաքական գնահատականից։
Լրագրողների հարցին, թե ինչպե՞ս է կուսակցությունը վերաբերվում այն փաստին, որ, ի թիվս այլ ուժերի, ՀԺԱՄ-ը, երկրի նախագահին սատարելով հանդերձ, մուտք չգործեց խորհրդարան, պրն Ավագյանը պատասխանեց. «Անթույլատրելի է ընտրական հանձնաժողովները կուսակցությունների ներկայացուցիչներից կազմելու երեւույթը»։ «Եթե ՍԴ-ն մերժի ՀԺԱՄ-ի ներկայացնելիք հարցը, ինչպիսի՞ն կլինի վերջինիս հետագա պահվածքը» հարցին նորաստեղծ ուժի առաջնորդը համակ արժանապատվություն դարձավՙ ասելով, որ, միեւնույն է, իրենք շարունակելու են միջին խավ ձեւավորելու իրենց գերագույն առաքելությունը։
Լ. Գ.