«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#105, 2003-06-05 | #106, 2003-06-06 | #107, 2003-06-07


ԿԱՐԾԻՔՆԵՐ, ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ԱՆՑԱԾ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Անցած խորհրդարանական ընտրությունները, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հետ միասին, շարունակում են մնալ հասարակական քննարկումների, մարդկանց առօրյա խոսակցությունների առարկա։ Դրանց հետագա լուրջ ու սթափ վերլուծությունը, տրվող գնահատականների միագումարը պետք է օգնեն մեր երկրի ժողովրդավարացման մակարդակի գնահատմանը, այդ ճանապարհին առկա խնդիրների վերհանմանը։

Ինչպե՞ս եք գնահատում հանրապետությունում, մասնավորապես Շիրակի մարզում անցկացված խորհրդարանական ընտրությունները, հանրաքվեն եւ դրանց արդյունքները։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք նոր ընտրված Ազգային ժողովից։ Մեր թղթակիցն այս հարցերով դիմեց ազգային ավանդական կուսակցությունների Գյումրիում գործող կառույցների ներկայացուցիչներին։

«Թերություններով հանդերձՙ համարում ենք կայացած»

ՀՈՎՍԵՓ ՍԻՄՈՆՅԱՆ, ՀՅԴ Շիրակի մարզային կոմիտեի ներկայացուցիչ

¬ Ընտրությունները, տեղ գտած թերություններով ու բացթողումներով հանդերձ, համարում ենք կայացած։ Ինչպես երեւի յուրաքանչյուր կուսակցություն, մենք էլ ամփոփել ենք դրանց արդյունքները։ Կարծում ենքՙ մեր ստացած քվեներն ավելին կլինեին, եթե ժողովրդի ակտիվությունը մեծ լիներ։ Մինչդեռ այդպես չէր։ Ցավ էր, որ ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն ունեցան նաեւ ընտրակաշառքները։ Մեծ թվով ընտրողների մասնակցության դեպքում այդ ազդեցությունն էլ նվազագույն կլիներ։ Ըստ էությանՙ մեր ընտրողները բաժանվեցին երեք խմբիՙ

ա. անտարբերների (իրենց եւ երկրի ճակատագրի նկատմամբ),

բ. ընտրողների, որոնք օգտվեցին իրենց իրավունքից եւ կատարեցին իրենց քաղաքացիական պարտքը. դրա համար նրանց շնորհակալություն ենք հայտնում, անկախ այն բանից, թե որ կուսակցությանն են ձայն տվել,

գ. արդեն հասկանալի է, թե որ մասն էր եւ խոսքն ինչի մասին է։

Անցած ընտրարշավի ամենամեծ թերություններից մեկն այն էր, որ մասնավորապես կուսակցությունների միջեւ մրցակցությունը չկրեց ավելի շատ քաղաքական, գաղափարական բնույթ, ինչպես հարկ է որ լիներ։ Որոշ կուսակցություններ իրենց նախընտրական ծրագրերը, դրանց առավելությունները ներկայացնելու փոխարեն մատնացույց էին անում ուրիշների թերությունները։ Եվ պատահական չէր, որ եղան կուսակցություններ, որոնք հավաքեցին այնքան ձայն, որքան մեկ մեծամասնական թեկնածուն։

Մեր կառույցի աշխատանքից ընդհանուր առմամբ գոհ ենք։ Մեր կողմից ձգտել ենք նպաստել արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացմանը։ Հասկանալի էՙ հանձնաժողովներում մեր ունեցած մեկ անդամով դրա լիարժեք ապահովումը հնարավոր չէր... Մեր քարոզարշավում կարեւորել եւ միշտ փորձել ենք անդրադառնալ նաեւ սահմանադրական բարեփոխումների նախագծին։ Սակայն բնակչությունն այդ բարեփոխումներին ընդհանուր հաշվով «ոչ» ասաց երեւի ոչ թե դրանց լավ կամ վատ լինելու, այլ ընդամենը իրազեկ չլինելու պատճառով։ Որն իրոք բացթողում էր։

Ինչ վերաբերում է նորընտիր խորհրդարանին, ապա իմ կարծիքովՙ մեր ժողովուրդն այստեղ ձեւավորվելիք յուրաքանչյուր խմբից ու խմբակցությունից պետք է պահանջի ըստ նրանց ներկայացրած նախընտրական ծրագրի, այնքան, ինչքանով տվյալ կուսակցությունը ներկայացված է ԱԺ-ում։

«Այս խորհրդարանից առանձնակի ակնկալիքներ չունեմ»

ԱՐԱ ՍԱՐԳՍՅԱՆ, ՍԴ հնչակյան կուսակցության Շիրակի մարզի «Արագած» մասնաճյուղի ատենապետ

¬ ԱԺ այս ընտրությունները կարելի է համարել երրորդ փուլի ընտրություններ, որոնք բացարձակապես չտարբերվեցին նախագահականի երկու փուլերից։ Ավելին, իշխանություններն ապացուցեցին, որ իրենք եւ փողն այս տարածքում ամենազոր են։ Եվ կիրառվեց «Մեր դեմ խաղ չկա» սկզբունքը։ Ընտրություններն անցան բացահայտ կեղծիքի պայմաններում, եւ ցավ եմ ապրում, որ իրոք արժանավորները, մարդիկ, որոնք կարող էին տնօրինել մեր ժողովրդի ճակատագիրը, տեղ չունեցան խորհրդարանում։

