«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#106, 2003-06-06 | #107, 2003-06-07 | #108, 2003-06-10


ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ «ԲԱԶԱՐՆ» ԱՎԱՐՏՎՈՒՄ Է

Քաղաքական եւ կուսակցական շրջանակներում երեկ շարունակում էին աշխույժ քննարկվել Ազգային ժողովի ղեկավարության եւ կառավարության կազմի մասին տարբեր աղբյուրներից ստացվող տեղեկությունները։ Տիրող կարծիքն այն էր, որ երեկ, մինչեւ ուշ գիշեր, հիմնականում ավարտված պետք է լինեին խորհրդարանական ընտրություններից հետո սկսված բանակցություններն ու բազարները, որոնց արդյունքում այսօր կամ ամենաուշը մինչեւ վաղը գիշեր ավելի որոշակի կդառնան «մեր աշխարհի հզորների» անուններըՙ խորհրդարանում թե կառավարությունում։ Մինչ այդ, ներկա դրությամբ արդեն կարելի է ասել, որ ուրվագծված է կառավարության եւ խորհրդարանի գլխավոր դերակատարների անվանացանկը, որը ստեղծված է «ես քեզ, դու ինձ» հարաբերությունների եւ ոչ թե «ճիշտ անձը ճիշտ տեղում» սկզբունքի վրա։

Այսուհանդերձ, պաշտոնաբաշխումն իրականացնողներն ունեն մի սկզբունք բաղկացած 3 կետերից. առաջինՙ պահպանել Հանրապետական կուսակցության դիրքերը, երկրորդՙ իրականացնել «Օրինաց երկրի» ներկայիս ունեցած ամբիցիաները, երրորդՙ չնեղացնել Դաշնակցությանը։ Արդյունքում ստացվում է կառավարություն Անդրանիկ Մարգարյանի գլխավորությամբ, իսկ գործադիրում 3-ական պորտֆել ՕԵ-ին եւ ՀՅԴ-ին։ Ինչ վերաբերում է խորհրդարանին, այստեղ որոշված է ղեկավարի աթոռը հանձնել Արթուր Բաղդասարյանին եւ նրա տեղակալներ նշանակել Տիգրան Թորոսյանին (ՀՀԿ) եւ Աղվան Վարդանյանին (ՀՅԴ)։

Դեռեւս հստակ չէ ԱԺ հանձնաժողովների նախագահների շուրջ ընթացող բազարի ելքը։ Սակայն, անկասկած, այստեղ եւս վերոհիշյալ 3-կետանոց սկզբունքը կաշխատի։ ՀՀԿ-ն իրեն կվերապահի պետաիրավական հանձնաժողովի նախագահությունը (հանձին վերջին պահին հանրապետական դարձած Ռաֆիկ Պետրոսյանի) եւ մեկ ուրիշ նախագահություն, իսկ ՕԵ-ին եւ ՀՅԴ-ին կտրվեն 2-ական հանձնաժողովներ։

Այսուհանդերձ, նկատի ունենալով, որ պաշտոնների պահանջարկն ավելի մեծ է, քան պաշտոնները, բարձրագույն իշխանությունը հավանաբար ստիպված լինի դիմել պահուստային միջոցներին, այս դեպքումՙ մարզպետական ինստիտուտին, որտեղից եւս 2 աթոռ կտրվի ՀՅԴ-ին (ի դեպ, մութ ամպեր են կուտակվել Շիրակի մարզպետի գլխավերեւում), իսկ ՕԵ-ի կողմից նոր բողոքների դեպքում կբացվի կառավարական 2-րդ գզրոցըՙ փոխնախարարների սնդուկը։

Այսպիսով, մինչեւ նոր Ազգային ժողովի նոր նստաշրջանի բացումը որոշված կլինի ամեն ինչ, որպեսզի մեր նորընտիր պատգամավորներն առաջին իսկ պահից չունենան ուրիշ անելիք, քան կոճակ սեղմելը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4