Խոսելով հացի գների հետագա դրսեւորման մասին
Ինչպես հայտնի է, Համաշխարհային բանկը որպես օգնություն ցրտահարությունից տուժած շրջաններին տրամադրել է 1 մլն 300 հազար դոլար, որն ուղղվելու է պարարտանյութի ձեռքբերմանը։ Քանի որ ավելի քան 1 մլն դոլարի օժանդակության համար պահանջվում է կառավարության համաձայնությունը, այդ պատճառով էլ երեկ կառավարությունը քննարկեց եւ հաստատեց այդ գումարը։ Կառավարությունը հաստատեց նաեւ պարարտանյութի ձեռքբերման համար հայտարարված մրցույթի արդյունքները։ 6 մասնակիցներից հաղթող է դարձել «Ագրոքիմիա» պետական ՓԲԸ-ն։ Այս ընկերության կողմից պարարտանյութ ձեռք բերելուց հետո այն բաժանվելու է 73 հազար շահառուներին, որոնց վնասված տարածքը կազմում է 32 հազար հա։ Յուրաքանչյուրին անվճար տրվելու է 250 կգ։ Տեղափոխման ծախսերը նույնպես պետության հաշվին են։ Տեղեկացնելով այս մասին, գյուղատնտեսության նախարար Դավիթ Զադոյանը նշեց, որ Շիրակի եւ Լոռու մարզերում բաժանվելիքը թողնվելու է տեղերում, իսկ Արարատյան դաշտի համար նախատեսվածը բերվելու է Երեւան եւ Արմավիր։
Գյուղնախարարը տեղեկացրեց նաեւ երեկ ընդունված մեկ այլ որոշման մասին։ Համաձայն դրա, կառավարության նախկին որոշման մեջ փոփոխություն է մտցվել, որը վերաբերում է կարտոֆիլի սերմացուի ներմուծման կարգի պարզեցմանը։ Եթե նախկինում 3 օրվա ընթացքում գյուղնախարարության աշխատակիցները պետք է ստուգեին եւ համոզվեին, որ ներկրվածը սերմացու է, ապա այժմ դա պետք է կատարվի մաքսատանը, նույն պահին։ Ցորենի համար նույն փոփոխությամբ 4 օրվա ստուգման ժամկետը հասցվեց 2 օրվա, ինչը պայմանավորված է այն մտահոգությամբ, որ ներկրված ցորենը կարող է ներկայացվել որպես ֆուրաժային ցորեն, որն ավելի էժան է եւ որից ավելի ցածր ավելացված արժեքի հարկ է գանձվելու։
Դավիթ Զադոյանը երեկ անդրադարձավ նաեւ ոլորտի մի քանի այլ հարցերի։ «Արդյոք ներկայիս տեղումները չե՞ն վնասի բերքին» հարցին ի պատասխան նշվեց, որ Արարատյան դաշտավայրում ամենայն հավանականությամբՙ ոչ։ Նման վտանգ գերխոնավացման պատճառով հնարավոր է Լոռու մարզում։
Խոսելով այս օրերին ամենաարծարծվող հարցիՙ հացի թանկացման մասին, գյուղնախարարը թվարկեց այն պատճառները, որոնք, նրա կարծիքով, հանգեցրին նման թանկացման։ Առաջինը հացահատիկի գների թանկացումն է Ռուսաստանում, որտեղից ներկրվում է Հայաստան։ Երկրորդը վերջին ամիսներին ներկրման ծավալների նվազումն է։ Սակայն Դավիթ Զադոյանի կարծիքով, «թանկացման բումը» կտեւի մինչեւ հուլիս, երբ մեր բերքը կլինի։ «Հացի գները կվերադառնա՞ն նախկինին» հարցին նա պատասխանեց, որ եթե ինքը զբաղվեր գուշակությամբ, ապա կաշխատեր այլ վայրում։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