Նշում է գյուղատնտեսության նախկին նախարարը
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
«Պետք է ամեն ինչ անել, որ Հայաստանը դառնա հացահատիկ արտադրող եւ գոնե հացի առումով ինքնաբավ երկիր», այս համոզմունքին է նախկին գյուղնախարար, այս ոլորտում աշխատանքի երկար տարիների փորձ ունեցող Զավեն Գեւորգյանը, որին հանդիպեցինք հացի գների թանկացման առնչությամբ նրա տեսակետներին ծանոթանալու նպատակով։
Նախկին գյուղնախարարը եւս այն կարծիքին է, որ հացահատիկի թանկացումը պայմանավորված է արտերկրում, ավելի ճիշտՙ Ռուսաստանում գների թանկացմամբ։ Վերջինիս պատճառներին նա տեղյակ չէ, թեեւ անհրաժեշտ է համարում դա ճշտելը, որպեսզի հետագայում նման խնդիրների առջեւ դարձյալ չկանգնենք։
Տեսակետներին, թե հացի թանկացումը պայմանավորված է այս ոլորտի մենաշնորհային լինելով կամ ընտրությունների ավարտով, Զավեն Գեւոգյանը համամիտ չէ եւ համարում է, որ եթե նման բան կա էլ, ապա դրա ազդեցությունն էական լինել չի կարող։ Ընդհանրապես տարվա այս ժամանակաշրջանում (հունվար-փետրվարից մինչեւ հուլիս) հացահատիկը մշտապես թանկանում է։
Պատճառն այն է, որ հին բերքն աստիճանաբար վերջանում է, իսկ պահանջարկը շարունակում է մնալ նույնը։ Իհարկե, նման շեշտակի թանկացում դեռեւս չի արձանագրվել։ Մեր զրուցակցի կարծիքով, լարվածությունը մեկ ամիս հետո կթուլանա, երբ արդեն տեղական բերքը կլինի, բայց դա այն քանակը չէ, որ էապես ազդի գների վրա եւ դրանք նույն շեշտակիությամբ վերադառնան։ Ավելինՙ հացարտադրողները հացի գներն առայժմ քիչ են բարձրացրել, այն հույսով, որ շուտով ալյուրի գները փոքր-ինչ կիջնեն։ Սակայն եթե դա տեղի չունենա, ապա հացի գները նորից կբարձրանան։
Այս խնդրի լուծումը Զավեն Գեւորգյանը, ինչպես արդեն նշեցինք, տեսնում է հացի արտադրությամբ ինքնաբավ երկիր լինելու մեջ։ «Իսկ ի՞նչ կլինի, եթե նորից հացահատիկը դրսում թանկանա կամ, Աստված մի արասցե, ճանապարհները փակվեն, եթե հանկարծ տարածաշրջանում պատերազմ լինի», հարց է տալիս նա։ Դրան պատրաստ լինելու համար հարկ է պարենային անվտանգության խնդիրը դիտարկել որպես ազգային անվտանգության անբաժանելի մաս։ Մեր երկիրն, իհարկե, ունի ռազմավարական պաշարներ, սակայն դա չի կարող սփոփանք լինել։ Անհրաժեշտ է հատուկ ծրագիր մշակել հացարտադրությունը խթանելու համար։
Նախկին գյուղնախարարն ընդգծեց, որ 2002 թ. բարձր բերքն ապահովվեց իր անձնական ջանքերով։ Որ հացահատիկի բերքը գերազանցելու է 400 հազար տոննան (եղել է 416 հազար տոննա), ինչն ավելի բարձր է խորհրդային տարիների լավագույն ցուցանիշից, ինքն այդ մասին նշել է պաշտոնանկությունից հետո տրված հարցազրույցներում։ Ինչն էլ տեղի ունեցավ իր պաշտոնավարման ժամանակ արտերկրից բերված բարձրորակ սերմացուի շնորհիվ։ Զավեն Գեւորգյանն ընդգծեց, որ խոսքը բերքատվության բարձրացման, այլ ոչ թե ցանքատարածությունների ընդլայնման մասին է։ Դա նշանակում է, որ պետք է ձգտենք 1 հա-ից ստանալ 80 ցենտներ ցորեն, ոչ թե 20 ցենտներ, ինչպես հիմա է։
Ներկայումս Հայաստանում արտադրված 400 հազար տոննա հացահատիկի մոտ 60 տոկոսն է ցորեն, ինչը հնարավորություն է տալիս ապահովելու մեր հացի պահանջարկի մոտ 40 տոկոսը։ Եթե նպատակ դնենք հասնելու 600 հազար տոննային, ապա կարող ենք ասել, որ կախվածություն ներմուծումից այլեւս չենք ունենա։ Դրա համար անհրաժեշտ է տարեկան 30 հազար տոննա լավագույն սերմացու։
Այս ամենի համար, Զավեն Գեւորգյանի համոզմամբ, պետք է ստեղծվի պետական համակարգՙ պետության ղեկավարների անմիջական ջանքերով եւ մասնակցությամբ։