«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#105, 2003-06-05 | #106, 2003-06-06 | #107, 2003-06-07


ՏԻԳՐԱՆ ՆԱՂԴԱԼՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը հայտարարվել է ավարտված։ Ինչպես Արմենպրեսի թղթակցին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության մամլո ծառայությունում, կողմերը ներկայումս ծանոթանում են քրեական գործի նյութերին։

Տուժողի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Ռշտունին տեղեկացրեց, որ ծանոթանում է յոթ հատորանոց քրեական գործի նյութերին։

Գործով մեղադրյալ, նախկին վարչապետ Արամ Սարգսյանի եղբորՙ Արմեն Սարգսյանի պաշտպան Ռոբերտ Գրիգորյանը ծանոթացել է գործի դեռեւս 4 հատորին։ Նյութերին ծանոթանում է նաեւ մեղադրյալի մյուս պաշտպան Հովիկ Արսենյանը։ Իսկ Ա. Սարգսյանը դեռեւս չի ծանոթացել դրանց հետ։ Ռ. Գրիգորյանը չբացառեց, որ միչեւ այս ամսվա վերջ իրենք կավարտեն բոլոր հատորների ծանոթացումը, սակայն միաժամանակ դժվարացավ նշել, արդյոք միջնորդություններ կարվե՞ն նախաքննական մարմնին, թե ոչ։

Հիշեցնենք, որ նախաքննական մարմնի կողմից որպես մեղադրյալ է ներգրավված 13 անձ. Արմեն Սարգսյան, Հովհաննես Հարությունյան, Գեղամ Շահբազյան, Լյովա Հարությունյան, Ջոն Հարությունյան, Ֆելիքս Առուստամյան եւ ուրիշներ։

Տ. Նաղդալյանը սպանվել է 2002թ. դեկտեմբերի 28-ին, Երեւանի Զաքյան փողոցի թիվ 8-րդ շենքում բնակվող ծնողների բնակարանից դուրս գալու ժամանակ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4