«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#104, 2003-06-04 | #105, 2003-06-05 | #106, 2003-06-06


ՄԵԾԵՐԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ

Գույների եւ երաժշտության համադրություն

Մարտիրոս Սարյան եւ Արամ Խաչատրյան։ Երկու երեւույթներ, ազգային երկու ստեղծագործողներ, մեկըՙ գույների, մյուսըՙ երաժշտության։ Նրանց փոխհարաբերությունների ու առնչությունների շուրջ կեսդարյա պատմությունը ունի հարուստ էջեր։

Մ. Սարյանի եւ Ա. Խաչատրյանի կերպարներում մարդն ու արվեստագետը շաղկապված են։ Այդ պատճառով էլ ճիշտ կլինի դիտարկել մարդ-արվեստագետների փոխհարաբերությունը։ Նրանց բարեկամությունը ներկայանում է ավագի ու կրտսերի ամենագեղեցիկ դրսեւորմամբ։ Առաջին հանդիպումից սկսած Ա. Խաչատրյանը հիացել ու խոնարհվել է Սարյանի անձի ու արվեստի առջեւ։ Նկարչի եւ կոմպոզիտորի մի քանի խմբական նկարներում ուշադրություն է գրավում փաստական մի պատկեր։ Խաչատրյանը միշտ կանգնած է Մարտիրոս Սարյանի գլխավերեւում։ Այդ լուսանկարներն իսկապես ներկայացնում են կոմպոզիտորի անհագ ձգտումը դեպի վարպետը։ Հայաստան կատարած բոլոր ուղեւորությունների ժամանակ կոմպոզիտորն իր պարտքն է համարել այցելել նկարչին, ասելովՙ հասկանում եք, կարծես տաճար եմ մտնում։

Նկարչի ընտանիքն էլ միշտ սիրով է սպասել մեծանուն կոմպոզիտորին։ Սեղանի շուրջ ծավալված ամենատարբեր զրույցների ժամանակ նրանք շոշափել են ժողովրդի, արվեստի, մշակույթի զարգացման զանազան խնդիրներ։ Նկարչի ուշադրության կենտրոնում էր կոմպոզիտորի ստեղծագործությունները։ Նրա արվեստի նկատմամբ ունեցած այդ վերաբերմունքն արձանագրված է վարպետի երեք դիմանկարներով։ Առաջին դիմանկարը ստեղծվել է 1944-ին, իսկ մյուս երկուսըՙ 1963-ին։ Մարտիրոս Սարյանի դիմանկարային գեղանկարչության մեջ, բացի ընտանիքի անդամներից, հազվագյուտ է եղել նույն բնորդիՙ մեկից ավելի պատկերումը։ 1944 թ. կատարած դիմանկարը գտնվում է Արեւելյան արվեստների թանգարանում եւ համարվում է կոմպոզիտորի լավագույն դիմանկարը։ Դիմանկարն ամբողջանում է հետեւի գորգ-կարպետի գունային համանվագով։ Մյուս երկու դիմանկարներն արված են Դիլիջանի ստեղծագործական տանը։ Մեկն անավարտ է եւ գտնվում է կոմպոզիտորի տանը, մյուսըՙ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում։ Կոմպոզիտորի երկու դիմանկարներն էլ հաստատում են անհանգիստ երաժշտի հուզումներով լի աշխարհը։

Նկարչի մոտ Արամ Խաչատրյանի երաժշտության նկատմամբ հետաքրքրությունն առաջացել է դեռեւս 1930-ական թթ.-երից։ Մ. Սարյանը կոմպոզիտորի արվեստում տեսնում է իրեն հարազատ թեմաներ, տեսակետներ, որոնք դառնում են նրանց մտերմության հիմքը։

