«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#106, 2003-06-06 | #107, 2003-06-07 | #108, 2003-06-10


ՕՍԿԱՆՅԱՆ-ԳՅՈՒԼ ՀԱՆԴԻՊՄԱՆ «ՀՅՈՒՐԻԵԹԻ» ՈՐՈՇ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

Հունիսի 3-ին Մադրիդում ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի եւ նրա թուրք գործընկերոջՙ Աբդուլլահ Գյուլի հանդիպման որոշ մեկնաբանություններ, որոնք տեղ են գտել թուրքական «Հյուրիեթ» օրաթերթում, չեն համապատասխանում իրականությանը։

Այդ մասին «Ազգին» ասաց ՀՀ արտգործնախարարության նախկին մի պաշտոնյա։ Դիվանագետը, որը չցանկացավ իր անվան նշումը թերթում, պարզապես անհավանական համարեց երկու պետությունների արտգործնախարարների առաջին իսկ հանդիպման ընթացքում ձեռք բերած առաջընթացը, ինչի մասին վկայում է «Հյուրիեթը»։

Մասնավորապես թուրքական թերթը նշել էր, թե Օսկանյանը եւ Գյուլը հատկապես միակարծիք են եղել Ադրբեջանին եւս այս նոր գործընթացի մեջ ներառելու առնչությամբ։

Հայաստանի ե՛ւ նախկին, ե՛ւ ներկա իշխանությունները բազմիցս նշել են, որ հայ-թուրքական հարաբերությունները չպետք է պայմանավորվեն երրորդ պետության քմահաճույքներով, ասաց նախկին պաշտոնյան։

Ինչ վերաբերում է «Հյուրիեթի» մյուս պնդմանը, թե Օսկանյան-Գյուլ հանդիպմանը քննարկվել է հայ-թուրքական սահմանային առեւտրի հարցը, ապա սա եւս քիչ հավանական է թվում, քանզի մեկ հանդիպման ընթացքում անիմաստ է պատկերացնել նման առաջընթաց հայ-թուրքական զգայացունց հարաբերություններում։

Երեկ արտգործնախարար Օսկանյանը հայ-բելառուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 10-ամյակի առիթով տեղի ունեցած միջոցառման ավարտին լրագրողներին ասել է. «Այդ կապակցությամբ ես որեւէ բան չեմ ուզում ասել։ Սա թուրքական թերթի մեկնաբանությունն է։ Ուղղակի կարող եմ այնքանն ասել, որ (Գյուլի հետ) հանդիպումը դրական էր եւ շարունակություն կունենա, եւ ես համոզված եմ, որ որոշ ժամանակ անց նաեւ դրական, գործնական արդյունքներ մենք արդեն ձեռք կբերենք»։

Չպետք է բացառել, որ «Հյուրիեթն» իր ապատեղեկատվությամբ փորձում է ճշտել ՀՀ ԱԳՆ արձագանքը։ ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը, ինչպես տեսնում ենք, զերծ է մնում մեկնաբանությունից, այն համարելով թուրքական թերթի կարծիք։

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4