«Նոյյան տապան» լրատվական գործակալության երեկ տարածած հաղորդագրությունը տեղեկացնում է, որ հունիսի 5¬6-ը Ստամբուլում տեղի է ունեցել «Հայ-թուրք հաշտեցման հանձնաժողովի» հերթական նիստը, որի ընթացքում, նիստին Երեւանից մասնակից դիվանագետ Դավիթ Հովհաննիսյանի ասելով, «լավ մթնոլորտ է» տիրել։ Հայկական կողմը պահանջ է դրել դադարացնելու Թուրքիայի դպրոցներում Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը։ Նիստում քննարկվել են երկու երկրների հասարակայնության ներկայացուցիչների շփումների ակտիվացման վերաբերյալ հարցեր, որոշվել է հանձնաժողովի համակարգչային կայք (վեբսայթ) բացել երկկողմ հարաբերությունների շուրջ կարծիքներ ու տեսակետներ ընդունելու համար։
Դ. Հովհաննիսյանը «Նոյյան տապանի» թղթակցին տեղեկացրել է, որ թուրքական կողմի անդամներից 3-ը փոխարինվել էին նորերով, իսկ հայկական կողմի 4 անդամների կողքին մասնակցում էր թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը, որը չի հանդիսանում հանձնաժողովի անդամ։