«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#106, 2003-06-06 | #107, 2003-06-07 | #108, 2003-06-10


ԱՅՍ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՌՈՒՍԱՄԵՏ ՈՒԺԵՐԸ ՊԱՐՏՎԵՑԻՆ

«Մենք կունենանք կոշտ ընդդիմության դիրքորոշում», ասում են կոմունիստները

Անկախացումից ի վեր առաջին անգամ հայոց նոր խորհրդարանն իր գործունեությունը կսկսի առանց կոմունիստների մասնակցության։ Դա բացառիկ պարագա է նախկին խորհրդային ողջ տարածքում։ Համակիրների մեծ զանգվածով, երբեւէ իշխանության վերադարձի հույսեր փայփայող կուսակցությունը ընտրություններից հետո հանդես եկավ կոշտ հայտարարությամբ, որում դատապարտում էր «խարդախության եւ կեղծարարության մեխանիզմների գործադրությունը, առաջին անգամ զանգվածային բնույթ ստացած ընտրակաշառքները, քվեների հավելագրումները»։ Նոր իրավիճակում նրանց տրամադրությունները փորձեցինք ճշտել կուսակցության կենտկոմի քարտուղար Վլադիմիր Դարբինյանից։

- Իր համեստ միջոցներով մեր կուսակցությունը չէր կարող պայքարել ընտրակաշառքների դեմ, չէր կարող մրցակցել այն քաղաքական ուժերի հետ, որոնք աղմկահարույց, մեծադղորդ հանդիպումներ էին կազմակերպում, անընդմեջ վճարովի եթերների մասնակցում։ Ընտրություններից, պառլամենտից դուրս մնալն առաջին հերթին բացատրում ենք այն իրողությամբ, որ իշխանությունների կամքով ընտրական տեղամասերում մեծ ծավալի կեղծիքներ կատարվեցին։

Քարոզարշավի ընթացքում մենք օգտագործել ենք անվճար հեռուստառադիոեթերի բոլոր հնարավորությունները, մեր թեկնածուներին ներկայացրել ենք ընտրողին «Հայաստանի կոմունիստ» եւ «Պրավդա Արմենիի» թերթերի միջոցով, հանդիպումներ ենք ունեցել հանրապետության գրեթե բոլոր մարզերում, մի խոսքով, պասսիվ չենք եղել։ Պարզապես իշխանությունները, իշխանամետ քաղաքական ուժերը, ըստ երեւույթին ինչ-որ պատվերով, փորձեցին փակել այն կուսակցությունների ճանապարհը, որոնք ռուսական դիրքորոշում ունեն։ Որպեսզի Ազգային ժողովում կատարվի այն, ինչ եղավ Ադրբեջանում եւ Վրաստանում, երբ այդ երկրների պառլամենտների որոշմամբ ռուսական բանակը հանվեց այդ տարածքներից, եւ դարպասները բացվեցին ՆԱՏՕ-ի զորքերի առաջ։ Իսկ սրանց հարվածային ուժը թուրքական բանակն է։ Ռազմավարական նպատակներով ԱՄՆ-ը բոլոր միջոցները գործադրում է եւ ամերիկամետ ուժերին շռայլորեն ֆինանսավորումՙ այս տարածքում, այսինքն ողջ Անդրկովկասում ռուսական ազդեցությունը վերացնելու համար։

¬ Դա համարենք օբյեկտիվ պատճառ, իսկ չե՞ք գտնում, որ կուսակցության աստիճանական մասնատումները լուրջ դեր խաղացին նրա վարկանիշի անկման հարցում։

¬ Չի կարելի ժխտել, որ պառակտիչները եթե հեռանում էլ են մեզնից, ապա միայն մեծ վնաս պատճառելով։ Որովհետեւ նրանց մեջ կան նաեւ ճանաչված մարդիկ, եւ դա իր ներգործությունն ունենում է։ Մեր պատմության մեջ միշտ էլ այդպիսի փորձեր եղել են, եւ կուսակցությունը գնացել է ինքնամաքրման ճանապարհով։ Ես չեմ բացառում, որ առաջիկայում էլ նման փորձեր կարող են լինել։ Միջազգային հակակոմունիզմը հիմա կուսակցությունները ներսից է մասնատում, որպեսզի մասնատվի նաեւ ընտրազանգվածը։ Բայց պառակտումներից չպետք է վախենալ։ Քաղաքական պայքար է, ուժեր ու շահեր են բախվում։ Այսօր միայն Ռուսաստանում 8 կոմունիստական կուսակցություն կա, երեքը Բելառուսում են, Ուկրաինայում էլ այս կուսակցությունը մասերի է բաժանված։