Արամ Խաչատրյանը հարազատ դարձավ նկարչին ոչ միայն կոմպոզիտորի ստեղծագործական ներկապնակի եւ ժողովրդական երաժշտության գանձարանի հարստացման, այլեւ արվեստների նկատմամբ կոմպոզիտորի եւ նկարչի հոգեհարազատության պատճառով։ Երաժշտական արվեստի պատմության մեջ, ըստ Մ. Սարյանի, Արամ Խաչատրյանի ընդգրկումները մասշտաբային են։ Իսկական արվեստն ունի մի շատ կարեւոր պահանջ։ Դա սեփականի, անհատականի հաստատումն է։ Արամ Խաչատրյանի արվեստը ե՛ւ նորույթ է, ե՛ւ նոր ներդրում ազգային մշակույթի ոլորտում։ Այդ ներդրումը բացեց բազում նոր ճանապարհներ արվեստի խորհրդավոր աշխարհում։ Նա մնաց ազգային երաժշտության հաստատուն ուղու վրաՙ հաղորդակից դարձնելով հայրենի երաժշտությունը համաշխարհայինին։

Երբ վախճանվեց 92-ամյա նկարիչը, ցավակցական առաջին հեռագրերից մեկը ստացվեց Արամ Խաչատրյանի ընտանիքից։ Իսկ թաղման օրը Խաչատրյանն իր ողջ ընտանիքով Երեւանում էր։ Թաղման ժամանակՙ 1972-ի մայիսի 11-ին, կոմպոզիտորը դիմում է կոմպոզիտորների միության նախագահ էդ. Միրզոյանինՙ ասելով. «Էդվարդ, կարելի է, որ կողքի տեղը թողնեք ինձ համար»։ Տարիներ հետո հայ ժողովուրդը նույնպիսի արժանապատվությամբ նույն տեղում հողին հանձնեց մեծահամբավ կոմպոզիտորին։ Երկու մեծերի ստեղծագործական առնչությունները դարձան հայ մշակույթի ուշագրավ մի պատմություն։

Մարտիրոս Սարյան-Արամ Խաչատրյան արվեստագետների ստեղծագործական ինքնարտահայտման մեջ կարեւորը կենսափիլիսոփայության ընդհանրությունից է, կենսափիլիսոփայական այն տեսակը, որի հիմքում ընկած է լուսերգությունը։

«Աշխարհում ամենից շատ սիրում եմ արեւը», Մ. Սարյանի հայտնի արտահայտությունը լրացվում է Խաչատրյանիՙ սիրում եմ կյանքի լույս արտահայտությունը։ Արեւալուսերգությունը դարձավ երկու արվեստագետներիՙ նկարչի ու կոմպոզիտորի ստեղծագործության ազգային ելակետը ժողովրդի կյանքի ամենաողբերգական օրերին։

1915 թ. ողբերգությունից ցնցված եւ ստեղծագործական ճգնաժամից դուրս գալովՙ Մ. Սարյանը նկարեց ծաղիկներ, իսկ 1945 թ. Հայրենական պատերազմում զոհված զինվորների հիշատակին նվիրված կերտեց մեծակտավ նատյուրմորտներ, արեւի եւ լույսի ներքո ծնված դաշտային ծաղիկների գունային հանճարեղ գործեր, իսկ Ա. Խաչատրյանի ստեղծած «Գայանե» բալետը լույսի, հավատի, սիրո ու երջանկության խրախճանք առաջացրեց։ 1943-ին գրած Խաչատրյանի հռչակավոր երկրորդ սիմֆոնիան համազգային ողբերգության ցնցող պատկերին հաջորդեց հաղթանակի հավատը։

Սարյանին ու Խաչատրյանին միմյանց մոտեցնող կենսափիլիսոփայության հետ սերտորեն առնչվում է նրանց արվեստները ներկայացնող ազգային երեւույթը։ Երկու արվեստագետներն էլ իրենց ստեղծագործական ողջ կյանքի ընթացքում հետամուտ եղան 19-րդ եւ 20-րդ դարերի սահմանագլխին ստեղծված եվրոպական ու ռուսական առաջավոր մշակույթինՙ յուրացնելով այն ամեն առաջավորը, որ կար գեղարվեստների ակադեմիայում եւ Մոսկվայի կոնսերվատորիայում։ Նկարիչն ու կոմպոզիտորը, ընդգրկելով դրանք, ներմուծեցին հայ մշակույթի մեջ։ Իրենց թե՛ հանճարեղ ստեղծագործությամբ եւ թե՛ մտավորականի էթիկայով նրանք նոր հորիզոններ բացեցին հայ մշակույթի պատմության մեջ։ Նրանց արվեստն էլ չսահմանափակվեց զուտ իրենց բարձրարժեք երկերով, դարձավ ազգային մշակույթի զարգացման կարեւոր գործոն։ Այդ արվեստագետները վեր ելան զուտ արվեստագետ հասկացությունից եւ դարձան ազգ, ժողովուրդ խորհրդանշող երեւույթներ։