Եթե նախորդ ընտրություններում կային վախի, ուժային լծակների օգտագործում, ապա երրորդում բանը հասավ նույնիսկ սպանության։ Հիմա ես եմ հարցնում. որքանո՞վ է նմանատիպ ընտրությունը մոտ ժողովրդավարությանը, եւ կարելի՞ է նման ընտրությունները կայացած համարել, ինչպես նշում են որոշ կուսակցություններ։ Ես լավատես մարդ եմ, բայց չեմ համարում, որ այս խորհրդարանը նախորդի համեմատությամբ առաջաքայլ կարող է անել։ Լավագույն դեպքում պիտի լինի նույնի կրկնությունը, իսկ նախորդի պտուղները դառն են եղել։ Տա Աստված, որ ես սխալված լինեմ։

Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ծրագիրը կողմ է համակարգային փոփոխությունների (մենք անձերի դեմ չենք պայքարում), եւ սա բավական էր, որ մեր կողմից չընդունվեին սահմանադրական ներկայացված փոփոխությունները։ Դրանցով, օրինակ, բուհական ուսուցումը լրիվ վճարովի էր դառնում։ Իսկ ամենակարեւորը, որ նախագիծը, դրա բովանդակությունը ժողովրդին չհասցվեց։ Մինչդեռ սա այն հարցն էր, որ պիտի խոր վերլուծություն ու քննարկում անցներ։

«Այնուամենայնիվ, լավատես լինենք»

ՆՈՐԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ՀՌԱԿ Շիրակի մարզային վարչության ատենապետ

¬ Իմ կարծիքով, սրանք ամենա «կազմակերպված» ընտրություններն էին, երբ շատ հարցեր լուծվեցին պատգամավորության թեկնածուների «կազմակերպչական» ջանքերի միջոցով։ Ընտրազանգվածի հիմնական մասն իրեն կաշկանդեց մեկ-երկու օրվա սոցիալական խնդիր լուծելովՙ ավելի քիչ մտածելով երկրի եւ ապագայի մասին։ Համենայն դեպս, այդպիսիների թիվը շատ-շատ էր։ Քչերն էին, որ ընտրություն կատարեցին իրենց համոզմունքի, ապագայի սպասելիքների հիման վրա։ Որպես այս ամենի արդյունք կարելի է ասել, որ ինչպիսին հիմնական ընտրազանգվածն էր, այնպիսին էլ ընտրված պատգամավորական կազմը եղավ։

Ինձ թվում էՙ իր մտածելակերպով, ծրագրով, ընտրությունների ընթացքում իր պահվածքով մեր կուսակցությունը եւ ընտրազանգվածի հիմնական մասն իրարից շատ հեռու ժամանակահատվածներում էին։ Եթե ՀՌԱԿ-ն այսօրվա հիմքի վրա դեպի ապագան էր ուղղել հայացքը, ապա ընտրազանգվածը միայն օրվա նեղ խնդիր էր տեսնումՙ մոռանալով վաղվա մասին ընդհանրապես։ Քարոզչական աշխատանքներն իրականացնելիս էլ ռամկավարների պահվածքն ավելի շատՙ զարգացած ժողովրդավարությամբ երկրների ընտրազանգվածի հետ աշխատանքի պահվածք էր։ Իսկ ընտրողի կողմնորոշումը երեւի այլ հարթությունում էր։

Սակայն ես հեռու եմ ամեն ինչ միայն ընտրողի վրա բարդելու մտքից, եւ պիտի մտածենք, վերլուծենք, թե ինչը մենք ինքներս չենք արել կամ բավարար չենք արել։ Մարզի բազմաթիվ ընտրատեղամասերում ՀՌԱԿ-ը քվեների շատ բարձր տոկոս է ապահովել (օրինակ, Լեռնուտումՙ 32,9 տոկոս, Այգաբացումՙ 32,5, Լանջիկումՙ 23,5, Քեթիումՙ 19,5, Մարմաշենումՙ 17,7 եւ այլն)։ Սակայն կարեւորն, իհարկե, ամբողջական արդյունքն էր... Մարզում մենք վատ օգտագործեցինք տեղական ԶԼՄ-ներով քարոզչության հնարավորությունները։ Կազմակերպչական խնդիրների առավել օպերատիվ եւ լավ լուծման համար պակաս էին տրանսպորտի, կապի միջոցները։ Գուցե քիչ էին մեր «վազող» ակտիվիստները։ Մի խոսքովՙ երեւի հարկավոր էր ավելի ակտիվ աշխատել։

Հանրաքվեն, իմ կարծիքով, մնաց ստվերում, որպես այդպիսին ըստ էության չեղավ։ Մարդիկ «այո» կամ «ոչ» ասացին պատահական որոշմամբ։

Այս ԱԺ-ից մեծ ակնկալիքներ չունեմ։ Այնուամենայնիվ, հույսը չկորցնենք եւ հավատանք, որ առաջիկայում դրական փոփոխություններ մեր երկրի համար, այնուամենայնիվ, կլինեն։ Դրա համար նախ մենք բոլորս պիտի փոխվենք։

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4