Այս օրերին ընտրություններից դեռեւս չհոգնած մարդիկ քննարկում են երկրի ապագա կառավարության կազմը։ Ծիծաղելի կլինի մտածել, որ սովորական մահկանացուներիս խոսքը էական նշանակություն կունենա ՀՀ կառավարության կազմը ընտրելու համար, որովհետեւ նախարարական պորտֆելները բաժանվում են փակ խորհրդակցությունների, հանդիպումների եւ հավաքների ժամանակ, լինեն դրանք որեւէ ռեստորանում, մեկի առանձնատանը, թե նախագահական կամ վարչապետական կաբինետներում։ Անուններ են դրվում շրջանառության մեջ, որպեսզի տրամադրվածություններ ստուգվեն։ Եվ դրա հետեւանքը կլինի այն, որ վաղը մեզ սկուտեղի վրա կմատուցվեն նոր նախարարները։ Ու եւս որոշ տարիներ կշարունակվի մեր խաչակրությունը։
Մշակույթի ոլորտի աշխատողները կամ գոնե մշակութասեր հասարակությունը մշակույթի նոր նախարարի անունն են ուզում իմանալ կամ ուզում են հասկանալ, թե Ռոլանդ Շառոյանն այսուհետ ինչպես պիտի ղեկավարի երկրի մշակութային ոլորտը։ Որեւէ մեկի նկատմամբ չունենալով կանխատրամադրվածություն, այնուամենայնիվ ասենք, որ ի վերջո մշակույթի ոլորտը պետք է դուրս գա այն ողբալի վիճակից, որ այսօր առկա է։
Երկրի անկախության 12 տարիների ընթացքում մշակույթի ոլորտում ի՞նչ պիտի արվեր, որ չի արվել։
Մենք շատ ենք խոսում մշակութային քաղաքականության ծրագիր ունենալու անհրաժեշտության մասին։ Մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարության ներկա ղեկավարները երբեմն հայտարարել են, որ այդ ծրագրի հիմնադրույթները մշակված են։ Սակայն, հավանաբար, դա պարզապես ճշմարիտ հայտարարություն չէ, որովհետեւ գոնե հայ ժողովրդի համար գերակայող մշակույթի մասին որեւէ ծրագիր կազմելուն պետք է մասնակից լինեին բոլորը, քանզի, առանց չափազանցության, ամեն մի հայ (հայրենիքում, թե սփյուռքում) մշակույթի կրող է։ Ուրեմն, ոչ միայն մշակույթի, այլեւ երկրի ու ժողովրդի համար ռազմավարական մեծ նշանակություն ունեցող մշակույթի հարցերը պետք է քննվեն եւ ծրագիրը պետք է մշակվի աշխարհի ողջ հայության կողմից։ Գոնե ուշ, բայց մշակույթի ռազմավարության ծրագիրը պետք է մշակվի։
ՀՀ մշակույթի նախարարությունը պետք է փոխի իր այսօրվա կարգավիճակը։ Ցավոք սրտի, այսօր մենք կարող ենք նշել, որ նախարարությունը դարձել է սոսկ իշխանություններին կից ինչ-որ վարչություն, որն աշխատում է կատարել միայն իշխանավորների հրահանգները։ Իսկ մշակույթի գործիչներն այլ տիպի նախարարություն են ուզում տեսնել։ Պետք է ի վերջո հասկանանք, որ այս օղակն առաջին հերթին մշակույթի խնդիրներ լուծելու նախանձախնդիրը պետք է լիներ, շատ հաճախ պայքար մղեր բարձրաստիճան իշխանավորների հետՙ մշակույթի զարգացման գոնե տանելի դաշտ ստեղծելու համար։ Այսինքնՙ լիներ մշակույթի գործիչների դեսպանը իշխանության բարձր օղակներում։ Սակայն այսօր ուղիղ հակառակն է։
Մյուսը։ Ոչ միայն մշակույթի նախարարությանը, այլեւ որեւէ մեկին պատիվ չեն բերում Տիգրան Լեւոնյանի, Օհան Դուրյանի, Հովհաննես Չեքիջյանի, Շահեն Խաչատրյանի եւ մշակույթի մեր ուրիշ գործիչների հետ կատարված իրողությունները։ Տեսեք, լրանում է աշխարհահռչակ երգչուհի Գոհար Գասպարյանի ծննդյան 80-ամյակը, սակայն ոչ մեկը, այդ թվում նաեւ մշակույթի նախարարը գոնե չեն այցելում մեր ժամանակների լեգենդին։ Դա պատիվ կլիներ իրենց համար։ Մյուս օրինակը։ Աշխատանքից ազատվում է Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն, մշակութային դաշտում շատ լավ հայտնի Շահեն Խաչատրյանը (այժմ նա ազատվել է նաեւ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրենի պաշտոնից)։ Ինչո՞ւ, ինչի՞ համար։ Մարդն իր ողջ կյանքում հսկայական գործ է կատարել, հայ մշակույթն է ներկայացրել ողջ աշխարհին, հատ¬հատ հավաքել ու Հայաստան է բերել Այվազովսկու կտավները։ Իսկ այսօր նրան օտարում են։ Խորհրդավոր լռությամբ է այս ամենը կատարվում։
Վերջին 10-15 տարում շատ ու շատ կինոթատրոններ, ակումբներ, մշակույթի օբյեկտներ սեփականաշնորհման դանակի տակ ընկան, դարձան խաղատներ, բարեր, խանութներ։ Հասկանալի է, որ երկրի պետական բյուջեից մեկ տոկոսից էլ պակաս բաժին ունեցող մշակույթի նախարարությունը չէր կարող պահպանել այս օբյեկտները։ Այս հարցը պետք է լուծվեր մինչեւ օրսՙ պետական բյուջեից ստացվելիք միջոցների մեծացման հարցը։ Անհեթեթ է Հայաստանի նման դարավոր մշակույթ ունեցող երկրի համար այս մեկ տոկոսը։
Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա անխառն մշակույթի նախարարություն։ Համոզված ենք, որ ներկայիս նախարարությանը կցված երիտասարդության եւ սպորտի հարցերը ծանր ջրաղացքար են։ Դրանց հարցը պետք է լուծել։
Մեր մշակույթի նախարարը պետք է իր գործին, ոլորտին նվիրյալ եւ անձնազոհ մարդ լինի, ազատ ամեն մի ազգակցական, բարեկամական, ընկերական կամ կուսակցական կապանքներից։ Մի տխուր անեկդոտ է վերջերս շրջում։ Ասում են, թե հանրապետության նախագահը մի օր հարցնում է մշակույթի ներկայիս նախարարին. «Ճի՞շտ է, որ թատրոնների, նվագախմբերի, մշակույթի վարչությունների բարձր պաշտոններում քո ազգականներն ու ընկերներն են աշխատում»։ «Է, ի՞նչ անեմ, պարոն նախագահ, որ իմ բոլոր հարազատները տաղանդավոր մարդիկ են»։ Աստված տա, որ այդպես լինի, այսինքնՙ պարոն նախարարի բոլոր հարազատները տաղանդավոր լինեն եւ հայ մշակույթի, եթե ոչ զարգացման, ապա գոնե պահպանման համար գործ անեն։
Հույս ունենանք, որ ՀՀ ապագա կառավարության կազմում մշակույթի նախարարը կլինի այնպիսի մեկը, որը ճիշտ կգնահատի ստեղծված ծանր իրավիճակը եւ կաշխատի գործ անել։ Այլապես մենք վաղը ոչ միայն կզղջանք մեր անգործության, այլեւ լռության համար։
ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