Դրամատիկական ներկայացումների եւ կինոնկարների երաժշտության

Ա. Խաչատրյանի մեկնաբանումները

Քսաներորդ դարի համաշխարհային երաժշտական արվեստի պատմության մեջ իր կայուն տեղը գրաված Ա. Խաչատրյանը բազմաթիվ սիմֆոնիկ ստեղծագործությունների, բալետների, կոնցերտների, կոնցերտային արիաների, կամերային երաժշտության, խմբերգերի, երգերի եւ ռոմանսների հետ գրել է նաեւ 28 դրամատիկական ներկայացումների եւ կինոնկարների երաժշտություն։ Սկսած 1920-ական թթ. կեսերից տաղանդավոր կոմպոզիտորը գրում է տարբեր ժանրերի ստեղծագործություններ։ Դեռեւս 1929¬32 թթ. Մոսկվայի Հայաստանի կուլտուրայի տանը կից Դրամատիկական ստուդիայի (գեղ. ղեկ.ՙ Ռուբեն Սիմոնով) ներկայացումների երաժշտական ձեւավորումները կատարում է Ա. Խաչատրյանը։ Այստեղ բեմադրվել է Գ. Սունդուկյանի «Քանդած օջախ», «Խաթաբալա», Հ. Պարոնյանի «Ատամնաբույժն արեւելյան» ներկայացումները, որոնց երաժշտության հեղինակը Ա. Խաչատրյանն էր։ 1934 թ. Գ. Սունդուկյանի անվան թատրոնը բեմադրում է կոմպոզիտորի երաժշտությամբ Շեքսպիրի «Մակբեթ» ողբերգությունը։

Դրամատիկական ներկայացումների երաժշտության մեկնաբանումները հիմնականում կապված են Մոսկվայի տարբեր թատրոնների բեմադրած ե՛ւ ռուսական, ե՛ւ եվրոպական պիեսների հետ։

1940 թ. Մոսկվայի Լենինյան կոմերիտմիության անվան թատրոնը բեմադրում է Լոպե դե Վեգայի «Վալենսյան այրին» ներկայացումը, որի երաժշտությունից հետագայում ծնվում է հայտնի սիմֆոնիկ սյուիտը։

Թատերական եւ երաժշտական արվեստի համար շատ նշանավոր է եղել 1941 թ. Մոսկվայի Եվգ. Վախթանգովի անվան թատրոնի Լերմոնտովի «Դիմակահանդես» ներկայացման երաժշտությունը, որից եւս ծնվեցին սիմֆոնիկ հրաշալի ստեղծագործություններ։

1943¬1954 թթ. Մոսկվայի Մ. Գորկու անվան գեղարվեստական թատրոնի համար գրել է հինգ ներկայացումների (Ն. Պոգոդինի «Կրեմլյան կուրանտներ», Ա. Կրոնի «Խոր հետախուզություն», Ս. Միխալկովի «Իլյա Գոլովին», Ա. Յակոբսոնի «Նեբրասկցի պահապան-հրեշտակը», Բ. Լավրենեւի «Լերմոնտով») երաժշտությունը։

Երաժշտական աշխարհում ավելի բարձր են գնահատվել Ա. Խաչատրյանի 1955 թ. Մոսկվայի Փոքր թատրոնում բեմադրված Շեքսպիրի «Մակբեթ» եւ 1958 թ. Մոսսովետի անվան թատրոնում «Լիր արքա» ներկայացումների երաժշտությունը։

