Մեքսիկական Հերմոսիլո քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում մրցահարթակ դուրս եկած Հայաստանի երկրորդ պատվիրակն էլ դարձավ մրցանակակիր։ Մինչեւ 77 կգ քաշային կարգում գյումրեցի Գեւորգ Դավթյանը երկամարտի 335 կգ (152,5+182,5) արդյունքով արժանացավ բրոնզե մեդալի։ Նույնպիսի արդյունք ուներ նաեւ եգիպտացի Գաբեր Ֆարհանը, սակայն նա հայ ծանրորդից անձնական քաշով ծանր էր։ Գեւորգը պոկում վարժությունը սկսեց 152,5 կգ-իցՙ հաջողությամբ հաղթահարելով այդ ծանրությունը։ Ցավոք, հաջորդ երկու մոտեցումների ժամանակ նրան չենթարկվեց 157,5 կգ-անոց ծանրաձողը, այլապես Դավթյանը պոկում վարժությունում բրոնզե փոքր մեդալի փոխարեն կարժանանար արծաթե պարգեւի։ Նշենք, որ 152,5 կգ արդյունքով արծաթե մեդալը նվաճեց չին ծանրորդ Լու Խանգլիանգը, որն ավելի թեթեւ էր Դավթյանից։ Իսկ հաղթող ճանաչվեց թուրք ծանրորդ Թաներ Սաղրը (160 կգ)։
Հրում վարժությունում էլ Դավթյանի միայն մեկ մոտեցումն էր հաջող (182,5 կգ)։ Եթե նա կարողանար բարձրացնել 187,5 կիլոգրամը, ապա այս վարժությունում 6-րդ տեղի փոխարեն կարժանանար արծաթե պարգեւի, որը բաժին հասավ Լու Խանգլիանգին։ Հաջողության դեպքում Դավթյանը նաեւ երկամարտում կարող էր արծաթե մրցանակակիր դառնալ։ Այստեղ եւս երկրորդը Լու Խանգլիանգն էրՙ 337,5 կգ (152,5+185), իսկ աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճեց թուրք Թաներ Սաղրըՙ 355 կգ (160+195)։ Վերջինս աշխարհի երկու ռեկորդ սահմանեց հրում վարժությունում (195,5 կգ) եւ երկամարտում (355 կգ)։
Մինչեւ 69 կգ քաշային ծանրորդուհիների մրցավեճում ոսկե մեդալին արժանացավ Չինաստանի ներկայացուցիչ Լայ Ցաոնՙ 245 կգ (105+140)։ Արծաթե մրցանակակիր դարձավ կոլումբիացի Անգելա Մեդինանՙ 237,5 կգ (110+127,5)։ Բրոնզը բաժին հասավ թուրք ծանրորդուհի Էսրա Ինջեինՙ 227,5 կգ (100+127,5)։