«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#105, 2003-06-05 | #106, 2003-06-06 | #107, 2003-06-07


«ՀՈՒՍՈ ԱՎԱՆ» ԹԱՂԱՄԱՍՈՒՄ ՆՇՎԵՑ ԱՌԱՋԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՄՈՒՏԸ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երեւան- Աշտարակ խճուղուն հարակից տարածքում այսօր կայացավ «Հույսի ավան» թաղամասի բացման արարողությունը։ Նորակառույց 10 տներում բնակարանամուտ տոնեցին 20 ընտանիքներ։

Թաղամասի կառուցման ծրագրի առաջին փուլը հաջողությամբ ավարտելու եւ ցուցաբերած հայրենասիրության ու մարդասիրության համար Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը քաղաքապետարանի պատվոգրեր հանձնեց «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի նախագահ Պարույր Ջամբազյանին եւ փոխնախագահ Բենիամին Մարգոյին։ Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ եպիսկոպոս Կճոյանի տնօրհնեքից հետո, քաղաքապետը եւ հիմնադրամի նախագահը բնակարանների հավաստագրերը հանձնեցին դրանց տերերին։

Նշենք, որ «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի ծրագրի շրջանակներում, սոցիալապես անապահով մոտ 200 ընտանիքների համար անհատույց կառուցվելու է 200 առանձնատուն, որոնցից 65-ըՙ երկու սենյականոց 45-50 քմ ընդհանուր մակերեսով, նույնքանՙ երեք սենյականոց (65-70 քմ), 50ՙ չորս սենյականոց (80-85 քմ) եւ 20ՙ հինգ սենյականոց (100-110 քմ)։ Ծրագրի շրջանակներում թաղամասում կկառուցվեն անհրաժեշտ կոմունիկացիաներ, դպրոցՙ 158 աշակերտի համար, ուսումնարան, վարչական շենք, պոլիկլինիկա, առեւտրի կենտրոն, ժամանցի գոտիՙ խաղահրապարակներ, զբոսայգի։ Թաղամասի բնակիչներին կտրամադրվի անվճար բժշկական օգնություն, երեխաներինՙ դպրոցական պարագաներ եւ սնունդ։ Ծրագրի ընդհանուր արժեքը 10 մլն դոլար է, կառուցման տեւողությունըՙ 5-7 տարի։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4