Արամ Խաչատրյանը 15 կինոնկարների երաժշտության հեղինակ է։

1935 թ. Խորհրդային Միության էկրանների վրա ցուցադրվեց Գ. Սունդուկյանի «Պեպո» կինոնկարը, որը կոմպոզիտորի երաժշտության բեմելն էր կինոյում։ Պեպոյի արտասովոր երգը դառնում է կոմպոզիտորի լայն մասսայականության ավետիսը։ Կոմպոզիտորի երաժշտության շնորհիվ այդ երգն առանձնահատուկ հաջողության հասավ Անդրկովկասում։ Այն թափանցեց ժողովրդական զանգվածների ամենալայն շրջանները, փոխանցվեց շուրթից շուրթ, դարձավ ժողովրդական երգ։ Հետագայում Ա. Խաչատրյանը Հայաստանի շրջաններից մեկում ունկնդրում է նվագողներին, երգիչներին, եւ հանկարծ նույն երգը հրամցվում է ժողովրդական երգի անվան տակ։

Կինոնկարի երաժշտության մասին «Իսկուստվո կինո» ամսագրում 1955 թ. տպագրված հոդվածում հեղինակը գրում է. «Մարդիկ սիրով այդ մեղեդին ընդունել էին որպես ժողովրդական։ Կարո՞ղ էի ավելի լավ պարգեւ ստանալ իմ աշխատանքի համար»։

Պեպոյի երգը խորապես ժողովրդական է եւ ըմբռնվում է որպես ժողովրդական ստեղծագործություն։ 1937¬38թթ. նկարահանված «Զանգեզուր» պատմահեղափոխական կինոնկարի համար ռեժիսոր Համո Բեկնազարյանի խնդրանքով երաժշտությունը գրում է Ա. Խաչատրյանը, որից էլ ծնվում է «Զանգեզուրյան քայլերգը» (Արշավի քայլերգ, թիվ 5)։ 1938 թ. կոմպոզիտորը դարձավ տաջիկական առաջին «Այգի» հնչյունային ֆիլմի երաժշտության հեղինակը (ռեժիսորՙ Ն. Դոստալ), իսկ 1939 թ. գրեց Յա. Պրոտազանովի նկարահանած «Սալավաթ Յուլաեւ» պատմահեղափոխական կինոնկարի երաժշտությունը։

Կինոռեժիսորներ Լ. Բրոժովսկու եւ Մ. Ռիսկուլովի խնդրանքով 1955 թ. Ա. Խաչատրյանը կիրգիզական «Սալթանատ» գեղարվեստական կինոնկարի համար գրում է ազգային մոտիվներով երաժշտություն։

Ա. Խաչատրյանի ստեղծագործական գործունեության մեջ գնահատելի են հատկապես նրա կապերը ռուսական ֆիլմերի հետ։ Նա ռուսական տասը կինոնկարների երաժշտության հեղինակ է։ Դրանցից են ուշագրավ եւ սիրված «Մարդ թիվ 217», «Ռուսական հարց», «Գաղտնի առաքելություն», «Ծովակալ Ուշակով», «Նավերը գրոհում են ամրոցները», «Մենամարտ» կինոնկարները։ Այս շարքի ֆիլմերի գեղարվեստական գնահատմանը մեծ չափով նպաստել է կոմպոզիտորի երաժշտությունը։

Կինոարվեստի պատմության եւ Խաչատրյանի կինոերաժշտության գործունեության մեջ ամենանշանակալիցը «Օթելլո» ողբերգության (ռեժիսորՙ Ս. Յուտկեւիչ) երաժշտական մեկնաբանումն էր, որից հետագայում ծնվեցին «Դեզդեմոնայի վոկալիզը», «Նախաբանը», «Տեսարան խաղողի այգում», «Զինվորների երգը», «Վենետիկ», «Երգ ուռենու մասին», «Օթելլոյի հուսահատությունը» երաժշտական հրաշալի ստեղծագործությունները։

Ա. Խաչատրյանի արվեստը 20-րդ դարի այն գանձն է, որին ամբողջությամբ ընկալելու եւ լուսաբանելու համար դարեր են պետք։ Նրա արվեստը ճշմարտության, գեղեցիկի, մարդկության իդեալների լիակատար հաղթանակի վկան է։

Արամ Խաչատրյանի մասին նյութերը պատրաստեց ՌՈԲԵՐՏ ԴԱՎԹՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4