Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Տիգրան Թորոսյանը տեղեկացրեց, որ Հայաստանում մահապատժի վերացման եւ դա հաստատող մարդու իրավունքների ու ազատությունների եվրոպական կոնվենցիայի 6-րդ արձանագրության վավերացմանՙ ԵԽ նոր վերջնաժամկետ կարող է սահմանվել այս տարեվերջը։ Այս հարցն, ըստ Տ. Թորոսյանի, ԱԺ ընտրությունների նախօրեին Երեւանում քննարկվել է ԵԽ հայաստանյան հարցերով մոնիտորինգի խմբի ներկայացուցիչների հետ։
«Հույս ունեմ, որ ԵԽ ԽՎ-ն կընդունի այս տարբերակը, քանզի նախորդ ժամկետն իրական չէր։ ԱԺ նոր ղեկավարություն պիտի ձեւավորվի, խորհրդարանն, առհասարակ, գործունեության հուն մտնի»։
Այս պահին Հայաստանի համար վերջնաժամկետ է սահմանված հունիսը։ Այլապես, եվրոպական այդ կառույցի հայտարարության համաձայն, չի բացառվում պատժամիջոցների կիրառումը մեր երկրի հանդեպ։ Իր լիազորությունները վար դնող խորհրդարանն ընդունեց նոր քրեական օրենսգիրք, որտեղ մահապատիժը սահմանված չէ որպես պատիժ, բայց նաեւ «Քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» օրենք, որը հնարավոր է համարում մահապատիժը մինչեւ նոր քրօրենսգրքի ուժի մեջ մտնելու պահը կատարված որոշ հանցագործությունների համար։ Վերջինիս առնչությամբ մեր երկրում ԵԽ գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Նատալյա Վուտովան արդեն հայտարարել է, թե Հայաստանում մահապատիժը, ԵԽ-ի գնահատմամբ, վերացված չէ, անգամ եթե վավերացվի 6-րդ արձանագրությունը։ Այս իրավիճակի լուծումը կլինի, թերեւս, երրորդ գումարման խորհրդարանի օրակարգի առաջին խնդիրներից։
Լ. Գ.