«Լինսիի» ծրագրի շրջանակներում այսօր վերականգնվում եւ բարեկարգվում են Հայաստանի մի քանի արժեքավոր պատմամշակութային հուշարձաններ։ Ծրագրի առաջին փուլում մասնակի վերականգնվում է «Զվարթնոց» տաճարը, իսկ Գառնիի հեթանոսական տաճարի շրջակայքում հիմնականում կատարվում են բարեկարգման աշխատանքներ, զուգահեռաբար վերականգնվում են անտիկ շրջանի պարիսպներն ու աշտարակները, ամբողջական տեսքի են բերվում բաղնիքը, պաշտամունքային փոքրիկ կառույցները։ Նախատեսվում է կառուցել ամուր բազրիքով դիտահարթակ, որտեղից այցելուները կվայելեն Գեղամա լեռների ստորոտում հոսող Ազատ գետի հրաշալի բնապատկերը։ Մինչեւ աշուն կավարտվի անտիկ պարիսպների վերականգնումը, որի համար կօգտագործվեն բազալտե քարեր։ Դրանք կամրացվեն ավանդական կրաշաղախով։ Կլուծվի նաեւ ջրամատակարարման խնդիրըՙ խմելու եւ ոռոգման ջրի ապահովմամբ։
Հուշարձանների պահպանության վարչության պետ Գագիկ Գյուրջյանը հայտնեց, որ առանձնակի դժվարությամբ է իրականացվում Զվարթնոց տաճարի վերականգնումը։ Քանի որ տաճարն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ¬ի համաշխարհային մշակույթի ժառանգության ցանկում, հետեւաբար պահանջվում է ամենայն ճշգրտությամբ պահպանել վերականգնման աշխատանքների համար սահմանված միջազգային նորմերը, հակառակ դեպքում չի բացառվում ցուցակից դուրս հայտնվելու վիճակը։ Ամբողջապես վերականգնվում է 7 աստիճան բարձրացող հարթակի սալահատակը, արեւմտյան շքամուտքը, ներսի քարե ամբիոնը։ Սյուների մի խորանի եւ կամարաշարերի վրա գերազանցապես տեղադրվում են հին քարերը։ Վերականգնման աշխատանքներին զուգահեռ կատարվում են ուսումնասիրություններ։ Ըստ ավանդույթի եւ պատմիչների տվյալների, տաճարի հարթակի վրա է գտնվել Ներսես կաթողիկոսի գերեզմանը։ Նա հայտնի է նաեւ Ներսես Շինարար անունով, եւ նրան է վերագրվում տաճարի կառուցման գաղափարը։ Գարեգին Բ կաթողիկոսի հետ արդեն գերեզմանը վերականգնելու համաձայնություն է ձեռք բերվել։
Այս ընթացքում ավարտվեց Զվարթնոցի թանգարանի շինարարությունըՙ ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխան։ Իսկ առաջիկա երկու ամիսներին կլուծվի ջրամատակարարման եւ գիշերային լուսավորության խնդիրը, որով էլ կեզրափակվի վերականգնման աշխատանքների առաջին փուլը։ Երկրորդ փուլում կանցկացվեն պեղումներ, կվերականգնվեն հնձանները։
«Լինսի» հիմնադրամից բացի պատմամշակութային հուշարձանների վերականգնման աշխատանքները հովանավորում են այլ հիմնադրամներ։
Այսպես, Միլանի ճարտարապետական կենտրոնի տնօրեն, մեր հայրենակցուհի Գայանե Կազնատիի ջանքերով վերականգնվում եւ ամրակայվում է V¬րդ դարում կառուցված Երերույքի վանքը։ Հավանաբար իտալացիները կօժանդակեն նաեւ Աղձքում հայտնաբերված Արշակունյաց դամբարանի վերականգնմանը։
«Ֆլորա» հիմնադրամի օգնությամբ կվերականգնվի Մանկանոց վանքը, իսկ Որոտնավանքում կկատարվեն հատակի սալապատման աշխատանքներ։
Ի դեպ, ՅՈՒՆԵՍԿՕ¬ն ցանկություն է հայտնել 100 հազար դոլար ներդնել որեւէ հուշարձանի վերականգնման համար։ Ամենայն հավանականությամբ, ՀՀ արտգործնախարարի առաջարկով կընտրվի Քասախի ձորի հարեւանությամբ 13¬րդ դարում կառուցված Աստվածընկալ եկեղեցին։
Թե որքանով շարունակական կլինեն ներդրումներըՙ կախված է մեր մասնագետների բարեխիղճ ու կարգապահ աշխատանքից։ Ժողովուրդն ասում էՙ մի պղտորիր այն աղբյուրը, որից ջուր ես խմում։
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