ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
Ինչպես տեղեկացրել էինք նախորդ համարում, հունիսի 5-ին Եվրախորհրդարանը հաստատեց հոլանդացի զեկուցող քրիստոնեա-դեմոկրատական Արի Օստլանդերի հեղինակած Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը վերաբերող զեկուցագիրը, վերջին պահին տեքստից հանելով 1915 թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչը, որն ուղղված էր ինչպես թուրքական պետությանն ու Թուրքիայի ազգային մեծ ժողովին, այնպես էլ Եվրախորհրդարանի անդամ երկրներին։
Հունիսի 6-ի առավոտյան թուրքական հանրային հեռուստատեսությունը վերստին գոհունակությամբ արձանագրեց Ցեղասպանության ճանաչման կոչը զեկուցագրից հանելու փաստը։ Ինչ վերաբերում է բուն տեքստին, ապա այնտեղ լուրջ քննադատության է ենթարկվում Թուրքիայի պետական ողջ համակարգը, երկրում բանակի դիրքը, քրդամետ Ժողովրդի ժողովրդավարական կուսակցությանՙ HADEP-ի արգելումը։ Միաժամանակ, մարդու իրավունքների եվրոպական չափանիշներին համապատասխան հարգումը ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության համար որպես նախապայման է առաջադրվում։
Զեկուցագիրը թուրքական իշխանություններից պահանջում է երկրում օրենսդիր եւ գործադիր իշխանությունների գործունեությունը վերահսկող Ազգային անվտանգության խորհրդի լուծարումը, որտեղ վճռական խոսքի իրավունքը պատկանում է զինվորական իշխանությունների ներկայացուցիչներին, նոր սահմանադրության ընդունումը, կրոնական ազատությունների ընդլայնումը, ինչպես նաեւ հայերի ու ազգային այլ փոքրամասնությունների նկատմամբ կիրառվող ճնշումների վերացումը։
Վերոհիշյալ քննադատությունների, պայմանների ու պահանջների դիմաց Թուրքիան էլ ԵՄ-ից պահանջում էր ահաբեկչական կազմակերպությունների շարքին դասել Քրդստանի աշխատավորական կուսակցությանՙ PKK-ի իրավաժառանգորդ Քրդստանի ազատության եւ ժողովրդավարության կոնգրեսինՙ KADEK-ին։ Այլ կերպՙ ԵՄ-ն ու Թուրքիան փոխադարձ պահանջներով փորձում են միմյանց հակակշռել։
Խոսքը քրդական հարցի մասին է։ Ըստ երեւույթին նույնը պետք է ասել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին։ Այլապես, Եվրախորհրդարանը մերժելով վերոհիշյալ զեկուցագրի ճանաչման կոչը, փոխարենը Թուրքիայից չէր պահանջի վերացնել Հայաստանի շրջափակումը, նրա առջեւ բացել երկրի սահմանները եւ երկխոսության միջոցով լուծել պատմական խնդիրները։ Ուրեմն Եվրախորհրդարանի համար Հայոց ցեղասպանության ճանաչումը քրդական հարցի պես ոչ թե նպատակ է, այլՙ միջոց։
Ամենայն հավանականությամբ, այդ միջոցը Եվրախորհրդարանի տեսանկյունից նպատակին ծառայել է, որ թուրքական հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում զեկուցագրից Հայոց ցեղասպանության ճանաչման կոչի դուրսբերումը մեկնաբանելիս հայտնի թուրք քաղաքագետ, պրոֆ. Հուսեյին Բաղջըն ասաց. «Կարիք չկա, որ Թուրքիան հակամարտության մեջ մտնի Հայաստանի հետ, առավել եւս հոխորտա նրա վրա։ Շրջափակման վերացումն ու սահմանների բացումն անխուսափելի է»։