¬ Ձեր ընտրազանգվածի վարքագիծը ինչպե՞ս եք գնահատում։ Կարելի՞ է ասել, որ նա էլ ենթարկվեց ընտրակաշառքի մեխանիզմին։ Ժողովրդի հետ ձեր հետագա առնչությունները ինչպե՞ս եք պատկերացնում։

¬ Գնում են այդ քայլին մարդիկ, գնում են։ Նրանք, ովքեր չեն կարողանում ընտանիքը պահել, լույսի ու ջրի, երեխայի ուսման վարձերը վճարել։ Գուցե եւ թերթում գրելու բան չէ, բայց ես ինքս հայտնվել եմ զավեշտի հասնող իրավիճակում. դուռը ծեծեցին, բացեցի, մի երիտասարդ էր, մոտ քսան տարեկան։ Ինձ չճանաչելով, ասաց. «Կարելի՞ է ձեր անձնագիրը»։ Հարցրեցիՙ ինչո՞ւ։ Ասացՙ համարը գրեմ, հետո մի քիչ էլ դրամական միջոց կտամ։ Ներկայացավ, ասաց, որ «Օրինաց երկրից» է։

Մեր ժողովրդի վիճակն այնպիսին է, որ ստիպված լքում են երկիրը։ Հռոմի պապի հետ հանդիպման ժամանակ (հեռուստատեսությամբ լսեցի) Արա Աբրահամյանը նրան Ռուսաստան հրավիրեցՙ երկուսուկես միլիոնանոց հայկական համայնքի անունից. արդեն այդքան հայ միայն այնտեղ կա։

Մեր կուսակցությունն ազդեցության, համակիրների դաշտ ունիՙ սոցիալապես անապահով շերտը եւ հատկապես դրա ավագ սերունդը, որ ապրել է խորհրդային տարիներին։ Նրանց հետ մեր հետագա հարաբերումները կլինեն հանրահավաքների, բողոքի ցույցերի ձեւովՙ համախմբելու ուժերը եւ կրկին պայքարելու։

¬ Ինչպե՞ս եք գնահատում ԱԺ նոր կազմը։

¬ Եթե նայենք ցուցակին, մեծ մասը մեծահարուստներ են, մեծ բիզնեսի մարդիկ, ոչ թե գիտնական, պրոֆեսոր, սոցիոլոգ, իրավաբան։ Եվ նրանք ի՞նչ օրենքներ պիտի գրեն։ Անձեռնմխելիության թիկնոց են ձեռք բերում, որ կողոպտած միջոցները պաշտպանեն։

¬ Կոմունիստների հետագա ակտիվ գործողությունները որքանո՞վ եք հնարավոր համարում։

¬ Մեր գործունեության հեռանկարը մեր կառույցների հետագա ամրապնդումն է մարզերում։ Եվ պիտի անցնենք պայքարի արտապառլամենտական ձեւի։ Ավելի շատ հանդիպումներ մարդկանց հետ, շատ ավելի վճռական գործողություններ այս իշխանությունների վարած քաղաքականության դեմ։

¬ Մինչ այժմ խորհրդարանում կոմունիստների գործունեության մասին ի՞նչ կասեք։

¬ Չնայած փոքր ներկայացվածությանը, մեր հնարավորությունների սահմաններում սկզբունքային դիրքորոշում ենք ունեցել բոլոր հարցերի նկատմամբ։ Դեմ ենք եղել համատարած սեփականաշնորհմանը, զանգվածային կողոպուտի ճամփաները փակելու ելքեր ենք առաջարկել, Ռուսաստանի հետ մեր տնտեսական կապերը վերականգնելու, Ռուսաստան-Բելառուս միության մեջ մտնելու հարցեր ենք բարձրացրելՙ մեր ազգային անվտանգության շահերը նկատի առնելով։

¬ Վիրավորվածության զգացումներ ունե՞ք։

¬ Գիտեք, մեր զգացողություններն ու կարծիքները տարբեր են։ Բայց ինչպես ասում է իմաստությունըՙ պարտությունը նաեւ հաջողության սկիզբն է. որ վերլուծենք մեր գործողությունները, հետեւություններ անենք, մեծացնենք ներգործության ուժը։ Պիտի ունենանք կոշտ ընդդիմության դիրքորոշում։

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4