Այս խոսքերը հիմք են տալիս ենթադրելու, որ թուրքերը ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի ճնշումներին տեղի տալու դեպքում Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումը պայմանավորելու են «Հայոց ցեղասպանությունը չհիշատակելու» պահանջով։ Ահա թե ինչու թուրք պրոֆեսորը ողջունում էր, որ Եվրախորհրդարանը պատմական խնդիրները Հայաստանի հետ երկխոսության միջոցով լուծելու պահանջ է ներկայացրել Թուրքիային։ Այդ առումով պատահական չէր նաեւ արտգործնախարար Աբդուլլահ Գյուլի «պահանջատիրությունից պաշտոնապես հրաժարվելու դեպքում Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու Թուրքիայի պատրաստակամության» հայտարարությունը։
Համենայն դեպս, անկախ պահանջներից, զեկուցագիրն Անկարայում ԵՄ-ի հետ հետագա մերձեցման հույսեր է ներշնչում։ Մանավանդ որ դրանում միանշանակ ընդգծվում է «մահմեդական պետություն լինելու հանգամանքը խոչընդոտ չէ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության համար»։ Նույնիսկ հնարավոր է համարվում անդամակցության բանակցությունները սկսել 2004 թ. վերջին։
Ինչո՞վ բացատրել ԵՄ-Թուրքիա մերձեցման հավանականությունը։ Թուրքիայի քաղաքական շրջանակները, այդ թվում քաղաքագետները, դա բացատրում են երկրում միակուսակցական կառավարության առկայությամբ, դրական ազդանշաններով, որոնք նա ազգային խնդիրների լուծման պատրաստակամությամբ հաղորդում է եվրոպական երկրներին եւ այն բանով, որ կառավարական քաղաքականությունը Թուրքիայի պետական քաղաքականության բնույթ է ստացել։ Վերջիններս մերձեցման առումով կարեւոր նշանակություն են տալիս հակաիրաքյան պատերազմում Թուրքիայի որդեգրած դիրքորոշմանը։
Քանի որ այդ դիրքորոշումը հանգեցրել էր թուրք-ամերիկյան տարաձայնությունների առաջացմանը, որոնց հետեւանքով Թուրքիան ենթարկվել էր ամերիկյան այնպիսի գործիչների հարձակումներին, ինչպիսիք են Պոլ Վոլֆովիցը, Մարկ Գրոսմանը, Ռիչարդ Փեռլը, ապա կարելի է ասել, որ տարաձայնություններն ու հարձակումները նպաստել են ԵՄ-Թուրքիա մերձեցման նախադրյալների ստեղծմանը։
Կասկածից վեր է, որ մերձեցումն էլ կնպաստի Թուրքիա-ԱՄՆ տարաձայնությունների հաղթահարմանը։ Այդ ընթացքում Թուրքիան կստանա ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ խուսանավելու նոր հնարավորություններ, ինչպես եվրոպական պահանջներից խուսափելու համար դրանց կատարման անհնարինությունը բանակի հակադրությամբ բացատրելովՙ բանակի եւ ԵՄ-ի միջեւ խուսանավում են թուրքական իշխանությունները։
Հ. Գ. ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը վերաբերող զեկուցագրում տեղ գտած Հայաստանի շրջափակումը վերացնելու, նրա առջեւ երկրի սահմանները բացելու եւ պատմական խնդիրները երկխոսության միջոցով լուծելու թուրքական իշխանություններին ներկայացված պահանջների առնչությամբ պարզաբանումներ ստանալու ակնկալիքով դիմեցինք ՀՀ ԱԳՆ-ին։ Մեզ պատասխանեցին. «ԱԳՆ խոսնակ Ձյունիկ Աղաջանյանը վատառողջ է, նախարար Վարդան Օսկանյանը դեռեւս Հայաստան չի վերադարձել, իսկ նախարարության Եվրոպայի գծով պատասխանատուն մեկնում է։ Ուստի մենք ավելի շուտ, քան երկուշաբթի, չենք կարող պարզաբանումներ տալ»։